Ոսկրածուծի քննություն
Ոսկրածուծի քննություն | |
---|---|
Լեյկեմիայով հիվանդի ոսկրածուծի ասպիրատի քսուկ ներկված Ռոմանովսկի-Գիմզայի մեթոդով | |
Տեսակ | լաբորատոր ախտորոշման տեսակ |
Ենթադաս | բջջաբանական ախտորոշում և լաբորատոր ախտորոշում |
Անատոմիական տեղայնացում | Ոսկրածուծ |
MeSH | D001856 |
eMedicine | 207575 |
Ոսկրածուծի քննություն, պատկանում է ոսկրածուծի բիոպսիայով (կոչվում է նաև տրեպան բիոպսիա) և ասպիրացիայով ստացված ոսկրածուծի ախտաբանաանատոմիական հետազոտություններին։ Ոսկրածուծի քննությունը կիրառվում է բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման մեջ, որոնցից են՝ լեյկեմիաները, բազմակի միելոման, լիմֆոման, սակավարյունությունը և պանցիտոպենիան։ Ոսկրածուծն արտադրում է արյան տարբեր բաղադրիչներ՝ թրոմբոցիտներ, էրիթրոցիտներ և լեյկոցիտներ։ Չնայած հենց արյան միջոցով էլ կարելի է ստանալ բավականին շատ տեղեկություններ (արյան հավաքման միջոցով), երբեմն անհրաժեշտություն է լինում հետազոտել արյան բջիջների աղբյուր հանդիսացող ոսկրածուծը՝ գնահատելու համար արյունաստեղծման պրոցեսը, որի համար էլ հենց կատարվում է ոսկրածուծի քննություն։
Միջամտության բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկրածուծի հյուսվածք կարելի է ստանալ ասպիրացիայի և տրեպան բիոպսիայի միջոցով։ Երբեմն միաժամանակ կիրառվում է երկու հետազոտություններն է։ Ստացված ասպիրատը կիսահեղուկ ոսկրածուծ է, որը հետազոտում է ախտաբանը լուսային մանրադիտակով կամ կատարվում է հոսքային ցիտոմետրիա, քրոմոսոմային անալիզ կամ պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ)։ Հաճախ կիրառվում է տրեպան բիոպսիան, որի միջոցով ստացվում է ոսկրածուծի նեղ, ցիլինդրիկ, փոքր կտոր 2մմ լայնությամբ և 2սմ երկարությամբ (80մկլ), որը բջջային կազմի և ինֆիլտրատիվ պրոցեսների հետազոտման համար ենթարկում է մանրադիտակային հետազոտության (երբեմն զուգահեռ իմունահիստոքիմիական մեթոդով)։ Ասպիրացիան կատարվում է 20մլ ներարկիչով, որով ստացվում է մոտ 300մկլ ոսկրածուծ[1]։ Ավելի քան 300մկլ ծավալի ասպիրացիան խորհուրդ չի տրվում, քանի որ ասպիրատը կարող է նոսրանալ ծայրամասային արյան մեջ[1]։
Ասպիրացիա | Բիոպսիա | |
---|---|---|
Առավելություն |
|
|
Թերություն | Հայտնաբերվում են ոչ բոլոր բջիջները | Մշակումը դանդաղ է |
Ասպիրացիայի եղանակով հայտնաբերվում են ոչ բոլոր բջիջները, օրինակ՝ լիմֆոմաների դեպքում բջիջների մի մասը կպնում են ոսկրի խտրոցներին։
Միջամտության տեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկրածուծի ասպիրացիան և տրեպան բիոպսիան սովորաբար կատարվում է կոնքոսկրի մեջքային հատվածից կամ զստոսկրի թևի հետին հատվածից։ Ասպիրատը կարելի է ստանալ նաև կրծոսկրից։ Կրծոսկրային ասպիրացիայի համար պացիենտը պարկում է մեջքի վրա, բարձիկը տեղադրվում է ուսի տակ՝ կրծքավանդակը բարձրացնելու համար։ Կրծոսկրից տրեպան բիոպսիա չի կատարվում, կապված արյունատար անոթների, թոքերի կամ սրտի վնասման ռիսկի հետ։ Մինչև 2 տարեկաններին ոսկրածուծի ասպիրացիա կարելի է կատարել նաև ոլոքից, իսկ փուշելունային ասպիրացիան հաճախ կատարվում է գոտկային պունկցիայի դիրքում՝ L3-L4 ողերի մակարդակով։
Ասեղի մուտքի տեղում ցավի նվազեցման համար կիրառվում է տեղային անզգայացում։ Ցավն առաջանում է ոսկրածուծի վնասման հետևանքով, ինչը անզգայացնել հնարավոր չէ։ Ցավ առաջանում է նաև անզգայացման պրոցեսի ժամանակ։ Միջամտության տանելիությունը հստակ չէ, տարբեր հիվանդների մոտ ցավն արտահայտվում է տարբեր ձևով, որոշները նույնիսկ ընդհանրապես չեն նշում ցավի մասին[2]։
Ինչպես է կատարվում միջամտությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկրածուծի բիոպսիան կարող է կատարվել առողջապահական աշխատողի օֆիսում կամ հիվանդանոցում։ Միջամտության անցկացման համար անհրաժեշտ է հստակ համաձայնություն։ Պացիենտը պառկում է որովայնի կամ կողքի (կողմնային դեկուբիտուս դիրք) վրա։ Մաշկը մշակվում է և այդ հատվածի թմրեցման համար ներարկվում է տեղային անէսթետիկ՝ լիդոկաին կամ պրոկաին։ Հնարավոր է նախօրոք հիվանդներին տալ ցավազրկողներ և/կամ հակատագնապային դեղեր, չնայած սա ոչ միշտ է կիրառվում։
