Jump to content

Մայա Փահլևանյան (Պեգիվանովա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայա Փահլևանյան
Դիմանկար

Մայա Փահլևանյանը (Պեգիվանովան) (), «Երիտասարդ գվարդիայի» առաջին անդամներից մեկը։ Մեծ ներդրում է ունեցել Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ ծավալված պարտիզանական պայքարում և դիմադրական շարժման մեջ։ ։

Մայա Պեգիվանովան ծնվել է 1925 թվականի մայիսի 20-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի հայկական Թոփթի գյուղում՝ ուսուցիչ Գասպար Գալուշոկյանի ընտանիքում[1]։ Չորս տարեկան հասակում աղջիկը զրկվել է հորից։ Նրան մեծացրել ու դաստիարակել է մայրը՝ Աննա Վասիլևնան։ 1926 թվականին, երբ Մայայի 2 տարին դեռ չէր լրացել, նա մոր հետ հայտնվել է Կրասնոդոնում[2]։

Մ. Պեգիվանովան սովորել է Կրասնոդոնի մոտ գտնվող Պերվոմայկա ավանի միջնակարգ դպրոցում։ 9-րդ և 10-րդ դասարաններում եղել է դպրոցի կոմերիտական կազմակերպության քարտուղարը[3]։

«Երիտասարդ գվարդիա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ գվարդիան հակաֆաշիստական կոմերիտական ընդհատակյա կազմակերպություն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Կրասնոդոնում։ Գործել է ընդհատակյա կուսակցական կազմակերպության ղեկավարությամբ։ «Երիտասարդ գվարդիայի» անդամներից 17-ը Պերվոմայկա ավանի դպրոցից էին։ Նրանց թվում էր նաև Մայա Փահլևանյանը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա Պեգիվանովան «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կազմակերպության «Հնգյակի» ղեկավար էր, այս պաշտոնը վստահում էին ամենահամարձակներին։ Նա Ուլյանա Գրոմովայի հետ գրել է հակաֆաշիստական առաջին թռուցիկը և կյանքը վտանգի ենթարկելով՝ այն տարածել է քաղաքում ու շրջակա գյուղերում։ Նա մասնակցեց այն բեմադրումներին և համերգներին, որոնք երիտասարդ գվարդիականները կազմակերպում էին ակումբում զավթիչների համար. «ինքնագործունեության խմբակ» ցուցանակի շնորհիվ ավելի հեշտ էր աննկատ մնալ և հանդիպումներ կազմակերպել։

1943 թվականի հունվարի 11-ին Գեստապոն ձերբակալել է «Երիտասարդ գվարդիայի» անդամներին, ծանր խոշտանգումների է ենթարկել՝ փորձելով գաղտնիքներ կորզել նրանցից, բայց կոմերիտականները, նրանց թվում՝ Մ. Պեգիվանովան, ոչինչ չեն հայտնել՝ հավատարիմ մնալով իրենց երդմանը։ Հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը, երբ մի քանի գվարդիականների տանում էին մահապատժի, Մայային ոստիկանությունը ստիպված էր ձեռքերի վրա տանել, քանի որ չէր կարողանում քայլել։ Նույն գիշերը նրանց կենդանի նետել են հանքահորի մեջ՝ խնայելով զինամթերքը։ Մարտի 1-ին արդեն ազատագրված Կրասնոդոնում 58 մետր խորությունից դուրս են բերվել նրանց մարմիններն ու թաղվել քաղաքի կենտրոնում գտնվող եղբայրական գերեզմանում։

1943 թվականի սեպտեմբերի 13-ին գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղված պայքարում ցուցաբերած խիզախության ու արիության համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը Մ. Փահլևանյանին (Պեգիվանովային) հետմահու պարգևատրել է «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի» և «Հայրենական պատերազմի պարտիզան 1-ին աստիճանի» շքանշաններով[3]։

Հայուհիները երկրորդ աշխարհամարտի տարիներին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայուհիներ, հանրագիտարան երկու հատորով, հ. 1, էջ 201
  2. Number (2020 թ․ մայիսի 4). ««Երիտասարդ գվարդիայի» հայերը. Կրասնոդոնի պատանիների ու աղջիկների անմահ սխրագործությունները». Dalma News. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.