Jump to content

Չուչուկ Ստանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չուչուկ Ստանա
Ծնվել է1795[1]
ԾննդավայրSikole, Silistra Eyalet, Օսմանյան կայսրություն
Մահացել է1849[1]
Մահվան վայրԱթենք, Հունաստանի թագավորություն
Մասնագիտությունհեղափոխական
ԱմուսինՎելկո Պետրովիչ և Giorgakis Olympios?

Չուչուկ Ստանա (սերբ.՝ Чучук Стана, 1795[1], Sikole, Silistra Eyalet, Օսմանյան կայսրություն - 1849[1], Աթենք, Հունաստանի թագավորություն), սերբ կին հայդուկ, սերբական էպիկական ազգային պոեզիայի հերոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1795 թվականին Սերբիայի Նեգոտին քաղաքից ոչ հեռու գտնվող Սիկոլե գյուղում, Հերցեգովինայից արտագաղթածների ընտանիքում։ Ունեցել է երկու քույր՝ Ստոյնան ու Ստամենան և մեկ եղբայր՝ Միխայլոն։ Բոլոր երեխաները մանկության տարիներին կրել են տղայի հագուստ։ «Չուչուկ» (թուրքերեն küçük − փոքրիկ) մականունը Ստանան ստացել է իր ոչ բարձր հասակի պատճառով։ Նա ավարտել է դպրոցը սերբական Բելա Ցրկվա քաղաքում։

1812 թվականին հանդիպել է հայդուկ Վելկո Պետրովիչին՝ Սերբական առաջին ապստամբության նախաձեռնողներից մեկին, և սկսել է ապրել նրա հետ, չնայած այդ ժամանակ Վելկոն ունեցել է այլ կին, որից չի կարողացել բաժանվել առանց եկեղեցու թույլտվության։ Ստանան հրացանը ձեռքին կռվել է ամուսնու հետ միասին, վիրավորվել։ 1813 թվականին Վելկո Պետրովիչն սպանվել է, և Ստանան մեկնել է ապրելու սերբական Պանչևո քաղաքում։

Հետագայում Ստանան ամուսնացել է հույն ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ, հերոս հեղափոխական և հունական հեղափոխության մասնակից Գեորգակիս Օլիմպիոսի հետ, որի հետ տեղափոխվել է Վալախիա, ապա՝ Բուխարեստ։ Գեորգակիսը զոհվել է Սեկկու վանքի կռվում։ Այդ ժամանակ Ստանան հղի էր և արդեն ուներ երկու երեխա Գեորգակիսից՝ Միլանն ու Ալեքսանդրը։ Դուստրը՝ Եֆրոսինյան, ծնվել է հոր մահվանից հետո։ Երեխաների անվտանգության համար Ստանան նրանց հետ տեղափոխվել է Ռուսական կայսրություն՝ Խոտին քաղաք, որտեղ թաքնվում էին սերբական հեղափոխության բազմաթիվ մասնակիցներ։

Հունաստանի ազատագրումից հետո Չուչուկ Ստանան երեխաների հետ տեղափոխվել է Աթենք, որտեղ ստացել է ոչ մեծ պետական թոշակ որպես Հունաստանի հերոս Գեորգակիս Օլիմպիոսի այրի։

Չուչուկ Ստանան մահացել է 1849 թվականին (այլ տվյալներով՝ 1850 թվականին), գերեզմանը չի պահպանվել։

  • 1907 թվականին գրվել է երաժշտական պիես Չուչուկ Ստանայի կյանքի մասին, որի երաժշտության հեղինակը սերբ կոմպոզիտոր Խրիստիչ Ստեվանն է։
  • 1972 թվականին այդ պիեսի հիման վրա նկարահանվել է «Չուչուկ Ստանա» գեղարվեստական ֆիլմը, որում Ստանայի դերը կատարել է սերբ դերասանուհի Սվետլանա Բոյկովիչը[2]։
  • Չուչուկ Ստանայի մասին պատմող «Čučuk Stana, 1795-1849 - žena Hajduk Veljka i grčkog narodnog heroja Georgakisa Olimpiosa» գիրքը, որ հեղինակել է Դուշիցա Ստոյկովիչը (Dušica Popović Stojković), հրատարակվել է 1981 թվականին[3][4]։
  • 2017 թվականին Սլոբոդան Ստանիևիչը (Slobodan Stanisic) հրատարակել է Չուչուկ Ստանայի մասին «Čučuk Stana devojka sa sto megdana» գիրքը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]