Ներդրումների կառավարում
Ներդրումների մենեջմենթը կազմակերպությունների կառավարման հատուկ կամ կոնկրետ կարևոր գործառույթներից է։ Ներդրումները շահույթ կամ սոցիալական արդյունք ստանալու նպատակով ձեռնարկատիրության ոլորտում կատարվող երկարաժամկետ ծախսերն են, որոնք կարող են իրագործվել ֆինանսական (փող, արժեթղթեր), գույքային (շինություններ, սարքավորումներ, մեքենաներ) և ինտելեկտուալ (արտոնագիր, լիցենզիա) եղանակներով։ Ներդնել, լայն առումով, նշանակում է՝ այսօր բաժանվել փողից՝ ապագայում ավելի մեծ գումար ստանալու համար։
Ներդրումների օբյեկտներն ու սուբյեկտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներդրումների սուբյեկտներ են իրավաբանական ու ֆիզիկական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա, ինչպես նաև պետությունը և միջազգային կազմակերպությունները։ Ներդրումների օբյեկտներ են նոր գործարկվող, վերազինվող, վերակառուցվող և ընդլայնվող հիմնական միջոցները, արժեթղթերը, սեփականության այլ օբյեկտներ, գիտատեխնիկական արդյունքները, ինտելեկտուալ սեփականության իրավունքները։ Ներդրումների գործընթացի հիմնական առանձնահատկությունները, որոնք էական են դրա կառավարման համար, երկուսն են՝ ժամանակը և ռիսկը։ Առաջինը ներդրումների և դրանց հատուցման միջև ընկած ժամանակամիջոցն է, իսկ երկրորդը՝ սպասվելիք եկամուտների հոսքի կորստյան վտանգի հավանականությունը, որի մեծությունը պայմանավորում է ռիսկայնության աստիճանը։
Ներդրումների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է ներդրումները դասակարգել երկու խմբերի՝ իրային և ֆինանսական։ Իրային են այն ներդրումները, որոնք կատարվում են նյութական, հիմնականում՝ անշարժ ակտիվների ստեղծման կամ ձեռք բերման համար (սարքավորումներ, ձեռնարկություններ, շինություններ, հող)։ Ֆինանսական ներդրումները ֆինանսական շուկայի գործիքներում կատարվող երկարաժամկետ ծախսերն են (բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն)։ Ըստ այդմ տարբերվում են ներդրումային շուկայի առնվազն յոթ հատվածներ, որոնցից 5-ը վերաբերում են իրային, 2-ը՝ ֆինանսական ներդրումներին։ Դրանք են.
- նոր հիմնական միջոցների գործարկման, գործող հիմնական միջոցների ընդլայնման, վերակառուցման ու վերազինման ուղղակի կապիտալ ներդրումների շուկա,
- մասնավորեցվող օբյեկտների շուկա (բաժնետիրացում, աճուրդ, մրցույթ),
- անշարժ գույքի շուկա (բնակարանների, գրասենյակների, ամառանոցների, ավտոտնակների, այլ շինությունների և հողամասերի վաճառք),
- նորամուծական գործունեության նպատակով ներդրումների շուկա (գիտատեխնիկական ծրագրեր, նոր տեխնիկայի ստեղծման և յուրացման նախագծեր, լիցենզիաների, արտոնագրերի գնում),
- գեղարվեստական ստեղծագործությունների ու հնաոճ իրերի, թանկարժեք մետաղների շուկա,
- ֆոնդային կամ արժեթղթերի շուկա (բաժնետոմսեր, պետական պարտատոմսեր և այլն),
- փողի շուկա (արտասահմանյան փոխարկելի արժույթի գնում, վարկեր, դեպոզիտներ)։
Վարչահրամայական տնտեսական համակարգ կամ թույլ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում առավելապես տիրապետող է իրային ներդրումների առաջին հատվածը, իսկ ժամանակակից շուկայական տնտեսություններում կարևորվում են ֆինանսական ներդրումների հատվածները՝ հատկապես արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաները։
Ըստ ներդրումային գործընթացում մասնակցության ներդրումները լինում են ուղղակի և անուղղակի։ Ուղղակի ներդրումները ենթադրում են ներդրողի կողմից ուղղակի՝ անմիջական մասնակցություն կոնկրետ օբյեկտում՝ կապված կապիտալի ներդրման հետ։ Անուղղակի ներդրումները ենթադրում են ֆինանսական միջնորդի միջոցով ներդրումային օբյեկտում ներդրողի կապիտալի ներդրումը՝ տարբեր տեսակի ֆինանսական գործիքների ձեռքբերմամբ[փա՞ստ]։
Ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ հանդիպում են նաև ներդրումների մեկա այլ դասակարգում՝ ուղղակի և պորտֆելային։ Ընդ որում՝ ուղղակի ներդրումները միջոցների անմիջական ներդրումներն են արտադրության մեջ՝ իրական ակտիվների ձեռք բերման առումով։ Եթե ներդրողը առաջնային շուկայում գնում է բաժնետոմսերի փաթեթ, ապա նա կատարում է ուղղակի ֆինանսական ներդրումներ։ Պորտֆելային ներդրումները կատարվում են ֆինանսական գործարքների գնման ձևով։ Պորտֆելային ներդրումները ներդրողների կողմից կատարվող դիվերսիֆիկացված ներդրումներն են տարբեր տեսակի ներդրումային օբյեկտներում, հատկապես ֆինանսական գործիքներում[փա՞ստ]։
Ներդրումների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերվում են համախառն և զուտ ներդրումները։ Համախառն են կոչվում այն ներդրումները, որոնք նպատակաուղղվում են ոչ միայն նոր հիմնական միջոցների գործարկմանը, այլև գործողների մաշվածքի փոխհատուցմանը և վերազինմանը։ Տվյալ դեպքում ներդրումների աղբյուր են նաև ամորտիզացիոն հատկացումները։ Համախառն ներդրումներից (ՀՆ) հանելով ամորտիզացիոն հատկացումներից օգտագործված միջոցները (ԱՄ)՝ ստացվում են զուտ ներդրումները (ԶՆ)։ Այսինքն՝ ԶՆ = ՀՆ - ԱՄ։
Ներդրումների կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներդրումները բնութագրվում են որոշակի կառուցվածքով և կառուցվածքային փոփոխությունների միտումներով։ Ներդրումների ընդհանուր ծավալի առաջին կառուցվածքային ցուցանիշը, ըստ վերը բերված շուկայական հատվածների (ուղղությունների), ներդրումների կառուցվածքն է։ Ներդրումների կառուցվածքը կարող է դիտարկվել նաև ըստ առանձին ուղղությունների։ Մասնավորապես, ուղղակի կապիտալ ներդրումներին (առաջին հատված) բնորոշ է վերարտադրական, ճյուղային, տեխնոլոգիական և տարածքային կառուցվածքը։ Կապիտալ ներդրումների վերարտադրական կառուցվածքն արտահայտում է դրանց բաշխումը նոր հիմնական միջոցների գործարկման և գործողների մաշվածքի փոխհատուցման ու վերակառուցման նպատակներով։ Ճյուղային կառուցվածքը բնութագրվում է ըստ առանձին ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ծառայությունների ոլորտ) կապիտալ ներդրումների բաշխվածությամբ, որի լծակներն են այս կամ այն ճյուղի արտադրանքի նկատմամբ պահանջարկը և առաջարկը։ Կապիտալ ներդրումների տեխնոլոգիական կառուցվածքը պայմանավորում է հիմնական միջոցների ակտիվ և պասիվ տարրերի հարաբերակցությունը։ Կապիտալ ներդրումները սովորաբար ծախսվում են հետևյալ երեք ուղղություններով՝ տեխնոլոգիական սարքավորումների ձեռք բերում, շինարարական-մոնտաժային աշխատանքներ, նախագծա-նախահաշվային աշխատանքներ։ Ներդրումների տեխնոլոգիական կառուցվածքը բնութագրվում է դրանց ընդհանուր ծավալում ծախսման ուղղությունների տեսակարար կշիռներով։ Որքան մեծ է տեխնոլոգիական սարքավորումների համար կատարված ներդրումների բաժինը, այնքան մեծ է հիմնական միջոցներում այն տարրերի տեսակարար կշիռը, որոնք անմիջականորեն մասնակցում են արտադրանքի կամ ծառայությունների թողարկմանը։ Ներդրումների տարածքային կառուցվածքն արտացոլում է դրանց բաշխվածությունը ըստ տարածաշրջանների։
