Մասրուց անապատ, ճարտարապետական հուշարձան ՀայաստանիԳեղարքունիքի մարզիՁորագյուղ բնակավայրի արևելյան եզրին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից եռաբսիդ, անկյուններում չորս ավանդատներով գմբեթավոր ոչ մեծ կառույց է։ Պատերը շարված են կոպիտ մշակված քարերից, իսկ կառուցողական առավել պատասխանատու մասերը (գմբեթակիր կամարները, թմբուկը և գմբեթը)՝ համեմատաբար կանոնավոր մշակված քարերից։ Հիմնովին վերակառուցվել է հարավարևմտյան ավանդատունը։ Գմբեթը և խաչաթևերը ծածկված են եղել հարթ, ուղղանկյուն սալերով։ Մասրուց անապատի կառուցման թվականը հայտնի չէ, սակայն իր ձևերով այն մոտ է Սյունիքի ճարտարապետական դպրոցի IX-X դարերի սահմանագծում կառուցված հուշարձաններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 277)։