Jump to content

Նոր դպրոց (գրական միություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր դպրոց, գրական-ստեղծագործական միավորում Եգիպտոսում 20-րդ դարում։

Մուհամմադ Թեյմուր

1919 թվականին Եգիպտոսի ժողովուրդը, ոգևորվելով հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության հաջողություններից, սկսեց մեծ հեղափոխությունը անգլիական օկուպացիայի դեմ, որին մասնակցում էին հասարակության գրեթե բոլոր շերտերը։ Առաջին անգամ լսվեց եգիպտացի կնոջ ձայնը։ Հեղափոխությունը, սակայն ճնշվեց։ Բայց և այնպես, այդ հեղափոխական տրամադրությունները մեծ ազդեցություն ունեցան հասարակական մտքի զարգացման վրա։ Գնալով մեծանում էր առաջադեմ մտավորականության ազգային մշակույթը վերածնելու ձգտումը։ Հակաանգլիական շարժումներին իրենց մեծ աջակցությունը և մասնակացությունն էին ցուցաբերում Թեյմուր եղբայրները, որոնք հանդես էին գալիս իրենց հրապարակախոսական հոդվածներով և պահանջում էին Եգիպտոսի ազատագրումը։

Եգիպտոսի առաջադեմ մտավորականությունը, գաղափարապես կապված լինելով եգիպտական ազգայնականության հետ, առաջնորդում էր անկախության համար ազգի պայքարը «Եգիպտականացում» (արաբ․՝ تمصير‎‎) կարգախոսով։ Երիտասարդ գրողները, ովքեր ոգևորված էին եգիպտական գրականության ստեղծման գաղափարներով, 1917 թվականին Ահմադ Խեյրի Սաիդի (արաբ․՝ احمد خيري سيد‎‎) գլխավորությամբ հիմնեցին «Նոր դպրոց» (արաբ․՝ المدرسة الجديدة‎‎) գրական ընկերությունը, որի գլխավոր օրգանն էր «ալ-Ֆաջր» (արաբ․՝ الفجر‎‎` Այգաբաց) թերթը, որը հիմնադիրները անվանում էին «կործանման և վերակառուցման» թերթ։ Այս միության կորիզն էին կազմում այնպիսի հանրահայտ գրողներ, ինչպիսիք էին՝ Մուհամմադ (արաբ․՝ محمد تيمور‎‎) և Մահմուդ Թեյմուրները (արաբ․՝ محمود تيمور‎‎), Յահյա Հակկին (արաբ․՝ يحيى حقي‎‎), Իսա(արաբ․՝ عيسى‎‎) և Շիհաթա Ուբեյդ (արաբ․՝ شحاتة عبيد‎‎) եղբայրները, Մահմուդ Տահիր Լաշինը (արաբ․՝ محمود طاهر لشين‎‎), Ահմադ Խեյրի Սաիդը և շատ ուրիշներ։ Սրանք այն գրողներն էին, ովքեր հանդես էին գալիս ճնշված ժողովրդի անունից, պաշտպանում նրանց շահերը։

Եգիպտացի գրողները իրենց ստեղծագործություններում արտահայտում էին ժողովրդի ծանր վիճակը, խոսում կանանց իրավունքների ոտնահարման մասին, բացահայտում եգիպտական մշակույթի անկման պատճառները և այլն։

Երիտասարդ գրողները վաղ առավոտից մինչև ուշ գիշեր քննարկում էին տարբեր հարցեր, խոսում արվեստից, բանավիճում կյանքի նոր դրական երևույթների շուրջ։ «Նոր դպրոցի» ոչ բոլոր ներկայացուցիչներին էր բախտ վիճակված լինելու պրոֆեսիոնալ գրողներ, բայց այդ ժամանակ նրանց միավորում էր գրականության և արվեստի նկատմամբ անհագ սերը, որի առջև նրանք խոնարհվում էին։ Այդ շրջանում նրանք հետապնդում էին միայն մեկ նպատակ՝ դուրս բերել Եգիպտոսի դարերից եկած մշակույթը լճացումից, սեր սերմանել մարդկանց մեջ գրականության և արվեստի նկատմամբ։ Հաճախ հավաքվելով գրող Իբրահիմ ալ-Միսրիի (արաբ․՝ ابرهيم المصري‎‎) տանը՝ երիտասարդ գրողները մինչև ուշ գիշեր քննարկում էին այն եղանակներն ու հնարավորությունները, որոնք կնպաստեին հասնելու իրենց նպատակին։

