Մշկառնետ (լատին․՝ Ondatra), համստերանմանների ընտանիքի կաթնասուն կենդանի է։ Հայաստանում կլիմայավարժեցումը սկսվել է Շիրակի մարզի Արդենիս լճում, այժմ հանդիպում է նաև Արփի լճում և Ախուրյան գետի ու ջրամբարի ափերին։ Բնակվում է ջրափնյա և ծանծաղուտային բուսականությամբ հարուստ բնական և արհեստական, հոսող ու կանգուն ջրատարների, ջրամբարների, ճահիճների, ճահճացած աղբյուրների ափերին՝ կուղբի բներում (հյուղակիկ), բարձր ափի դեպքում՝ բարդ կառուցվածքով հողափոր, հազվադեպ՝ լողացող բներում։
Մարմնի երկարությունը մինչև 36 սմ է, պոչինը՝ 28 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 1, 5 կգ։ Մորթին միագույն է՝ բաց շագանակագույնից սև։ Մեջքի մազածածկը բաժանվում է ստևի և աղվամազի։ Պոչը կողքերից սեղմված է՝ պատված մանր թեփուկներով ու նոսր, կարճ մազածածկով։ Հետին թաթերի մատների արանքում ունի լողաթաղանթ։ Աճուկային շրջանում կան մշկային գեղձեր։ Ունի կիսաջրային կենսակերպ, լավ լողում և սուզվում է (մինչև 12 ր կարող է մնալ ջրի տակ)։
Սնվում է ջրափնյա և ծանծաղուտային բույսերով (գերադասում է եղեգը), բուսական կերի պակասության դեպքում՝ նաև մանր ձկներով, գորտերով, անողնաշարավորներով և այլ կենդանական կերով։ Ակտիվ է մթնշաղին։ Կտղուցի շրջանում արուն արտադրում է մշկաբույր գեղձազատուկ։
Բազմանում է տարին 1 -2 անգամ, ունենում միջինը 6-7 ձագ։
Մորթատու կարևորագույն կենդանիներից է։ Մորթին բարձրորակ է։ Երբեմն վնասում է ոռոգման համակարգերը և ամբարտակները։ Տուլարեմիայի, լեպտոսպիրոզի և մարդու այլ վարակների բնական կրող է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։