Jump to content

Ուռուցքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուռուցքներ
ՀՄԴ-9140 և 239
ՀՄԴ-10D48 և C00
 Tumors Վիքիպահեստում

Ուռուցքներ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

Պատճառական գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ուռուցքների զարգացման հարցում կարող են գերակշռել առանձին պատճառական գործոններ։ Այսպես, մաշկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, թոքերի և ըմպանի քաղցկեղին՝ ուռուցքածին նյութերը, աղտոտված մթնոլորտային օդի մշտական շնչումը, միզապարկի քաղցկեղին՝ ուռուցքածին ցիկլիկ ամինները, իսկ այլ դեպքերում՝ օրգանիզմի ներքին ուռուցքածին գործոնները՝ տրիպաոֆանի կամ թիրոզինի ածանցյալները։ Ուռուցքածին նյութերի ազդեցությանը կարող են նպաստել նյութափոխանակության, ինչպես նաև ֆերմենտային համակարգի խանգարումները, միզակապությունը ևն։ Արգանդի, կրծքագեղձի, շականակագեղձի, վահանագեղձի, հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքի առաջացման համար մեծ է հորմոնային տեղաշարժերի դերը։ Ուռուցքածին գործոններն ազդում են բջիջների այն մակրոմոլեկուլների վրա, որոնցով պայմանավորված է սպիտակուցի կենսասինթեզը, հետևապես բջիջների աճը, տեսակավորումը, բազմացումը և վարքագիծը։

Ուռուցքային բջիջներն իրենց կաոուցվածքով, տեղակայմամբ և փոխհարաբերակցությամբ զգալիորեն տարբերվում են մայր հյուսվածքի բջիջներից։ Ուռուցքների աճը և բազմացումը պայմանավորված է նրանց բջիջների ակտիվ կիսմամբ։ Փորձառական ճանապարհով լիովին հնարավոր է ուռուցքային բջիջները տեղափոխել մի օրգանիզմից մյուսը և ստանալ նոր ուռուցք, ինչպես նաև մեկուսացնել այդ բջիջները, աճեցնել և երկար ժամանակ պահպանել որպես բջջային կուլտուրա։ Ուռուցքի աճին զուգընթաց ուռուցքային բջիջներից գոյացած նոր բջիջները կարող են ձեռք բերել նոր հատկանիշներ և տարբերվել ուռուցքային մայր բջիջներից։

Ի տարբերություն մյուս պաթոլոգիական պրոցեսների ուռուցքները գրականության մեջ ի հայտ են գալիս բազմակի և բազմանշանակ անուններով։ Հաճախակի օգտագործվում է՝

  • carcinoma- քաղցկեղ
  • cancer- էպիթելյար հյուսվածքի չարորակ ուռուցք
  • sarcoma - շարակցական հյուսվածքի ուռուցք
  • malignus - օգտագործվում է պրոցեսի չարորակությունը շեշտելու նպատակով
  • benignus - օգտագործվում է պրոցեսի բարորակությունը շեշտելու նպատակով։

Նկարագրված են ուռուցքների շուրջ 500 տեսակ, որոնց դասակարգման հիմքը նրանց հյուսվածքային պատկանելությունն է։ Վերջին ժամանակներս օգտագործում են տերմիններ հյուսվածքի անվանն ավելացնելով «oma» ածանցը.

  • միոմա - մկանային
  • օստեոմա - ոսկրային
  • ադենոմա - գեղձային։

Ելնելով հյուսվածքային պատկանելությունից՝ տարբերում են էպիթելային, շարակցահյուսվածքային, մկանային և նյարդային ծագում ունեցող բարորակ և չարորակ ուռուցքներ։ էպիթելային ծագում ունեցող բարորակ ուռուցքներն անվանում են պապիլոմա, ադենոմա, պոլիպ և այլն, իսկ չարորակ բնույթի ուռուցքներն ամփոփվում են քաղցկեղ ընդհանուր հասկացության մեջ։ Շարակցահյուսվածքային չարորակ ուռուցքները համախմբվում են սարկոմա հասկացությունում, որին ավելացվում է նաև կոնկրետ տեսակը։ Ուռուցքներն ախտորոշվում են ռենտգենաբանական, էնդոսկոպիական, ռադիոիզոտոպային, լաբորատոր ևն հետազոտություններով։ Ուռուցքների բուժման հիմնական մեթոդը վիրաբուժականն է, որը համարյա մշտապես լրացվում է ճառագայթային, դեղորայքային, հորմոնային և իմունաբանական եղանակներով։

