Jump to content

Մեդիանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդիանա
Տեսակհնագիտական հուշարձան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունMedijana?
ՊատվիրողԿոստանդիանոս Ա Մեծ
Ժառանգության կարգավիճակArchaeological Site of Exceptional Importance?
Քարտեզ
Քարտեզ

Մեդիանա (սերբ.՝ Медијана), ուշ հռոմեական ժամանակաշրջանի կարևոր հնագիտական վայր, որը գտնվում է սերբական Նիշ քաղաքի արևելյան արվարձանում։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել է վիլլա՝ պերիստիլով, թերմով, ամբարով և ջրային աշտարակով։ Բնակավայրը թվագրվում է Կոնստանտինոս Մեծի օրոք 306-337 թվականներին։ Թեև հռոմեական արտեֆակտներ կարելի է գտնել ներկայիս Նիշի ամբողջ տարածքում, Մեդիանան ամենալավ պահպանված հատվածն է։ 1979 թվականին Մեդիանան ավելացվել է բացառիկ նշանակության հնագիտական վայրերի ցանկում, պահպանվում է Սերբիայի Հանրապետության կողմից։

Կոնստանտինոս Մեծը (280–337) ծնվել և մեծացել է Նաիսուսում։ Նա վեհաշուք նստավայր է կանգնեցրել հին Նաիսուսի շքեղ արվարձաններից մեկում, որտեղ հաճախ էր բնակվում և զբաղվում պետական գործերով։ Պատմական գրառումները վկայում են, որ Նաիսուսում նա մի քանի օրենքներ է ընդունել՝ 315, 319, 324 և 334 թվականներին։

337 թվականին Կոստանտինոսի մահից հետո կայսերական նստավայրը Մեդիանայում օգտագործվել է մի քանի այլ կայսրերի կողմից՝ կա՛մ որպես հանգստի վայր իրենց երկար ճանապարհորդությունների ժամանակ, կա՛մ պատերազմի նախապատրաստման ժամանակ։ Կոնստանտինոսի որդիները՝ Կոնստանցիոս II-ը և Կոնստանսը, մնացել էին Նաիսուսում 340 թվականի ձմռանը, քանի որ այնտեղ հրամանագիր էին ստորագրեել։ Հետագայում Կոնստանսն այն օգտագործել է որպես ժամանակավոր կացարան։ Ըստ Հերոնիմուսի տարեգրության, երբ Վետրանիոն՝ Դանուբյան բանակի հրամանատարը, Սիրմիում կայսր հռչակվեց, նա կայսերական իշխանության նշանները հանձնել է Կոնստանցիոս II-ին Նաիսուսում՝ կայսերական վիլլայում, 350 թվականին։

Հուլիանոս Ուրացողը որոշ ժամանակ անցկացրել է Նաիսուսում՝ Կոնստանցիոս II-ի դեմ իր արշավանքի ժամանակ, 361 թվականի վերջին։ Իր երկամսյա կեցության ընթացքում Հուլիանոսը երկար նամակներ է գրել դեպի Սենատ, Աթենք, Կորնթոս և հունական այլ քաղաքներ՝ բացատրելով իր քաղաքականությունը։

Ըստ Օլիմպիոդորոս Թեբեացու, Նաիսուսը եղել է հռոմեական կայսր Կոնստանցիոս III-ի հայրենի քաղաքը, որը Վալենտինիանոս III-ի հայրն էր և Գալլա Պլասիդիայի ամուսինը։

364 թվականին կայսերական Մեդիանան այն վայրն էր, որտեղ կայսրեր Վալենտինիանոսնն ու Վալենսը հանդիպեցին և բաժանեցին Հռոմեական կայսրությունը՝ միասին կառավարելով[1]։

Բնակավայրը լքվել է այն բանից հետո, երբ Նաիսուս քաղաքը ավերվել է Աթթիլայի հորդաների կողմից 442 թվականին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը կառուցվել է հարթ տեղանքում՝ ավելի քան 400,000 քառակուսի մետր տարածքի վրա, գետից որոշ հեռավորության վրա, Նիշավայի հովիտը շրջապատող բլուրների ստորոտին, ջերմային աղբյուրների մոտ։ Արևելք-արևմուտք ուղղությամբ մի փողոց անցնում էր վիլլայի հարավային կողմից՝ պերիստիլով և նրանից 150 մետր հեռավորության վրա գտնվող ամբարով։ Այս փողոցից հնարավոր էր մոտենալ այս շենքերին։ Վիլլայից արևմուտք գտնվում էր ամբարը, իսկ հյուսիսում՝ ութանկյուն և շրջանաձև սենյակներով ընդարձակ շինություն։ Վիլլայից հարավ կան մի քանի ֆունկցիոնալ սպասարկման կառույցների մնացորդներ։ Աչքի զարնողն այն է, որ պինդ նյութից շքեղ շինությունները՝ սյուներով, զարդարված մարմարե երեսապատմամբ, խճանկարներով և որմնանկարներով, կենտրոնացած են հիմնականում կենտրոնական վիլլայի և նրա պերիստիլի շուրջ, իսկ տնտեսական նշանակության շենքերը գտնվում են ամբարից արևմուտք՝ դեպի Նաիսուս։

