Jump to content

Նահանջը առանց երգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահանջը առանց երգի
ՀեղինակՇահան Շահնուր
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1927-1929
Հրատարակման տարեթիվ1929
ՎիքիքաղվածքՆահանջը առանց երգի

«Նահանջը առանց երգի», ֆրանսահայ արձակագիր Շահան Շահնուրի վեպը։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Շահնուրը ընդամենը մի քանի փոքրիկ գործերի, առանձին հոդվածների հեղինակ էր, երբ 1927-1929 թթ. ընթացքում գրեց «Նահանջը առանց երգի» վեպը, որը հենց նույն տարում էլ լույս տեսավ. վեպը՝ առաջին անգամ որպես թերթոն, մաս առ մաս լույս է տեսել Շավարշ Միսաքյանի «Հառաջ» թերթում (1929 թ., մայիս-սեպտեմբեր), ապա մեծ հայրենասեր Վ. Իսպիրյանի ծախսերով հրատարակվել է առանձին գրքով։ Գրողներից քչերին է վիճակված նման փառավոր մուտք ունենալ գրականության մեջ։ Վեպն արժանացավ շատ դրական և հիացական կարծիքների, ինչպես նաև ենթարկվեց քննադատությունների։ Շահնուրին մեղադրում էին ծայրահեղության և հարցերը միտումնավոր սրելու մեջ։ Սակայն Շահնուրի վեպը հայությանն ուղղված զգաստացման կոչ էր։

Շահան Շահնուրն իր վեպը նվիրել է իր լավագույն բարեկամին՝ Հ. Տեր-Հակոբյանին[1]։

Վեպի հիմքում ընկած է Պետրոսի (Պիեր) և Նենեթի (մադամ Ժանն) սիրո պատմությունը։ Պետրոսը հայ էր, որը Պոլսից գաղթել էր Փարիզ։ Նա աշխատում է Փարիզի լուսանկարչատներից մեկում, որի տնօրենը՝ մադամ Ժաննը, շատ գեղեցիկ կին է։ Պետրոսը սիրահարվում է նրան, որին ինքը անվանում է Նենեթ։ Սակայն Նենեթը ազատ չէ, նա Լեսքյուրի սիրուհին է և վերջինիս փողերով է բացել իր լուսանկարչատունը։ Պետրոսը գիտեր այդ մասին և տանջվում է։ Թեև Պետրոսի ու Նենեթի սերը փոխադարձ է, բայց Նենեթը վերադառնում է Լեսքյուրի մոտ, որի հետ կապված է անցյալով։ Հոգեկան վիշտը Պետրոսը փորձում է խեղդել ընկերական շրջապատում, սակայն այդտեղ ևս մխիթարություն չի գտնում։ Պատահաբար նա իմանում է Նենեթի ոչ այնքան լավ անցյալի մասին։ Սակայն սիրո առեղծվածն անբացատրելի է։ Պետրոսը չի կարողանում հրաժարվել Նենեթից։ Սկզբում փորձում է կապերը խզել Նենեթի հետ։ Նա վաճառում է ունեցվածքը, տեղափոխվում ուրիշ քաղաք և աշխատում իբրև բանվոր։ Սակայն այստեղ էլ նրան գտնում է Նենեթը։ Ավտովթարի հետևանքով Լեսքյուրը մահացել էր, իսկ Նենեթը անդամահատվել։ Նրա թևը կտրել էին, և նա վերադարձել էր Պետրոսի մոտ։ Նենեթի նկատմամբ ունեցած սերը հաղթում է մյուս բոլոր զգացումներին, և Պետրոսը նրա հետ հեռանում է մի գյուղ` այնտեղ հանգիստ ապրելու համար։ Սակայն այնտեղ էլ նրա բախտը չի բերում։ Երբ Պետրոսը մի քանի օրով մեկնում է Փարիզ, Նենեթը որոշում է հեռանալ նրանից, որպեսզի չխորտակի Պիերի ապագան։ Վերադարձին Պետրոսը Նենեթին գտնում է մահամերձ։ Նենեթի մահից հետո Պետրոսը ուզում է արտաբերել «Հայր մերը», բայց աղոթքի բառերը չի հիշում։ Կոստանը հուշում է ֆրանսերենը, և նա կրկնում է։ Նա արդեն վերջնականապես դարձել էր Պիեր, այսինքն ֆրանսիացի։ Նահանջն ազգային էությունից կատարյալ էր։

Վեպում արծարծված խնդիրները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը Սփյուռքի արմատախիլ հայության պատմությունն է, Փարիզ ընկած «Արևելքցի տղոց»` պոլսահայ երիտասարդների ողբերգական կյանքի պատմությունը։ Շահնուրը միտումնավոր կերպով վեպի հերոսներ է դարձրել երիտասարդներին. նրանք հեշտությամբ կարող են նոր բարքերի զոհը դառնալ, նոր կյանքի հրապույրները, հետաքրքրությունները, «ազատ» կյանքը հիմնովին կարող են փոխել նրանց կյանքի ընթացքը, շեղել ազգային ավանդներից։ «Նահանջը առանց երգի» վեպը Սփյուռքի համանվագն է, ուր, ինչպես ասում էր Փոլատյանը, «…կան ծիծաղներ` արկածահար ու կիսակատար, երգիծանք՝ աչքերե արցունք ժայթքեցնող, սիրավեպ, պանդխտության ցավը վայելքի մեջ խեղդելու փորձ և դյուցազներգություն՝ ազգային ոգիի»։ Շահնուրի վեպը, ազգային լինելով հանդերձ, համամարդկային է. այն պատկերում է 20-ական թվականների փարիզյան կյանքը՝ իր բարդություններով, անբարոյական, դրամատիրական, մարդկային այլազան հարաբերություններով և անբնական ընթացքով։ Վեպում կողք կողքի հանդես են գալիս հայեր և ֆրանսիացիներ, որոնք ստեղծում են ֆրանսիական կյանքի համայնապատկերը։ Շահնուրը փորձում է ցույց տալ օտար կյանքի ապականիչ ազդեցությունը ոչ միայն հայի, նաև հենց իր՝ ֆրանսիացու նկարագրի վրա։

Շահնուրը վեպը գրելիս դիմել է բազմապլանային դիպաշարի կառույցին՝ գրական հմտությամբ տալով սփյուռքահայ կյանքի ժամանակակից պատկերները, հասարակական և ազգային երևույթների նկատմամբ իր հստակ մոտեցումները։ Սյուժեն կարծես վեց տարբեր ճյուղավորում ունի՝ Պետրոսի (Պիեր), Սուրենի, Հրաչի, Լոխումի, Լեսքյուռի և Նենեթի (մադամ Ժան) ընտանեկան, ընկերային միջավայրերն իրենց և՛ ներքին, և՛ արտաքին կյանքով։ Վեց տարբեր մարդիկ, որոնք ունեն առանձնահատուկ ըմբռնումներ, բարոյական վարքագիծ։ Վեպը երեք մասից է բաղկացած, որոնք աստիճանաբար բացում են հերոսների հոգեկան աշխարհը, օգնում խորքով ըմբռնելու 20–30-ական թվականների ֆրանսահայ կյանքը՝ իր տարաբնույթ աշխարհով։ Բուն գործողությունները ծավալվում են Պետրոսի շուրջ։ Այս հիմնական սյուժետային գիծն աստիճանաբար իր մեջ է ներառում գործողությունների երկրորդական զարգացումներ։ Երկում մտորեն սերը (սեռը) և աշխատանքը համակցված են հանդես գալիս։ Աշխատանքը Շահնուրի համար նահանջը պատկերելու նախադուռ է հանդիսացել։ «Աշխատանքը և սեռը կը կապեն. կը հարակցեն երկու եզրերը իրարու, – հավաստում է ֆրանսահայ գրականագետ Գր. Պըլտյանը, – կը տանին հայը նոր աշխարհին, ֆրանսուհիին, օտարութեան… Սեռ և աշխատանք կը միանան իրարու այստեղ և կը կազմեն շրջանակմը, որուն մեջ կըլլա մարդը»։

Պետրոսի կերպարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսը պոլսեցուն հատուկ ճարպկությամբ կարողանում է վարժվել նոր միջավայրին, գտնել հարազատ զբաղմունք։ Նա աշխատանքի է անցնում«Մեծ ծառուղիներ» անվանմամբ լուսանկարչատանը։ Այստեղ՝ ճանաչված լուսանկարչի մոտ, մնում է երկու տարի, կատարելագործում իր արհեստը՝ «սորվելով նրբություններ, պզտիկ խաղեր, որոնց շնորհիվ լուսանկարիչ մը կհավակնի արվեստագետ եղած ըլլալ»։ Նա կարճ ժամանակում ընտելանում է Փարիզի անսովոր վարք ու բարքին. «Ամեն օր, և գրեթե ամբողջ օրը,մերկություններու հետ էր իր գործը։ Բայց ալ աչքերը չբացավ, ձեռքերը չդողացին, ենթակային կրցավ պետք եղածին պես մոտենալ, ափերով բռնել զայն` անհրաժեշտ դիրքը տալու համար, և իզուր ցանկաց մեկը սիրել։ Փարիզը անոր վրա ալ դրավ իր արտաքին վայելչության դրոշմը ու տարիները անցան, այդ կիներուն պես մերկ, անսեր»։ Պետրոսը, որի երակներում հոսում էր մաքուր և առողջ արյուն, աստիճանաբար տեղի է տալիս ազգային անաղարտ սովորույթներին և հաճախ տրվում է սեռային կրքերին։ Դա են վկայում նրա օրագրային գրառումները։ Աշխատանքը նրան ավելի է մերձեցնում փարիզյան բարքերին։ Արդեն իր գործում հմտացած Պետրոսը Լեսքյուռի հրավերով աշխատանքի է անցնում լուսանկարչական մի նոր արհեստանոցում, որտեղ էլ նա հային հատուկ անկեղծությամբ սիրահարվում է մադամ Ժանին։ Սեռի հրապույրը տարագիր հայ երիտասարդներին ուղիղ ճանապարհով տանում է դեպի օտարում, արագացնում է ազգային ավազանից հեռացումը։ Օտար հողում ազգային դիմագծից հեռացումն առաջին հերթին սկսվում, ապա շարունակվում է «ազատ» բարքերին տրվելով, հրապուրանքներով ու գայթակղություններով։ Միանգամայն ճիշտ է նկատվել, որ «Շահնուրը ողջ վեպի միջով անց է կացնում գերագույն մի միտք` օտար սերը ազգային առումով նույնքան այլասերող է, որքան օտար լեզվի օգտագործումը, բաներ, որոնք սակայն որպես անխուսափելի պարտադրանք կախված են հող ու հայրենիք կորցրած սերունդների գլխին»։ Շահնուրը սիրո խնդիրը վեպում ինքնանպատակ չի ներկայացնում։ Նա իր վեպին տալիս է «ազգայնական ուղղություն»։ Շ. Շահնուրի վեպի սիրային ամեն մի հարաբերություն՝ Պետրոս-Լիզ-Նենեթ, Սյուզան, Գաբրիելա և ուրիշներ, փաստում է հայերի արագընթաց օտարացման մասին։

Շահան Շահնուրը նահանջի առաջին ազդակը համարում է սեռը, և նրա վեպը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեռի վերհանում և քննում։ Պետրոսն ինչքան էլ անհատականացված լինի, միևնույնն է մնում է տիպական կերպար. նա այն հայն է, որ ընդդիմանալով ուծացման ռեալ վտանգին, չի կարողանում սահմանազատվել նահանջի հետապնդումներից, հետևաբար արարքներն ավելի են մխրճում իրեն օտարության ճահիճը։ Պետրոսի անցած ճանապարհը համընդհանուր է. և այդպես շարժվում է մի ամբողջ սերունդ։ Ճիշտ է, Պետրոսը կանխատեսող չէ, նա «շարքային» ֆրանսահայ է, սակայն գրողը վճռում է նրա միջոցով ցույց տալ հայամնա ու հայակորույս վիճակները։ Պետրոսի և Նենեթի սիրո հարաբերություններով, որոնց հիմքում ընկած է երկու ազգերի, այսինքն հայերի և ֆրանսիացիների, Արևելքի և Արևմուտքի սիրո հանդեպ ունեցած գաղափարների բախումը, ըմբռնումների տարբերությունը, Շահնուրը վարպետ գրչով տվել է նահանջի պատկերը։ Վեպում հայը՝ արևելցին, ներկայացված է Պետրոսի միջոցով։ Նա սիրո մեջ հայ է, անշահախնդիր։ Սիրում է անկեղծ, անվերապահ։ Պետրոսն իր ողջ էությամբ պատրաստ է անմնացորդ նվիրվել իր սիրած էակին՝ Նենեթին։ Հայի համար սերը հոգեկան ապրում է։ Այդ սերն է, որ վաղ թե ուշ կործանելու է Պետրոսին։ Ֆրանսիացին՝ Արևմուտքը, ներկայացված է Նենեթի միջոցով, որի սերն՝ առօրյա, ընթացիկ, խաբող, հաշիվների ենթակա սեր է համարվում, որ կարող է շատերին տրվել և վերածվել անասնական կրքի։ Ավելին՝ սիրելով Պետրոսին, նա չի դադարում ուրիշինը լինել, վարում է բոհեմական կյանք, նա լուսանկարների բնորդուհի է, և դեռ սա ամենը չէ. նա ունի զավակ, որին երբեք մայրություն չի արել։ Հայ մարդու համար, թերևս, այս վերջինն արդարացում չէր կարող ունենալ։ Սակայն Պետրոսը, արհամարհելով ամեն ինչ, անմնացորդ սիրում է նրան։ Ըստ Շահնուրի, այս սերունդը նման չէ իր ավանդապահ նախնիներին, ունի միանգամայն տարբեր մտածելակերպ, իրերին նայում է այլ տեսանկյունով և շատ շուտ սիրահարվում է և գտնվում տևական ազդեցությանտակ, ամենից ավելի տրվում է սրտի թելադրանքին, քան մտքի։ Եվ սա է պատճառը, որ կամա թե ակամա բռնում է նահանջի ուղին։

Թվում է՝ Պետրոսը ուժեղ անձնավորություն է, բայց իրականում այդպես չէ. հիասթափության պահերին նա հեռանում է Նենեթից, հոգու հանգիստը փորձում գտնել ազգային միջավայրում՝ իր ընկերների շրջապատում, սակայն դա այլևս նախկինը չէ. ընկերներից ամեն մեկը յուրովի հեռացել էր ազգային ակունքից։

Սուրենի կերպարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրենն այն հայն է, որ չի վախենում ճշմարտությունն ասելուց, և ինչո՞ւ վախենա, ի՞նչ ունի կորցնելու, բացի առողջ դատելուց և լեզվից, որը ևս անդառնալիորեն կորցնելու է. գրեթե ամեն ինչ արդեն կորցրել է՝ հայրենիք, հարազատներ. նա իրերն իրենց անունով է կոչում։ Սուրենը իրավացիորեն հայի դժբախտության պատճառը, ինչպես ուրիշներն են անում, չի փնտրում այլադավան, այլազգի մարդկանց մեջ, այլ տեսնում է իր ազգի մեջ, որը, անխոհեմաբար չկարողացավ դասեր քաղել պատմությունից։ Խորենացու հետևողությամբ Շահնուրը խոսում է մեր հայ իշխանների և թագավորների մասին ու խիստ քննադատում նրանց անիմաստասեր բարքերը, որոնց պատճառով էլ հայ ժողովուրդը դարեր շարունակ տառապել է ու հալածվել։ «Մեր այն թագավորը,– ասում է Սուրենը,– որ կկոչվեր Աբգար, Գագիկկամ Խոսրով, հավաքեց իր երկրին այն բոլոր անձերը, որոնց համար կըսեին թե խելացի են, իմաստուն պայծառատես և լուսամիտ։ Հավաքեց բոլորն ալ ու ջարդեց»։ Սուրենը պարզորոշ գիտակցում է, որ ազգային հին ու նոր առաջնորդների այդպիսի վարքը հանգեցրել է մի տխուր իրավիճակի. իրենք՝ նոր սերնդի ներկայացուցիչները, մոռացության են մատնում ոչ միայն անցյալի արժեքներն ու զոհողությունները, այլև վշտի իրենց զգացողությունը, ինչը կարևորագույն ազդակներից է. «Դուն, հայ լակոտ, դու ամենեն շուտը կփոխվիս անասունի, եթե օր մը իսկ մնաս առանց վիշտի»։ Սուրենը հայի առաջին դժբախտության պատճառներից մեկն էլ տեսնում է կրոնի մեջ և փորձում է դուրս գալ դրա դեմ՝ իր սուրն ուղղելով Նարեկացու «Մատյա-նին». «Հայերը գիրք մը ունին։ Անոնց ամենագեշ, զզվելի, ամենասխալ, վատառողջ և ամենեն ավելի անբարոյական գիրքն է ան – Նարեկը։ …Ոչ մեկ սերունդ, չխորհեցավ զայն ջնջել, որովհետև անոր լեզվական և բանաստեղծական ինչ ինչ հատկություններեն խաբվելով ծածկված թույնը չնշմարեց։ Ընդհակառակը փոխանցուցին որդիե որդի, արյունե արյուն, ու ան եկավ մինչև մեզ։ Թունավորվեցանք, ազգովին թունավորվեցանք։ Ահա թե ինչու պարտված ենք։ Պարտվածներ ենք, որովհետև այն վանականին հաշմանդամ հոգիին պես արհամարհեցինք և անգիտացանք գոյությունը մեր եսին, մեր ուժին, կամքին, անհատականության, չկռվեցանք, չխածինք, չմաքառեցանք։ Քրիստոնեական վարդապետության անոր սխալ ու թերի մեկնությունը ընդունելով եղանք անմտորեն կրավորական, համակերպվող, աղերսարկու, անգիտակից»։

