Մետե Ֆրեդերիկսեն (դան․՝ Mette Frederiksen, նոյեմբերի 19, 1977(1977-11-19)[1], Օլբորգ, Դանիա), դանիացի քաղաքական գործիչ, 2019 թվականի հունիսի 27-ից Դանիայի վարչապետ։ 2001 թվականից Կոպենհագենի շրջանից ֆոլկետինգի պատգամավոր է։ 2011-2014 թվականներին եղել է զբաղվածության նախարար, իսկ 2014-2015 թվականներին արդարադատության նախարար՝ Հելլե Թորնինգ Շմիդտի կառավարությունում։ 2015 թվականի հունիսի 28-ից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է[8]։
Նրա հայրը տպագրող էր, իսկ մայրը՝ ուսուցիչ։ Նա հաճախել է Օլբորգի գիմնազիա և Օլբորգի համալսարանում սովորել վարչարարություն և հասարակական գիտություններ (2007)։ 2000 թվականից աշխատել է LO-ում՝ որպես Դանիայի արհմիությունների կոնֆեդերացիայի երիտասարդական հարցերով խորհրդատու։ 2009 թվականին Կոպենհագենի համալսարանում ստացել է աֆրիկյան հետազոտությունների մագիստրոսի աստիճան։
1922 թվականին միացել է Դանիայի Սոցիալ-դեմոկրատական երիտասարդությանը։ Ֆրեդերիկսենը սոցիալ-դեմոկրատների մշակույթի, ԶԼՄ-ների և գենդերային հավասարության գծով ներկայացուցիչն էր։ Նա 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո դարձել է իր կուսակցության սոցիալական հարցերով ներկայացուցիչը։ Նա նաև զբաղեցնում էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբի փոխնախագահի պաշտոնը։