Jump to content

Նախադասության անդամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախադասության անդամներ, նախադասության կազմիչ մասեր, որոնք, ըստ քերականական (շարահյուսական) հարաբերությունների բովանդակության և կապակցական բնույթի, արտահայտում են ամբողջական պաշտոններ։ Մտքի ձևավորման ու արտահայտման նպատակով բառերը (առանձին կամ զուգակցումներով) կապակցական զանազան հարաբերությունների մեջ են դրվում՝ կատարելով տարբեր պաշտոններ։ Այդպիսով կիրառական մակարդակում նրանք ներկայանում են որպես Նախադասության անդամներ։ Նրանց որոշման հիմքը քերականական հարաբերության բովանդակությունն է՝ կապակցական համապատասխան բնույթով։ Այդ հարաբերությունները լինում են՝ անդամներ գործողական-վերագրումային (ստորոգումային), բ․ հատկանիշային, գ․ առարկայական, դ․ հանգամանքային։ Գործողական-վերագրումային հարաբերության հիման վրա համաձայնական կապակցությամբ հանդես են գալիս ենթական և ստորոգյալը («Թռչունը թռավ», «Թռչունները թռան»,«Ես գնացի», «Գիրքը նոր է»), հատկանիշայինի հիման վրա՝ առդրությամբ՝ որոշիչը («Նոր գիրք գնեցի»), հոլովառությամբ՝ հատկացուցիչը («Իմ գիրքը վերցրի») և համաձայնությամբ կամ առանց դրան՝ բացահայտիչը («Գրիգորը՝ եղբայրս, գալիս է», «Նստեցի պարտեզում, ծառի տակ»), առարկայականի հիման վրա՝ խնդրառական կապակցությամբ՝ խնդիրները («Գնեցի գիրք», «Գրեցի մատիտով»), հանգամանքայինի հիման վրա՝ հոլովառական կապակցությամբ՝ որոշ պարագաներ («Անցնում եմ փողոցով», «Լողում եմ ծովում» են), առդրությամբ՝ այլ պարագաներ («Ամենուրեք զգացվում է գարնան շունչը»)։ Ըստ նախադասության կազմության մեջ ունեցած դերի նախադասության անդամները լինում են գլխավոր և երկրորդական։ Գլխավոր են ենթական և ստորոգյալը, որոնք կազմում են նախադասության կորիզը։

Երկրորդական անդամները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչվում են նաև լրացումներ, որոնք ընդարձակող դեր են կատարում։ Նրանք ստորադաս են լրացյալներին։ Լրացյալների հաշվառումով երկրորդական անդամները կամ լրացումները բաժանվում են գոյականական և բայական անդամների լրացումների։ Գոյականական անդամների լրացումներն են որոշիչը, հատկացուցիչը և, որոշ վերապահությամբ, բացահայտիչը։ Բայական անդամների լրացումներն են խնդիրները և պարագաները։ Խնդիրները բաժանվում են ուղիղ և անուղղակի տեսակների, որոնք իրենց հերթին ունեն ենթատեսակներ (բուն ուղիղ խնդիր՝ «Ջուր խմեցի», մասնական ուղիղ խնդիր՝ «Ջրից խմեցի», անուղղակի խնդիրներ՝ հանգման՝ «Հանդիպեցի Վարդանին», միջոցի՝ «Գրում եմ մատիտով», ներգործող՝ «Նա հարգվում է բոլորից», վերաբերության՝ «Պատմում էր հնից, նորից», անջատման՝ «Նամակ ստացա Գևորգից» և այլն)։ Պարագաները լինում են տեղի, ժամանակի, ձևի, չափի, նպատակի, հիմունքի, հակառակ հիմունքի, պայմանի ևն։

Ըստ արտահայտության ձևի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադասության՝ անդամները լինում են պարզ և բաղադրյալ (վերլուծական կամ նկարագրական)։ Պարզերն արտահայտվում են մեկ բառով, բաղադրյալները՝ երկու կամ ավելի բառերի զուգակցությամբ։ Բացի ստորոգյալից, բաղադրյալ կարող են լինել և ուրիշ անդամներ՝ «Խոսում եմ գործի մասին» (խնդիր), «Գիրքը դրված է սեղանի վրա» (պարագա)։ Այստեղ կա կապերի և նրանց խնդիրների զուգակցում։ Բաղադրյալ կամ վերլուծական անդամ կարող են լինել միայն նյութական իմաստ ունեցող բառերի կապակցությունները՝ «Հինգ մետր կտոր գնեցի», «Նա դեպքին իրազեկ մարդ է» (որոշիչներ)։ Ինքնուրույնաբար նախադասության անդամ կարող են լինել անվանողական արժեք (նյութական իմաստ) ունեցող բառերը՝ գոյականը, ածականը, թվականը, բայը, մակբայը և ցուցողաբար, ըստ իրադրության՝ դերանունները։ Կապերը նախադասության անդամ են կազմում իրենց խնդիրների հետ։ Մյուս խոսքի մասերը կիրառական նման դեր չունեն։

Նախադասության անդամների կապակցման միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադասության անդամների կապակցումը կարող է իրականացվել մի քանի եղանակով, դրանք են[1]

  • քերականական միջոցներով՝ մասնիկներով ու թեքույթներով,
  • բառային միջոցներով՝ օժանդակ և սպասարկու բառերով,
  • առանց այդ միջոցների։

Կապակցման լրացուցիչ դեր ունեն շարադասությունն ու հնչերանգը։

Մասնիկներ և թեքույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնիկներն և թեքույթները բառաձևեր կազմող միջոցներ են։ Դրանք են հոլովական և խոնարհման վերջավորությունները (այդ թվում՝ հոդերը), նախամասնիկները և ներքին թեքումները։ Դրանցով են կապակցվում՝

  • ենթական ու ստորոգյալը (օրինակ՝ Լիլիթը հասավ),
  • մի շարք լրացումներ ու լրացյալներ՝ հատկացուցիչը հատկացյալին, բուն բացահայտիչը և այլն (օրինակ՝ Սա Անիի գիրքն է։ Տեսա ընկերոջս՝ Արային։ Հանդիպեցի Սեդային։ Կհասնեմ կեսգիշերին)[1]։

Օժանդակ և սպասարկու բառեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օժանդակ և սպասարկու բառերը առավելապես քերականական իմաստ ունեցող բառեր են, որոնք մեծ մասամբ նախադասության անդամ չեն դառնում։ Դրանց դերը նախադասության անդամներ կամ նախադասություններ կապակցելն է։ Դրանք են օժանդակ բայն ու հանգույցը, կապերը, շաղկապները, կապական ու շաղկապական բառերը։

Շարադասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոհիշյալ միջոցներով կապված անդամները ունենում են միմյանց նկատմամբ որոշակի շարադասություն, որը նույնպես նպաստում է դրանց կապակցմանը։

Միայն շարադասությամբ են կապակցվում քերականորեն հարաբերվող այն անդամները, որոնք նախորդ միջոցներից որևէ մեկով կապված չեն։ (օրինակ՝ Ա՜յ թե հաջողակ օր է), հաճախ՝ պարագան ու ստորոգյալը (օրինակ՝ Բայց լավ երգեց, չէ՞)[1]։

Վերոհիշյալ միջոնցերով կապված անդամները լրացուցիչ կապակցվում են նաև հնչերանգով։ Այս դեպքում կարևոր են դադարն ու ելևէջը։

Իրար հետ քերականորեն կապված անդամները սովորաբար տարբերվում են ավելի սերտ միասնությամբ, քան իրար չկապված անդամները, որոնց միջև սովորաբար դադար է լինում (օրինակ՝ Մշուշի միջից, տեսի՜լ դյութական, Բացվում է կրկին Նաիրին տրտում[2])

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայոց լեզու. Շարահյուսություն. Հ. Զաքարյան, Յու. Ավետիսյան, 2009 Երևան (խմբ․ Սերգեյ Գալստյան), Զանգակ հրատարակչություն
  2. Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական («Երկիր Նաիրի» ժողովածու)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 154