Jump to content

Նվեր Ստալինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվեր Ստալինին
ռուս.՝ Подарок Сталину
Երկիր Լեհաստան
 Ղազախստան
 Ռուսաստան
 Իսրայել
Ժանրդրամա
Թվական2008
Լեզուռուսերեն և ղազախերեն
ՌեժիսորՌուստեմ Աբդրաշև
Սցենարի հեղինակՊավել Ֆինն
ԴերակատարներԵկատերինա Ռեդնիկովա և Ալեքսանդր Բաշիրով
Պատմվածքի վայրՂազախստան
Տևողություն97 րոպե

«Նվեր Ստալինին», Ղազախստանի, Ռուսաստանի, Լեհաստանի և Իսրայելի հետ համատեղ նկարահանված կինոֆիլմ է , փոքրիկ հրեա տղայի Սաբիրի (Սաշա), դժվարին ճակատագրի մասին, որը 1949 թվականին մեկնել էր Ղազախստան։ Այստեղ նրան մահից փրկում է ղազախ պապիկը, որը փոխարինում է նրա մահացած ծնողներին։ Տարեց Սաշայի դերը կատարում է իսրայելցի գրող Դավիդ Մարկիշը, որի հիշողություններն էլ ընկած են ֆիլմի հիմքում։ Ֆիլմը ստացել է «Արևելք և արևմուտք։ Դասականություն և ավանգարդ» առաջին միջազգային կինոփառատոնի գրան պրի մրցանակը։ Եղել է Կորեայում 13-րդ Բուսանի կինոփառատոնի բացման ֆիլմը, իսկ նախնական տարբերակը ցուցադրվել է Բեռլինի և Կաննի կինոփառատոներում։ «Մենք ընտրեցինք այս ֆիլմը, քանի որ այն շատ արտասովոր է, այստեղ առկա է և՛ ցնցող մարդկային պատմություն, և՛ դերասանների հոյակապ խաղ, և՛ տափաստանային ռոմանտիկա։ Մեր հանդիսատեսը ծանոթ չէ ղազախական կինոարվեստին։ Հենց դա էլ մեզ հրապուրում է», այսպես էր մեկնաբանում կազմակերպիչների ընտրությունը Բուսանի միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Կիմ Դոն Հոն։ Ֆիլմը ձեռք է բերվել ԱՄՆԿոնգրեսի գրադարանի տեսաարխիվի կողմից։

Ղազախստան, 1949 թվականի ճնշումների նոր ալիք, խոշտանգումներ և տեղահանություն։ Ստալինի յոթանասունամյա տարեդարձ։ Գլխավոր հերոսը՝ հրեա որբ տղա Սաշան (Սաբիր), պապի հետ միասին բռնագաղթվածների վագոնով մեկնում է Ղազախստան։ Ճանապարհին պապը մահանում է, իսկ տղան ամեն րոպե չի դադարում մտածել ձերբակալված ծնողների մասին։ Նա չի կասկածում, որ նրանք այլևս կենդանի չեն։ Ղազախական խուլ աուլ գալուց հետո Սաշային մահից փրկում է միայնակ ծերուկ Կասիմը, ով սովի ժամանակ կորցրել էր կնոջն ու երեխաներին և պատերազմի հաշմանդամ էր։ Նա բնակվում էր փոքրիկ տնակում, կանանց գաղութի նախկին կալանավոր գեղեցկուհի Վերայի, աքսորված լեհ բժիշկ Եժիի, դունգան Ֆատիի հարևանությամբ։ Երեխայի հայտնվելը մեղմացրեց հարևանների մռայլ առօրյան։ Իրականությունը դաժան է, իշխանությամբ օժտված մարդիկ՝ անգութ։ Բայց այս աուլում Սաշան գտնում է ընտանիք և ընկերներ։ Այժմ նա Կասիմին «աթա» է կոչում, որը նշանակում է «պապիկ», սկսում է խոսել ղազախերեն, երգում ղազախական երգեր։ Շամանը, որ կատարեց տղայի կյանք վերադառնալու արարողությունը, նրան տվեց երկրորդ անունը՝ Սաբիր (ղազ.՝ համբերատար):

Մի անգամ Սաբիրը թերթում հոդված է տեսնում Ստալինի տարեդարձի մասին[1]։ Բոլոր խորհրդային երեխաները ցանկանում են առաջնորդին լավագույն նվեր մատուցել նրա ծննդյան օրվա առթիվ։ Սաշան կարծում է, որ անակնկալ նվերը կլինի իր սիրած գառնուկը՝ Կիպյատոկը, ինչն էլ կօգնի վերադարձնել իր ծնողներին։ Սակայն շուտով տեղի է ունենում Եժիի և Վերկայի հարսանիքը, որին մասնակցում է հարբած տեղամասային ոստիկան Բալգաբայը, և նրա հետ ծեծկռտուքի ժամանակ էլ Եժին սպանվում է։ Նրա մահից հետո ինչ որ մեկը սպանում է Բալգաբային։ Սպանության կասկածանքով ձերբակալում են անօթևանների հրոսակախմբի, որոնց մոտ ատրճանակ են գտնում, ձերբակալում են նաև մի ղազախ երիտասարդի, որի սիրելիին բռնաբարել էր Բալգաբայը։ «Կասկածյալների» ցուցակում կհայտնվեր Սաշա/Սաբիրը, եթե Կասիմը նրան չուղարկեր Օդեսա հարազատների մոտ։ Մեկնելուց առաջ Կասիմը Սաշային է տալիս իր ծնողների լուսանկարը, որի հետևի մասում գրված էր նրանց հասցեները և պապի հին աղոթագիրքը. այս իրերը Սաշային էր տվել նրա պապը մահից առաջ։ Այդ ժամանակ արդեն մեծ նվեր էր պատրաստել Ստալինի համար։ 1949 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցավ առաջին խորհրդային ատոմային ռումբի փորձարկումն այն աուլի մոտակայքում, որտեղ ապրում էին Սաշան, Կասիմը և նրանց համագյուղացիները։

Շատ տարիներ անց Երուսաղեմ ուխտագնացություն կատարելուց հետո նա «ուխտագնացություն» է կատարում իր համար մեկ այլ սուրբ վայր՝ այն աուլը (ավելի ճիշտ այն վայրը, որտեղ գտնվում էր այդ աուլը, քանի որ ատոմային ռումբի պայթյունից հետո ոչ նրանից, ոչ էլ նրա բնակիչներից գրեթե ոչինչ չի մնացել, բացի գերեզմաններից և հուշաքարերից ), որը հավերժ մնացել է իր հիշողության մեջ։

  • Դալեն Շինտեմիրով՝ Սաշա
  • Եկատերինա Ռեդնիկովա՝ Վերկա
  • Նուրժուման Իխտիմբաև՝ Կասիմ
  • Ալեքսանդր Բաշիրով՝ ՊԱՄ-ի մայոր
  • Բախտիյար Կոժա՝ Բալգաբայ
  • Վալդեմար Շչեպանյակ՝ Եժի Դոմբրովսկի
  • Դավիդ Մարկիշ՝ չափահաս Սաշա
  • Կասիմ Ժակիբաև՝ շաման
  • Ասել Սադվակասովա՝ ղազախ աղջիկ
  • Լեյլա Սալմենովա՝ ղազախ աղջիկ (ֆիլմի վերջում կարդում էր Աբայի բանաստեղծությունները)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Подарок Сталину (2008) - Всё о фильме, отзывы, рецензии - смотреть видео онлайн на Film.ru, Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին