Jump to content

Միջնորդ օղակների վերացում (դիզինտերմեդիացիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիզինտերմեդիացիան տնտեսագիտության մեջ առաջարկի կամ մատակարարման շղթայից տվյալ գործարքի հետ կապված միջնորդ օղակների վերացումն է[1]։ Մատակարարման ավանդական ուղիների փոխարեն, որոնք ունեին որոշակի տեսակի միջնորդ (օր․՝ դիստրիբյուտոր, մեծածախ առևտրական, բրոքեր կամ գործակալ), կազմակերպությունները ներկայումս կարող են միանգամից գործ ունենալ հաճախորդների հետ, օր․՝ համացանցի միջոցով[2]։

Դիզինտերմեդիացիան կարող է կրճատել հաճախորդների սպասարկման համախառն ծախսը և արդյունաբերողին թույլ տալ մեծացնել շահույթի մարժան կամ նվազեցնել գները։ Հաճախորդների կողմից նախաձեռնած դիզինտերմեդիացիան հաճախ շուկայի բարձր թափանցիկության արդյունք է, քանի որ գնորդները տեղյակ են առաջարկի գների մասին անմիջապես արդյունաբերողից։ Գնորդները կարող են ընտրել միջնորդների շրջանցումը (մեծածախ և մանրածախ վաճառականներ) անմիջապես արդյունաբերողից գնելով և այդ կերպ ավելի քիչ վճարել։ Գնորդները կարող են նաև նախընտրել մեծածախ վաճառականներից գնում կատարելը։ Հաճախ կազմակերպությունը բիզնես-սպառող (B2C) էլեկտրոնային առևտուրը գործարկում է որպես գնորդի և արդյունաբերողի միջև կամուրջ։

Սակայն արդյունաբերողները դեռ մատակարարման ծախսեր են կրելու, ինչպիսիք են ապրանքների ֆիզիկական տեղափոխումը, փոքր միավորներով փաթեթավորելը, գովազդելը և հաճախորդին օգնության ծառայություններ մատուցելը, որոնք նախկինում ամբողջությամբ կամ մասամբ ծածկվում էին միջնորդի կողմից։ B2C տիպիկ մատակարարման շղթան բաղկացած է 4 կամ 5 օղակներից։ Դրանք են մատակարարողը, արդյունաբերողը, մեծածախ վաճառականը, մանրածախ վաճառականը և գնորդը։

Տվյալ տերմինը որպես այդպիսին առաջին անգամ կիրառվել է բանկային ոլորտում 1967թ․։ Դիզինտերմեդիացիան տեղի ուներ այն ժամանակ, երբ ապառողները, բանկերի միջնորդությունից խուսափելով, խնայողական հաշիվների վրա իրենց գումարը թողնելու փոխարեն անմիջապես արժեթղթերում էին ներդրում կատարում (պետական և մասնավոր պարտատոմսեր, ապահովագրական ընկերություններ, հեջավորման ֆոնդեր, ներդրումային ֆոնդեր և բաժնետոմսեր)[3][4]։ Հիմնական պատճառը ԱՄՆ կառավարության նորմատիվային կարգավորումն էր, որը սահմանափակում էր Ավանդների ապահովագրության դաշնային կորպորացիայի կողմից ապահովագրված հաշիվների նկատմամբ եղած տոկոսադրույքները։

Ավելի ուշ դիզինտերմեդիացիա տերմինը սկսեց օգտագործվել առևտրում որպես միջնորդների վերացում, սակայն ֆինանսական բացատրությունը դեռ գերակայող էր մնում։ Միայն 1990-ական թթ․ վերջում էր, որ այն լայնորեն հանրայնացվեց։

Համացանցային դիզինտերմեդիացիայի ազդեցությունը տարատեսակ ոլորտների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առկա է այն պնդումը, որ համացանցը շուկայի թափանցիկությամբ պայմանավորված ձևափոխում է մատակարարման շղթան։ Դիզինտերմեդիացիան վիրտուալ շուկայի երևան գալու հետ մեկտեղ նոր նշանակություն է ձեռք բերել։ Վիրտուալ շուկայի վաճառողները, օր․՝ Amazon-ը, դուրս են թողնում միջնորդներին։ Անմիջական վաճառողները և գնորդները իրար հետ կապ են հաստատում վիրտուալ շուկայի կողմից ստեղծված հարթակի շնորհիվ։ Իհարկե հարթակը ստեղծող վենդորը դրա օգտագործման դիմաց փոխհատուցում է ստանում, հակառակ դեպքում այն ստեղծելը շահավետության տեսանկյունից ոչ մի իմաստ չէր ունենա։ Եթե գնորդը շրջանցում է հարթակը և գործարքն անմիջապես կատարում է վաճառողի հետ, ապա հարթակի սեփականատերը դժվար թե նրանից եկամտի չափաբաժին ունենա։ Սա կարող է դիզինտերմեդիացիայի նոր ձև համարվել։

Ոչ համացանցային աշխարհում դիզինտերմեդիացիան շատուշատ խոշոր մանրածախ առևտրականների համար (Walmart) կարևորագույն ռազմավարություն էր համարվում, որով փորձում էին մատակարարի և գնորդի միջև միջնորդների քանակը կրճատելով նվազեցնել գները։ Դիզինտերմեդիացիան նաև սերտորեն կապված է հենց այս պահին արտադրության գաղափարի հետ, քանի որ պաշարների անհրաժեշտության վերացումը իր հերթին վերացնում է միջնորդի կողմից կատարվող գործառույթ։ Դիզինտերմեդիացիան չսատարող օրենքների առկայությունը Ճապոնիայի և Գերմանիայի 1990-ական թթ․ ունեցած թույլ տնտեսական կատարողականի հիմնական պատճառ է դիտարկվում։

Սակայն համացանցային դիզինտերմեդիացիան ավելի փոքր հաճախականությամբ էր տեղի ունենում, քան շատերն էին ակնկալում կետ քոմի (.com) բումի ժամանակ։ Մանրածախ և մեծածախ առևտրականները էական գործառույթներ են կատարում, ինչպիսիք են՝ վարկի երկարաձգումը, տարբեր մատակարարներից ստացված ապրանքների ագրեգացիան կամ համախմբումը և հետգնված ապրանքների վերամշակումը։ Բացի այդ, շատ դեպքերում արդյունաբերողից և դեպի արդյունաբերող ապրանքների բեռնափոխադրումը կարող է ավելի քիչ արդյունավետ լինել, քան դրանք խանութ տեղափոխելը, որտեղից սպառողն այն ձեռք է բերում (եթե սպառողի խանութ հասնելու հետ կապված ծախսերն անտեսվում են)։ Դիզինտերմեդիացիայի սպառնալիքին ի պատասխան որոշ մանրածախ առևտրականներ փորձել են վիրտուալ և ֆիզիկական առկայությունները ինտեգրել միմյանց որպես բրիքս և քլիքս (bricks and clicks) հայտնի ռազմավարության միջոցով։

Վերամիջնորդավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերամիջնորդավորումը կարող է սահմանվել որպես վերջնական սպառողի և արտադրողի միջև միջնորդի վերաներկայացում։ Այս տերմինը հատկապես կիրառելի է ան դեպքերում, երբ դիզինտերմեդիացիան արդեն դրանից առաջ տեղի էր ունեցել[2]։

Համացանցային հեղափոխության սկզբում էլեկտրոնային առևտուրը դիտվում էր որպես գործառնական ծախսերի կրճատման գործիք։ Հայեցակարգն այն էր, որ սպառողներին ապրանքներն համացանցով անմիջապես արտադրողից ձեռք բերել թույլ տալով կարելի է կտրուկ փոքրացնել մատակարարման շղթան։ Սակայն ինչ իրականում տեղի ունեցավ այն էր, որ թվային աշխարհում նոր միջնորդներ ի հայտ եկան (օր․՝ Amazon.com և eBay)[5]։

Վերամիջնորդավորումը ծագեց էլեկտրոնային առևտրի դիզինտերմեդիացիոն հայեցակարգի հետ կապված մի շարք խնդիրների պատճառով, մեծամասամբ առանցքային էր ուղիղ սպառողին մոդելի հետ կապված խնդիրները։ Շատ փոքր պատվերների բեռնափոխադրման մեծ ծախսերը, սպառողներին ծառայությունների մատուցման զանգվածային խնդիրները, դիզինտերմեդիացիայի ենթարկված մանրածախ առևտրականների և մատակարարման ցանցերի գործընկերների զայրույթին դիմակայելը միասին վերցրած լուրջ խոչընդոտներ էին։ Հսկայական ռեսուրսներ են պահանջվում անհատական սպառողների հետ կապված նախա- և հետվաճառքային խնդիրները հոգալու համար։ Դիզինտերմեդիացիայից առաջ մատակարարման շղթայի միջնորդները արտադրողների համար վաճառքի մասնագետներ են հանդես գալիս։ Առանց նրանց արտադրողն ինքնուրույն պիտի գտնի սպառողներին։ Առցանց վաճառելը նույնպես ունի իր ծախսերը․ որակյալ կայքէջերի մշակումը, ապրանքի վերաբերյալ ինֆորմացիայի թարմացումը և մարքեթինգային ծախսերը։ Եվ վերջապես, դեպի համացանցի ուղիներ ապրանքի հասանելիության սահմանափակումը արտադրողին ստիպում է սպառողի ուշադրությունը գրավելու համար մրցակցել համացանցում մյուս եղածների հետ։

Ընկերությունների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզինտերմեդիացիայի նշանավոր օրինակներ են Dell-ը և Apple-ը, որոնք իրենց արտադրանքը անմիջապես սպառողին են վաճառում՝ շրջանցելով ավանդական մանրածախ ցանցերը և սպառողների կողմից լավ ճանաչված, շահութաբեր և կայուն աճ ունեցող բրենդներ ստեղծել հաջողացնելով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wake Forest. Infinite Financial Intermediation. page 50. Law Review 643 (2015)
  2. 2,0 2,1 Chircu, Alina M.; Robert J. Kauffman (1999). «Strategies for Internet Middlemen in the Intermediation/Disintermediation/Reintermediation Cycle». Electronic Markets. 9 (1–2): 109–117. CiteSeerX 10.1.1.102.6089. doi:10.1080/101967899359337.
  3. Gellman, R. (1996). Disintermediation and the Internet. Government information quarterly, 13(1), 1-8.
  4. Belke, Ansgar; Thorsten Polleit (2011). Monetary Economics in Globalised Financial Markets. Springer Science & Business Media. էջ 73. ISBN 978-3540710028. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  5. Sarkar, Butler and Steinfield. Intermediaries and Cybermediaries: A Continuing Role for Mediating Players in the Electronic Marketplace Արխիվացված 2012-07-01 Wayback Machine. 1995.