Մարտիրոս Խարասարցի (ծնվ․ և մահ․ թվականները անհայտ), XVI դարի հայ տաղերգու։ Բանաստեղծությունների հնագույն օրինակները պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (№ 33 ձեռագիր)։ Գրել է սիրո տաղեր, որոնք կապվում են հայ միջնադարի քնարերգության ավանդույթների հետ։ Դրանք պարզ զեղումներ են և աչքի են ընկնում թախծոտ բովանդակությամբ։ Կենցաղային ծիսական տաղերում («Տաղ ուրախութեան», «Տաղ հարսանեաց եւ ուրախութեան. ընտիր եւ գեղեցիկ», «Տաղ կնքտուքի եւ տղարուքի. կնքահօր եւ սանի») պատկերել է ժողովրդական տոնախմբությունները՝ ծանրանալով երևույթի աշխարհիկ և արտաքին կողմերի վրա։ «Տաղ ի վերայ Կաֆա քաղաքին. ասացեալ վասն ուրախութեան» բանաստեղծության մեջ Կաֆան ներկայացված է որպես հայ ժողովրդի հոգևոր կենտրոններից մեկը։ Գինու և խնջույքի երգերն աչքի են ընկնում կենսասիրությամբ։ Հայ քնարերգության մեջ Մարտիրոս Խարասարցին առաջինն էր, որ երգեց խնջույքը, ուրախությունն ու վայելքը՝ դառնալով այս մոտիվի սկզբնավորողը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 346)։