Վիլլան զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Կազմում է մոտ 6000 մ² (98,6 x 63 մ) տարածք և ներառում է թերմը արևմտյան կողմում և ավելի փոքր նիմֆեա արևելյան կողմում։ Վիլլայի երկայնական առանցքը հյուսիս-հարավ ուղղությամբ է։ Ամբողջ հյուսիսային հատվածը ջեռուցվել է։ Վիլլան շքեղ ձևավորված էր, ինչի մասին վկայում են տարբեր չափերի մարմարե սյուները, հիմքն ու խոյակները, սյուների խոյակների և սալերի ռելիեֆները, թանկարժեք, բազմերանգ մարմարի պատերի մնացորդները, որմնանկարները և այլն։ Պերիստիլային գավթի հատակի խճանկարները (450 մ²) և հանդիսականների սրահը լավ պահպանվել են։ Գավթի խճանկարները երկրաչափական են։ Հանդիսականների սրահի մուտքի մոտ պատկերված են խճանկարներ։ Հանդիսասրահի միջին հատվածը ծածկված է երկրաչափական նախշազարդ լայն ուղղանկյուն դաշտով։ Այս կառույցի կենտրնական մասը վեցանկյուն է (կողքից 3,2 մ)՝ մեջտեղում շատրվանով, նույնպես վեցանկյունի տեսքով։ Շատրվանի մեջտեղում երեւում է կապարե խողովակը, որն օգտագործվում է ջուր մատակարարելու համար։ Վեցանկյունը շրջապատում են ավելի փոքր տարածքներ, կողմերից մեկը վեցանկյուն բազմանկյուն է։ Նիմֆեի հատակը ծածկված է խճանկարով։ Վեցանկյունի լայն արտաքին շրջանակը ծածկված է փոփոխվող ոճավորված լոտոսի ծաղիկներով, իսկ ներքին կողմում ընդգծված է եռակի եզրագծով։ Վեցանկյունի կողային տարածությունները նույնպես զարդարված են խճանկարով։

Թերմերը գտնվում են վիլլայից հյուսիս-արևմուտք և հավանաբար կապված են եղել դրան։ Բաղնիքի մուտքը հարավային կողմից է։ Մեդիանայի թերմից, հավանաբար, օգտվել են վիլլայի տերերը, ովքեր կարող էին նրանց հասնել անմիջապես իրենց սենյակներից։ Բաղնիք տանող ճանապարհի միջանցքը զարդարված է հատակի խճանկարներով՝ նույն որակի երկրաչափական նախշերով, ինչ պերիստիլի խճանկարները։ Գավիթը և ապոդիտերիումը պատված են աղյուսով, իսկ միջնասենյակը մասամբ աղյուսով, մասամբ՝ ավելի մեծ սպիտակ մարմարե թեսերաներից պատրաստված խճանկարով։

Յուրաքանչյուր հռոմեական ջրատարի վերջում սովորաբար հայտնաբերվում էր ջրային աշտարակ (castellum aquae): Այս ջրամբարից ջուր էր մատակարարվում հորերն ու շատրվանները, ավազանները, թերմերը և ոռոգման ջրանցքները։ Նրա երկայնական առանցքը ուղղված է հյուսիս-հարավ։ Ջրային աշտարակի տեղանքի և հովտի միջև, որտեղ գտնվում են Մեդիանայի շենքերը, 10 մետր բարձրության տարբերություն կա։

Երկու վաղ քրիստոնեական եկեղեցիներ են պեղվել Մեդիանայում։ Երկուսն էլ կառուցվել են միաժամանակ 378 թվականից հետո։ Առաջին եկեղեցին հայտնաբերվել է 2000 թվականին, երբ հայտնաբերվել է Հիսուսի մոնոգրամը։ Առաջինից ընդամենը 8 մետր դեպի հարավ, 2007 թվականին պեղվել է երկրորդ եկեղեցին, գտածոների թվում եղել է խաչով բրոնզե մատանի։ Գտածոները վկայում են այն մասին, որ Մեդիանան քրիստոնեական համայնք էր[2]։

2019 թվականի հուլիսից կայքը փակ է այցելուների համար՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են ընթանում, նշված չէ վերաբացման ժամկետը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդիանա» հոդվածին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Decline and Fall of the Roman Empire, Vol. 2: Chapter XXV: Reigns of Jovian and Valentinian, Division of the Empire. Part II».
  2. «Политика Online».