Հաճախակի օգտագործվում են նաև՝

  • tumor - ուռուցք
  • neoplasma - plasis_ ձևակերպում
  • oncos - ուռուցք (այստեղից էլ օնկոլոգիա տերմինը)։

Ուռուցքներն ըստ աճի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռուցքների աճը լինում է էքսպանսիվ և ինֆիլտրատիվ։

Էքսպանսիվ աճի ժամանակ ուռուցքային բջիջները սահմանափակված են և մետաստազներ չեն հարուցում։ Բարորակ ուռուցքներին բնորոշ է էքսպանսիվ աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն ետ են զարգանում հարևան հյուսվածքները։ Բարորակ ուռուցքները ունենում են պատիճ։ Բարորակ ուռուցքները դիտվում են որպես տեղային հիվանդություններ, սակայն այստեղ մեծ նշանակություն ունի տեղակայումը։ Օրինակ, եթե ուռուցքը գտնվի ուղեղում և լինելով բարորակ ճնշի որևէ կարևոր կենտրոն, ապա դա կարող է բերել նույնիսկ մահվան։ Ուռուցքների առաջացման պատճառը 90%-ով արտաքին աշխարհի վնասակար գործոններն են, իսկ 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները։

Ինֆիլտրատիվ աճ նկատվում է չարորակ ուռուցքներում։ Չարորակ ուռուցքները ներաճում են հարևան հյուսվածքների մեջ և քայքայում։ Դրանց բնորոշ է մետաստազավորման հատկանիշը, որով և տարբերվում են բարորակ նորագոյացություններից։ Գոյություն ունեն նաև այսպես կոչված տեղային կազմափոխական աճով բնորոշվող ուռուցքներ, որոնք ունեն ինֆիլտրացնող ներաճող հատկություն՝ առանց մետաստազավորման։ Չարորակ ուռուցքները տարածված հիվանդություններ են են և հաճախ բերում են մահվան։ Տնտեսապես զարգացած երկրներում ընդհանուր մահացության պատճառների մեջ ուռուցքները գրավում են 2-րդ տեղը, զիջելով սիրտանոթային համակարգի հիվանդություններին։ Ուռուցքներով տարեկան հիվանդանում է մոտ 6,3 միլիոն մարդ, որոնցից մահանում է 4,3 միլիոնը։ Մահացությունը հիմնականում բարձր է թոքի, կրծքագեղձի և վերջնաղու քաղցկեղից։

Բնականոն և ուռուցքային բջիջների տարբերությունը պայմանավորված է գենոմների փոփոխություններով, որոնք լինում են 3 տեսակի՝

  1. Ուռուցքածին վիրուսի և բջջի գենոմների ինտեգրացիա, որի հետևանքով վիրուսի ազդեցության ներքո առաջանում է բջջի ուռուցքային ձևափոխում,
  2. բջջային գենոմի մուտացիա,
  3. էպիգենոմային փոփոխություններ՝ սաղմնային զարգացման շրջանում բջիջների տեսակավորմանը ուղեկցող ժառանգական հատկանիշների կայուն փոփոխություններ։

Սակայն ապացուցված չէ, որ ուռուցքային և բնականոն բջիջների ժառանգական տարբերությունները հանգում են միայն էպիգենոմային փոփոխությունների։ Նույն ուռուցքի զարգացման տարբեր փուլերի ընթացքում ժառանգական տարատեսակի փոփոխությունների դերը տարբեր է։ Ուռուցքային բջիջների բազմացման կարգավորումը խիստ փոփոխվում է, քանի որ վերանում է միկրոմիջավայրի կանոնավորող գործոնների ազդեցությունը բջիջների բազմացման արագության վրա։ Ուռուցքի աճի արագությունը պայմանավորված է նրա հյուսվածքի կինետիկ բնութագրով՝ բջիջների միտոտիկ ցիկլի տևողությամբ, աճման ֆրակցիայի չափերով և բջիջների մահվան արագությամբ։ Ուռուցքային հյուսվածքի աճի արագությունը պայմանավորող կինետիկ ցուցանիշներից յուրաքանչյուրի փոփոխությունն առաջ է բերում ուռուցքի աճման արագության փոփոխություն։ Օրինակ, ուռուցքի աճի դանդաղեցումը կարող է պայմանավորված լինել ինչպես միտոտիկ ցիկլի երկարատևությամբ, այնպես էլ աճման ֆրակցիայի փոքրացմամբ և բջիջների մահվան գործոնի մեծացմամբ։

Ուռուցքները տարածված են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների ու բույսերի մոտ։