Ներդրումների նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիթխարի է ներդրումների տնտեսական ու սոցիալական նշանակությունը. դրանց շնորհիվ ստեղծվում են նոր աշխատանքային տեղեր, նվազում է գործազրկության մակարդակը, ապահովվում տնտեսական աճ, ավելանում են բնակչության աշխատանքային և գործարարությունից ստացվող եկամուտները։ Ինչպես վկայում է արևմտյան երկրների փորձը, տնտեսական կայուն աճ ապահովելու համար ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետք է կազմեն շուրջ 20-25%։ Օրինակ, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը հասնում է 15-20, Ֆրանսիայում՝ 20-25%-ի, Ճապոնիայում՝ ՀՆԱ-ի 1/3-ին։ Ի դեպ, ներդրումներն անհրաժեշտ են նաև մարդկային կապիտալի զարգացման, նորամուծությունների՝ նոր արտադրատեսակների և տեխնոլոգիաների գիտակոնստրուկտորական մշակման ասպարեզում։ Ներդրումների կառավարման ոլորտը ընդգրկում է մակրոմակարդակում ներդրումային ռազմավարության մշակումից, իրական ու ֆինանսական ներդրումների պահանջվող ծավալի որոշումից ու աղբյուրների ընտրությունից մինչև դրանց արդյունավետ օգտագործումն ու շահույթի (սոցիալական արդյունքի) ստացումը։ Մակրոմակարդակում ներդրումների կառավարման գլխավոր ռազմավարական խնդիրը դրանց համար նպաստավոր միջավայրի ստեղծումն է, մասնավորապես ներդրումային ուղղվածության հարկա-յին, դրամավարկային, ամորտիզացիոն քաղաքականության իրագործումը, ազատ տնտեսավարման ու տնտեսական կապերին նպաստող իրավական դաշտի ձևավորումը։ Հատկապես էական է հարկային քաղաքականության ազատականացումը, հարկերի (շահութահարկ, եկամտահարկ, ավելացված արժեքի հարկ և այլն) այնպիսի դրույքաչափերի սահմանումը, որն արդյունավետորեն է զուգակցում դրանց ֆիսկալ և կարգավորիչ գործառույթները։ Դրամավարկային քաղաքականությունը նպաստավոր է ներդրումների համար, երբ ցածր են սղաճի տեմպերը, միաժամանակ բարձր չեն բանկային վարկի տոկոսադրույքները։ Ներդրումային միջավայրի ակտիվացման նպատակով կարևոր է ազատական, միաժամանակ՝ արագացված ամորտիզացիայի քաղաքականությունը, որը համապատասխանում է գիտատեխնիկական առաջադիմության բնականոն ընթացքին։ Առանձնակի կարևորություն ունի ներդրումների պաշտպանվածության իրավական ու պետական երաշխավորվածությունը (ապահովագրական համակարգի, գրավադրման, պետական երաշխիքների մեխանիզմների գործադրման օրենսդրական ու նորմատիվային ապահովվածություն)։ Մակրոմակարդակում ներդրումների կառավարման հաջորդ խնդիրը ըստ անհրաժեշտության համապետական ներդրումային նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումն է։ Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր երկրի համար առանձնահատուկ խնդիր է լիազորված պետական մարմինների միջոցով վերահսկել ներդրումային միջավայրը, մշտապես վերլուծել ու գնահատել այն, օրենսդրորեն և կազմակերպատնտեսական միջոցներով նպաստել ներդրումների շուկայի գրավչության ու կոնյունկտուրայի բարելավմանը։ Միկրոմակարդակում կարևորվում է հիմնավորված ներդրումային ռազմավարության մշակումը և իրագործումը, որն ընդգրկում է.
- ներդրումային շուկայի հանգամանալից վերլուծությունը, դրա առանձին հատվածների գրավչության ու կոնյունկտուրայի գնահատումը և կանխատեսումը,
- կազմակերպության ֆինանսական կայունության ցուցանիշների, ներդրումների ներքին և արտաքին աղբյուրների այլընտրանքային հնարավորությունների, դրանց եկամտաբերության, հետգնման ժամկետի և ռիսկայնության գնահատումը,
- արտադրանքի (ծառայությունների) նկատմամբ պահանջարկի և շուկայի տարողության ու կազմակերպության կանխատեսվող բաժնեմասի հաշվառումով ներդրումների ծավալի և ուղղությունների որոշումը (ներդրումների պորտֆելի ձևավորումը),
- ընդունված ներդրումային ծրագրերի իրականացման ապահովումը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