Ճարտարագիտական երկրաբանություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ինժեներական երկրաբանություն, երկրաբանական գիտություն զանազան ինժեներական կառույցների շինարարության և տարածքի տնտեսական օգտագործման երկրաբանական պայմանների մասին։ Ինժեներական երկրաբանությունը սկզբնավորվել է 19-րդ դարում։
Ծովային ինժեներական երկրաբանությունը դիտարկում է շինարարության հնարավորությունները սուբակվալ միջավայրի պայմաններում։ Ձևավորվում է ինժեներական երկրաբանության մի նոր ուղղություն, որը քննարկում է սեյսմիկ երևույթները ինժեներաերկրաբանական տեսանկյունից (ինժեներային սեյսմաերկրաբանություն)։ Ինժեներական երկրաբանությունը սերտորեն կապված է հիդրոերկրաբանության, սառցագիտության, նավթի երկրաբանության հետ։ Դաշտային հետազոտությունների ժամանակ ինժեներական երկրաբանությունը օգտագործում է երկրաֆիզիկական (էլեկտրահետախուզություն, կարոտաժ), ֆիզիկական և քիմիական մեթոդներ։ 1968 թվականին Պրահայում կայացած միջազգային երկրաբանական կոնգրեսի 23-րդ նստաշրջանը հիմնեց ինժեներական երկրաբանների միջազգային ասոցիացիա։
Հայաստանում առաջին ինժեներաերկրաբանական աշխատանքները կապված էին Շիրակի ջրանցքի, Երևանի, Քանաքեռի, Գյումուշի ՀԷԿ-երի, Ս. Մ. Կիրովի անվանում են քիմկոմբինատի շինարարության հետ։ Ինժեներական երկրաբանությունը ընդգրկում է գրունտագիտությունը, ինժեներական երկրադինամիկան, որը հետազոտում է ինչպես բնական, այնպես էլ մարդու ինժեներաշինարարական գործունեությամբ ստեղծվող երկրաբանական պրոցեսները, նպատակ ունենալով գնահատել նրանց հնարավոր ազդեցությունը տվյալ տեղանքի կայունության, շինարարության պայմանների, կառույցների կայունության ու շահագործման նկատմամբ, և ռեգիոնալ ինժեներական երկրաբանությունը։ Ինժեներական երկրաբանության գծով ուսումնասիրություններ են տարվում ՀՀ ԳԱԱ համակարգում, Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, մի շարք նախագծային ինստիտուտներում և այլուր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 344)։ |