Ուռուցքների հետազոտության հարցերով զբաղվում է ուռուցքաբանությունը։

Չարորակ ուռուցքների էքսպերիմենտալ ուսումնասիրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսպերիմենտներում չարորակ ուռուցքների վերարտադրման նպատակով օգտագործում են ինդուկցիայի, էքսպլանտացիայի և տրանսպլանտացիայի մեթոդները։

Ինդուկցիոն մեթոդի էությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարորակ ուռուցքների վերարտադրման ամենատարածված մեթոդը ինդուկցիոն մեթոդն է։ Դա կատարվում է զանազան քիմիական միացություների, ֆիզիկական ազդակների, վիրուսների ազդեցության միջոցով։

Քիմիական նյութերով ուռուցքների ինդուկցիան առաջին անգամ իրագործել են ճապոնացի գիտնականներ Իշիկավան և Յամագիվան (1915 թվականին)։ Նրանք 6 ամիս շարունակ ճագարի մաշկը շփել են ածխի ձյութով և ստացել են մաշկի չարորակ ուռուցք։

Հետագայում չարորակ ուռուցքների էթիոլոգիայում ի հայտ եկավ վիրուսային տեսությունը, որին նախորդել են շատ փորձեր։ Ռաուսը առողջ հավին ներարկել է հավի սարկոմայի բջիջներ և առողջ հավի մոտ ի հայտ է եկել սարկոմա։ Կաթի ֆակտորը բացահայտել է Բիտները։ Այսպես առաջ քաշվեց վիրուսայն տեսությունը։ Եվ վերջապես ուռուցքի ինդուկցիան հնարավոր է ֆիզիկական ազդակների միջոցով։ Դրանցից են իոնիզացնող, ռենտգենային, ռադեոակտիվ իզոտոպների ինչպես նաև իոնիզացնող ճառագայթները։

Էքսպլանտացիայի մեթոդի էությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսպլանտացիայի մեթոդի էությունն այն է, որ ուռուցքը աճեցվում է օրգանիզմից դուրս։ Վերցվում է ուռուցքը և օրգանիզմից դուրս, հյուսվածքի մեջ ֆիզիկական, քիմիական ազդակներով աճեցվում է։ Սա արժեքավոր է որովհետև ուռուցքն աճեցվում է մարդկային հյուսվածքում։

Տրանսպլանտացիայի մեթոդի էությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տրանսպլանտացիայի ենթարկվող տարբեր շտամներ։ Ուռուցքների հալոգեն տրանսպլանտացիան, այսինքն ուռուցքների տեղափոխումը նույն կենդանիներից ոչ ինբրենտային կենդանիներին, երբ առանց իմունոդեպրեսիայի տրանսպլանտացիան չի ստացվում։ Եթե ներարկում են ուռուցքային բջիջներ, դրանով իսկ իմուն համակարգը ընկճվում է, ուժեղանում է ուռուցքի աճը։ Իսկ եթե ներարկում ենք ուռուցքային բջիջների ավելի փոքր քանակ, ապա դա կբերի իմունիզացիայի և ուռուցքային տրանսպլանտացիայի մերժման։ Ուռուցքի հաջող տրանսպլանտացիայի վրա ազդում են ինչպես էկզոգեն այնպես էլ օրգանիզմի էնդոգեն միջավայրի փոփոխությունները։

Ուռուցքի էթիոլոգիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից բժշկության և մասնավորապես ուռուցքաբանության ամենահրատապ խնդիրներից է չարորակ ուռուցքների բուժման հարցը, որը սերտորեն կապված է նրա հետ, թե ինչից է առաջացել տվյալ հիվանդությունը։ Ներկայումս պարզաբանված են մեծաքանակ պատճառներ, որոնք առաջացնում են ուռուցք։ Դրանք բազմաբնույթ են և բաժանվում են 3 խմբի՝

