Մեսսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեսսա (իտալ․ messa, ուշ լատ․ missal լատ mitto—հղել, ներել), վոկալ- խմբերգային (հաճախ՝ մեներգիչներով) կամ վոկալ-գործիքային բազմամաս երաժշտական ստեղծագործության ժանր, լիթուրգիայի՝ կաթոլիկական եկեղեցու կողմից ընդունված անվանումը (համապատասխան է ուղղափառ եկեղեցու պատարագին)։ Մեսսայի կազմն ու արարողության կարգը ստեղծվել են դարերի ընթացքում։ Սիմվոլիկ իմաստը կապված է հացն ու գինին Հիսուսի մարմին ու արյուն դարձնելու ծեսի հետ։ Սկզբում եղել է միաձայն, XIV դարից՝ բազմաձայն (Գիյոմ դե Մաշո) և ցիկլային։ Մասերի քանակն ու հաջորդման կարգը հաստատվել է Տրիդենտյան տիեզերական ժողովում (1545—1563) Վատիկանի 2-րդ տիեզերական ժողովը (1962—1965) թույլատրել է արարողությունը վարել ոչ միայն լատիներեն, այլ նաև տեղական լեզուներով։ Մեսսայի 5 հիմնական մասերն են Kyrie eleison (Տեր ողորմեա), Gloria (Փառք ի բարձունս), Credo (Հավատամք), Sanctus (Սուրբ) և Benedictus (Օրհնեալ է), Agnus Dei (Գառն Աստծո)։ Տարբերում են կարճ Մեսսա (missa brevis)՝ 2—3 մասանի, հանդիսավոր Մեսսա (missa solemnis), որի մասերը բաղկացած են առանձին, այդ թվում՝ Քրիստոսի մարմնառությանը («Etincar- natus»), խաչելությանը («Crucifixus»), հարությանը («Et resurrexit») վերաբերող և այլ բաժիններից։ Վերածննդի դարաշրջանում մեսսան երաժշտական ստեղծագործության առավել մոնումենտալ ժանրն էր։ Մեսսաներ են գրել Գ․ Դյուֆային, Ժոսքեն Դեպրեն, Օ․ Լասսոն, Պալեստրինան։ Առանձնապես բարձր գնահատելի են Յո․ Ս․ Բախի սի-մինոր «Բարձր Մ․» (24 մասից), Մոցարտի դո-մինոր «Մեծ Մ․» (18 մասից), Բեթհովենի ռե-մաժոր «Հանդիսավոր Մեսսա» («Missa solemnis»)։ Սրանցում Մեսսայի ժանրը վճռականապես հեռացել է կրոնական-հոգևոր երաժշտությունից և ձեռք բերել խորապես մարդկային բովանդակություն։ Հոգեհանգստյան մեսսա կոչվում է ռեքվիեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 468