Այլ կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսի ընկերներից յուրաքանչյուրը յուրովի հեռացել էր ազգային ակունքից. օտարությունը մերժող Հրաչը անդառնալիորեն փոխվել էր. մերկ կնոջ պատկերը ձեռքին ցինիկաբար կրկնում էր. «Հա-յաս-տա-նի պատ-կերն է. բան մը տվեք, նա-յե-ցեք։ Հա-յաս-տա-նի պատ-կերն է. բան մը տվեք, նա-յե-ցեք…»: Նա շուտով ամուսնանում է կանադացի մի ուսանողու՝ Սյուզանի հետ, և սա ունի իր բացատրությունը, իր «արդարացումը». «…հայուհին իր հիշողությանը կներկայանա երկու հաստ սրունքով և քիչ մը պեխով»։ Հրաչը ընդունում է օտարի սովորույթները՝ մոռանալով ծնողներին։ Նա մոռանում է այն ամենը, ինչն ազգային էր. նրա հարսանեկան արարողությանն անգամ ներկա չէին ծնողները, հավանաբար նույնիսկ տեղյակ չէին։ Նա այլևս նախկին ավանդապահ հայը չէր, որ մերժում էր օտարի հետ ամուսնությունը, ավելին՝ իր զավակին ֆրանսիական անունով էր կոչել՝ Րընե։ Ընկերներից Միսաքը, որ «…օրապահիկը շահելով հանդերձ հետևեցավ մեծ զոհաբերություններով ատամնաբուժական վարժարանի դասընթացքին ու կրցավ վերջապես վկայականը շահիլ», մեկնում է Մարսել՝ իր հորեղբոր մոտ կոշկակարություն անելու համար։

Վեպում բոլորը նահանջում են, չի նահանջում միայն Լոխումը (Զարեհ)։ Նա քահանայի որդի է, Պոլսի Պերպերյան վարժարանի նախկին սան։ Լոխումը փորձում է մնալ հայ, ավելին՝ յուրայինների մեջ ձգտում է արթնացնել հայի ոգին, որը դարեր շարունակ նրան ուժ ու եռանդ է տվել ապրելու, մաքառելու և իր ազգային ինքնությունը պահպանելու։ Նա հաճախ ըմբոստանում է. նախ ըմբոստանում է ընկերների դեմ. «Նորեն ֆրանսերեն թերթ, նորեն ֆրանսերեն թատրոն. ատոնց հայերենը չկա։ Չպիտի ըլլա որ դուք սանկ մեյ մը ցնցվիք, գիտակցիք մեր վիճակին, չպիտի ըլլա, որ կռվիք, մաքառիք ձուլումին ու այլասերումին դեմ…», հետո օտար միջավայրի և չգտնելով օտարացման ու ուծացման դեմ պայքարի ուղի, նա ցանկանում է մեկնել Հայաստան, նորօրյա հայրենիքի կառուցմանը մասնակցելու համար, դառնալու նրա մի մասնիկը. «Ռուսական դեսպանատուն է գացեր Լոխում, պահանջելով, որ Հայաստան երթալու համար իրեն անցագիր տան։ Մերժեր են։ Ըսեր է, թե կուզե իր հայրենիքը ապրիլ. մերժեր են։ Ըսեր է, թե կուզե ճահիճներու չորացումին և ջրանցքներու բացումին համար իր բազուկները տանիլ. մերժեր են։ Ըսեր է նույնիսկ, թե կուզե Արարատը տեսնել ու շնչել զայն. նորեն մերժեր են»։ Որպես ֆրանսիացի հերոսներ՝ վեպում հանդես են գալիս Լեսքյուռը, Կոստանը, Փթիթ Լիզը և դրվագային ևս մի քանի կերպարներ՝ Գին, Գաբին, Թերեզը, որոնք միայն միտված են օտար միջավայրի ընդհանուր ֆոնը բացահայտելուն։

Նոր կյանքը, նոր միջավայրը հայ երիտասարդների հոգում խոր հիասթափություն է առաջացնում, հիմք հանդիսանում հոռետես մտքերի, որոնց մեջ կա և՛ դառը ճշմարտություն, և որոշ չափով հայի կարգավիճակի չափազանցվածություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թորոս Թոթունյան, Վերստին կարդալով Շահան Շահնուրը, Հալեպ, 1971, էջ 15։
  • Շահան Շահնուր «Նահանջը առանց երգի»
  • Հայ գրականություն, Հրանտ Թամրազյան, Դավիթ Գասպարյան, Ժենյա Քալանթարյան
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են