  1. քիմիական
  2. ֆիզիկական
  3. կենսաբանական

Այն նյութերը, որոնք առաջացնում են չարորակ ուռուցք կոչվում են կանցերոգեններ կամ բլաստոմատոգեններ։ Այն նյութերը որոնք հարուցում են քաղցկեղ կոչվում են կանցերոգեններ։ Քաղցկեղի առաջացման գործընթացը կոչվում է կանցերոգենեզ կամ բլաստոմատոգենեզ։ Չարորակ ուռուցքների էթիոլոգիայի մասին խոսելիս անհրաժեշտ է ներկայացնել կանցերոգեն նյութերի մի շարք առանձնահատկություններ։ Դրանք ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում են բջիջների գենոմների վրա։ Այս հատկությամբ օժտված են քիմիական նյութերը, ֆիզիկական և կենսաբանական կանցերոգենները։ Հավանաբար դրանք ազդում են նուկլեինաթթուների, մասնավորապես գուանինի վրա։ Այդ նյութերն ունակ են ներթափանցել օրգանիզմ արտաքին և ներքին պատնեշներից։ Քանի որ բջիջները կազմված են լիպիդոպրոտեիդներից, հետևաբար դրանցով թափանցում են լիպիդալույծ նյութեր։ Այնուհետև կանցերոգեն նյութերը պետք է դոզավորված լինեն այնպես, որ բջիջը վնասվի, բայց մնա կենդանի։ Մեծ դոզաների ազդեցությամբ բջիջը մինչև ուռուցքայինի վերածվելը մահանում է։ Բացի այդ բլաստոմատոգենեզի համար անհրաժեշտ է կանցերոգեն նյութերի համեմատական թույլ, բայց երկարատև ազդեցություն։ Այդ կանցերոգեն նյութերը ընկճում են հյուսվածքային շնչառությունը և իմուն ռեակցիաները։

Կանցերոգեն նյութերն օրգանոտրոպ են. ամեն մի կանցերոգեն նյութ ազդում է որոշակի մետաբոլիզմի պայմաններում, հետևաբար ազդում է որոշակի օրգաններում։

Քիմիական կանցերոգեն նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք լինում են էկզոգեն և էնդոգեն ծագումով։ Առաջիններն առաջանում են և գոյություն ունեն արտաքին միջավայրում, իսկ հետագայում մտնում են օրգանիզմ, իսկ երկրորդներն առաջանում են օրգանիզմի ներսում։ Վերջիններիս մեջ են մտնում մի շարք հորմոններ՝ մեծ չափաքանակով։ Քիմիական կանցերոգեններից են պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրերը։ Դրանք հիմնականում ունեն տեղային ազդեցություն՝ ենթամաշկում ներարկելով առաջանում է սարկոմա, մաշկի վրա՝ քաղցկեզ, եթե դուրս է գալիս կրծքագեղձով՝ կրծքագեղձի, իսկ եթե մեզի հետէ երիկամների քաղցկեղ։ Կանցերոգեն են նաև ամինոազոմիացությունները, որոնք առաջացնում են լյարդի քաղցկեղ, նավթիլամինը՝ միզապարկի քաղցկեղ։ Նիտրոզամինները HCl-ի ազդեցության տակ ստամոքսում առաջանում են նիտրիտներից, ամիններից։

Անօրգանական կանցերոգեն նյութերից են կոբալտը, նիկելը, քրոմը, արճիճը և այլն։

Կենսաբանական կանցերոգեն նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների մոտ սպոնտան ուռուցքների էթիոլոգիայում կարևոր նշանակություն ունեն ուռուցքային վիրուսները, մասնավորապես ՌՆԹ պարունակողները։ Տարբերում են ԴՆԹ և ՌՆԹ պարունակող վիրուսներ։ Այդ վիրուսներն անվանում են օնկովիրուսներ։ Ենթադրվում է, որ ԴՆԹ պարունակող օնկովիրուսները պարունակվում են նորմալ բջիջների քրոմոսոմներում, բայց նրանք չեն ազդում հավանաբար գեն-ռեպրեսորի ազդեցությամբ, որն ընկճում է վիրուսային գենոմը։

Տարբերում ենք ԴՆԹ-ՌՆԹ-կախյալ վիրուսներ։ ՌՆԹ-կախյալ վիրուսները կարող են անցնել ԴՆԹ-կախյալ վիրուսների և հակառակը։ Դրանք հատուկ օնկովիրուսներ են, հատկապես թռչունների և կաթնասունների ուռուցքների էթիոլոգիայում։

Ֆիզիկական կանցերոգեն նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ նշանակութոյւն ունեն ուլտրամանուշակագույն, իոնիզացնող ճառագայթները, ավելի քիչ ջերմային էներգիան, ուլտրաձայնը։ Սակայն կարող են լինել սինկանցերոգեն և կոկանցերոգեն նյութեր։ Կարևոր նշանակություն ունեն հատկապես գամմա-ճառագայթները։ Վերջինս ի տարբերություն ալֆա- և բետտա-ճառագայթների, ունի խորը թափանցելիություն։ Գամմա-ճառագայթները նման են ռենտգենյան ճառագայթներին՝ որոնք առաջացնում են քաղցկեղ ռենտգենոլոգների մոտ։

Կանցերոգեն ազդեցություն ունեն նաև երկարատև մեխանիկական գրգռումները։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ս. Հ. Խաչատրյան – Պաթոլոգիական ֆիզիոլոգիա, Երևան, 2003, 570
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։