Իրենց թերթերի, ամսագրերի էջերում, նովելների ժողովածուների նախաբաններում գրողները արտահայտում էին գրականության նկատմամբ իրենց հայացքները, կոչ անում հրաժարվել սոցիալական կենցաղի նկատմամբ պարզեցված վերաբերմունքից։ Նրանք գրականության առջև խնդիր էին դնում արտահայտել ազգային բնավորությունը, նկարագրել կոնկրետ երևույթներ և մարդկանց, մատնանշել սոցիալական խնդիրները խորությամբ, այլ ոչ զուտ կենցաղային բնույթով, ինչպես նաև՝ բացահայտել մարդկային բնավորությունները։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ալ-Ազհար մզկիթ

«Նոր դպրոցի» ներկայացուցիչների մեծ մասը, հատկապես երիտասարդները, կրթություն ստանալով Ֆրանսիայում և Անգլիայում, քաջ ծանոթ էին եվրոպացի և ռուս նովելիստների ստեղծագործություններին։ Առաջին անգամ նրանք եգիպտական գրականության մեջ առաջ են քաշում ռեալիստական և դեմոկրատական արվեստի սկզբունքները։ Նրանք դրեցին ռեալիստական ազգային պատվածքի ժանրի հիմքը։ Մահմուդ Թեյմուրը 1960 թվականի սեպտեմբերին եգիպտացի գրականագետ Ֆարուկ Շուշայի (արաբ․՝ فرق ششى‎‎) հետ հարցազրույցի ժամանակ «Նոր դպրոցի» մասին խոսելիս նշեց, որ նրա գրողներըը խնդիր են դրել «ստեղծել ռեալիստական եգիպտական գրականություն, որը անկեղծորեն կարտահայտի եգիպտացիների զգացմունքները»։

«Նոր դպրոցի» ամենաականավոր հեղինակներն էին Մուհամմադ և Մահմուդ Թեյմուրները։ Մուհամմադ Թեյմուրը կոչ էր անում գրողներին չմտածել միայն հետաքրքիր թեմաներ շոշափելու մասին, այլ ճշտգրիտ ձևով արտահայտել եգիպտական իրականության հրատապ խնդիրները։ Նա պնդում էր, որ ստեղծագործությունը պետք է լինի ճշմարիտ, արժանահավատ, որի համար պետք է մանրամասն ուսումնասիրել երկրի կյանքը նախքան իրադարձությունը հասարակությանը ներկայացնելը։ Միջավայրը նկարագրող ցանկացած մանրուք պետք է ճշմարիտ լինի։ Նման պահանջով հանդես էին գալիս նաև «նոր դպրոցի» մյուս անդամները։ Գրողների այս նոր սերունդը իրենց գլխավոր խնդիրն էին համարում պարզ արտահայտել միտքը և հիմնական ուշադրությունը սևեռել ստեղծագործության բովանդակությանը և ոչ թե ձևին։ Սակայն ռեալիզմը դեռևս արմատապես չէր հիմնավորվել և շատ գրողներ հենց իրենք չէին հետևում իրենց սկզբունքներին։ Բնական է, որ նրանք միանգամից չէին կարող դուրս գալ լուսավորական աշխարհայացքի և մշակույթի ազդեցությունից, որի ոգով և դաստիարակվել էին նրանք։

«Նոր դպրոցի» ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային ռեալիզմի գրականությունը, հատկապես մեծ է ռուս գրողների դերը։ Երբ սկսվեց արաբների շփումը ռուս գրողների հետ, նրանք սկսեցին թարգմանել ռուսական գրականության գլխավոր ստեղծագործությունները, հատկապես Գորկու, Դոստոևսկու, Տուրգենևի, Գոգոլի և Չեխովի ստեղծագործությունները։