Չիչիլակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրաստի Չիչիլակի շուկայում
Չիչիլակի

Չիչիլակի (վրաց.՝ ჩიჩილაკი), ամանորյա ավանդական խորհրդանիշ և զարդարանք Վրաստանում։ Իսկական չիչիլակին պատրաստվում է կաղնու ուղիղ ճյուղից, որը մի ծայրից սկսած հաջորդաբար հղկում են՝ թողնելով մյուս ծայրից կառչած բարակ տաշեղներ։ Արդյունքում ստացվում է շքեղ տաշեղային պսակ ունեցող գավազան, որը հենց չիչիլակին է։ Սովորաբար զարդարանքի բարձրությունը 50-70 սանտիմետր է, այն դնում են տոնական սեղանի վրա քաղցրավենիքների` չուրչխելայի (սուջուխ), կոզինախի, չորամրգերի ափսեների կողքին[1]։ Քաղցրավենիքները կախում են նաև հենց չիչիլակիի վրա։ Երբեմն նաև չիչիլակիի վերևի հատվածում փոս են անում, որի մեջ թավշե տերևներ և պտուղներ են դնում։ Տոնական օրերի ավարտին փոքրիկ ծառը, ավանդույթի համաձայն, այրում են, իսկ մոխիրը քամուն են տալիս։ Դրանով տներից պետք է հեռանան անցնող տարվա անհաջողություններն ու վշտերը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդությունը չիչիլակին կապում է Վրաստանի արևմուտքի` Գուրիի շրջանի հետ[3]։ Մասնագետները նշում են նրա նախաքրիստոնեական հնությունը, որը կապում են Հին աշխարհի պաշտամունքային շատ մշակույթների, մասնավորապես կյանքն ու պտղաբերությունը խորհրդանշող, ազդեցությունը կրելու հետ։ Քրիստոնեության ընդունման հետ տեղի ունեցավ բազմաթիվ հեթանոսական նախկին ծեսերի վերաիմաստավորում։ Այդ թվում, չիչիլակիի վերին մասում այժմ երբեմն խաչ են տեղադրում, իսկ ինքը՝ զարդարանքը փորձում են նմանեցնել սուրբ Վասիլիի մորուքին։ Վրաստանում հանրաճանաչ այս տոնը եկեղեցիական օրացույցով համընկնում է հունվարի 1-ին, այլ երկրներում հաճախ հանդես է գալիս որպես սրբազան Նիկոլայի նմանօրինակը։ Իրենք՝ գուրիացիները, չիչիլակին տանն են պահում մինչև հունվարի 19-ը, իսկ հետո տեղափոխում են գինու մառանը, որպեսզի ամանորյա այդ փոքրիկ ծառին գինով հաճոյանան։ Ծառի սովորական բարձրությունը չի գերազանցում մեկ մետրը, որպեսզի կարողանան այն հարմար տեղավորեն սեղանի վրա։ 2012 թվականի նախաշեմին Գուրիի բնակիչներից մեկը չորս մետրանոց չիչիլակի էր պատրաստել։ Ռեկորդային բարձրությամբ զարդարանքը վաճառվեց Թբիլիսիի շուկայում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Нино Браилашвили. Asetʻi maxsovs Sakʻartʻvelo: etʻnograpʻiuli čʻanaxatebi. — Tbilisi: Xelovneba, 1990. — P. 265. — ISBN 5895150187
  2. Кама Рзаева. (2012 թ․ դեկտեմբերի 28). «Праздник в дом грузина приходит с чичилаки» (ռուսերեն). Грузия сегодня. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. «Жители Грузии наряжают к Новому году чичилаки» (ռուսերեն). МИР24. 2010 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
  4. «Грузинский чичилаки установил рекорд» (ռուսերեն). Грузия Online. 2012 թ․ հունվարի 3. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.