Սովորաբար առաջինը կատարվում է ասպիրացիան։ Ուժի կիրառումով ասպիրատի ասեղը մտցվում է ներարկման հատված և սեղմվում մինչև զգացվի դիմադրություն (ոսկրը)։ Այնուհետև բժշկի պտուտակաձև շարժումներով ասեղը ծակում է ոսկրի կեղևը և հասնում ոսկրածուծին։ Ներարկիչի մխոցը քաշելով ստացվում է ոսկրածուծային հեղուկը։ Պտուտակաձև շարժման միջոցով խուսափում ենք արյան լրացուցիչ անցումից ներարկիչի մեջ։ Այնուհետև, ըստ անհրաժեշտության, կատարվում է բիոպսիա։ Այլ, տրեպանային ասեղի միջոցով կրկին ծակվում է ոսկրի կեղևը։ Այնուհետև պտուտակաձև շարժման և ասեղի խորացման շնորհիվ կտրվում է ոսկրածուծի սոլիդ կտոր։ Կտորը ասեղի հետ միասին զգուշությամբ հեռացվում է։ Ընդհանուր միջամտությունը տևում է մոտ 10-15 րոպե։
Եթե վերցվելու են մի քանի կտոր, ասեղը փոխվում է ամեն միջամտությունից հետո՝ մակարդումից խուսափելու համար։
Միջամտության ավարտից հետո, հիվանդին խնդրում են պառկած մնալ 5-10 րոպե՝ միջամտության հատվածի ճնշման համար։ 10 րոպե անց, եթե արյունահոսություն չկա, հիվանդը կարող է վեր կենալ և անցնել իր սովորական կյանքին։ Միջամտությունից հետո 2-3 օր հնարավոր է ցավյային զգացողություններ, այդ պատճառով կիրառվում է պարացետամոլ (ացետամինոմեֆ) կամ այլ ցավազրկողներ։ Ցավի ուժեղացումը, կարմրությունը, տենդը, արյունահոսությունը կամ այտուցը համարվում են բարդություններ։ Սովորաբար միջամտությունից հետո 24 ժամվա ընթացքում խորհուրդ է տրվում չլվանալ ասեղի մուտքի մասը։
Հակացուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկրածուծի քննության մի քանի հակացուցումներ կան։ Պետք է հիշել, որ թրոմբոցիտոպենիան կամ արյունահոսական խանգարումները հակացուցումներ չեն, եթե միջամտությունը կատարվում է հմուտ մասնագետի կողմից[3]։ Ոսկրածուծի ասպիրացիան ու բիոպսիան անվտանգ կերպով հնարավոր է իրականացնել նույնիսկ ծայրահեղ թրոմբոցիտոպենիայի ժամանակ։ Եթե կոնքի շրջանում կա մաշկի կամ փափուկ հյուսվածքների վարակ, քննությունը կատարվում է այլ հատվածում։
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած միջամտությունից հետո 12-24 ժամվա ընթացքում թեթև ցավոտությունը հաճախ է հանդիպում, շատ հազվադեպ զարգանում են նաև ծանր բարդություններ։ Մեծ ակնարկում, որտեղ կատարվել է 55,000 ոսկրածուծի քննության գնահատում, դիտվել են 26 ծանր կողմնակի երևույթներ (0.05%), ներառյալ մեկ մահացու դեպք[4]։ Նույն հեղինակը Միացյալ Թագավորությունում 2003թ-ին հավաքել է նաև 19,000 այլ ոսկրածուծի քննությունների տվյալներ և հայտնաբերել 16 կողմնակի երևույթների դեպք (ընդհանուր 0,08%), որոնք հիմնականում արյունահոսություններ էին։ Այս ակնարկում, չնայած բարդությունները հազվադեպ էին, սակայն բավականին ծանր էին ընթացել[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 eMedicine "Specialties > Hematology > Diagnostic Procedures > Bone Marrow Aspiration and Biopsy". Article last updated April 7, 2008.
- ↑ What to Expect During a Bone Marrow Aspirate and Biopsy Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Roswell Park Cancer Institute, n.d. Accessed 2014-08-08.
- ↑ Malempati, Suman; Joshi, Sarita; Lai, Susanna; Braner, Dana A.V.; Tegtmeyer, Ken (2009). «Bone Marrow Aspiration and Biopsy». New England Journal of Medicine. 361 (15): e28. doi:10.1056/NEJMvcm0804634. PMID 19812396.
- ↑ Bain BJ (2003). «Bone marrow biopsy morbidity and mortality». Br. J. Haematol. 121 (6): 949–51. doi:10.1046/j.1365-2141.2003.04329.x. PMID 12786808.
- ↑ Bain BJ (2005). «Bone marrow biopsy morbidity: review of 2003». J. Clin. Pathol. 58 (4): 406–8. doi:10.1136/jcp.2004.022178. PMC 1770618. PMID 15790706.