Հրաշք գործողը (պիես)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաշք գործողը (այլ կիրառումներ)
Հրաշք գործողը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Ուիլյամ Գիբսոն |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1959 |
Առաջին ներկայացում | հոկտեմբերի 19, 1959 |
Տեսարան | Տասկամբիա |
«Հրաշք գործողը» (անգլ.՝ The Miracle Worker), Ուիլյամ Գիբսոնի՝ երեք գործողությունից կազմված պիեսը, որը հիմնված է ամերիկացի կույր և խուլ Հելեն Քելլերի ինքնակենսագրության վրա։ Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1959 թվականին և դարձել «Թոնի» մրցանակի դափնեկիր հինգ անվանակարգերում։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հելեն Քելլեր (անգլ.՝ Helen Keller) – կույր ու խուլ աղջիկ՝ կապիտան Քելլերի և նրա կին Քեթիի դուստրը, Միլդրեդի և Ջեյմսի քույրը,
- Էնն Սալլիվան (անգլ.՝ Anne Sullivan) – Հելլենի ուսուցչուհին, Փերկինսի կույրերի դպրոցի շրջանավարտ, Էնն Ջիմմի եղբայրը մահացել է մանկատանը,
- Կապիտան Քելլեր (անգլ.՝ Captain Keller) – Հելենի, Ջեյմսի և Միլդրեդի հայրը, Քեթիի ամուսինը,
- Քեթի Քելլեր (անգլ.՝ Kate Keller) – կապիտան Քելլերի կինը, Միլդրեդի և Հելենի մայրը, Ջեյմսի խորթ մայրը,
- Ջեյմս Քելլեր (անգլ.՝ James Keller) – կապիտան Քելլերի որդին առաջին ամուսնությունից, Հելենի և Միլդրեդի եղբայրը հոր կողմից,
- Հորաքույր Իվ (անգլ.՝ Aunt Ev) – Միլդրեդի, Ջեյմսի և Հելենի հորաքույրը,
- Միլդրեդ (անգլ.՝ Mildred) – մանկահասակ երեխա, Քեթիի և կապիտան Քելլերի դուստրը, Հելենի և Ջեյմսի քույրը,
- Անանոս (անգլ.՝ Anagnos) – Փերկինսի կույրերի դպրոցի տնօրեն,
- Պերսի (անգլ.՝ Percy), Մարտա (անգլ.՝ Martha) և Վինի (անգլ.՝ Viney) – Քելլերի տան սպասավորներ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քելլերների ընտանիքում ծնվում է աղջիկ՝ Հելլենը։ Տասնինն ամսականում նա հիվանդանում է «ուղեղի բորբոքում» հիվանդությամբ։ Նրան հաջողվում է բուժվել, սակայն կորցնում է լսելու և տեսնելու ունակությունները։ Աղջկա ծնողները չգիտեն, թե ինչպես դաստիարակեն այդպիսի երեխային և ամբողջ ժամանակ ներողամտությամբ են վերաբերվում նրան, ինչի հետևանքով Հելենը մեծանում է անհնազանդ և քմահաճ։
Քելլերները որոշում են տուն ուսուցիչ հրավիրել։ Փերկինսի կույրերի դպրոցից ուղարկում են Էնն Սալլիվանին, որը երիտասարդ էր և ուներ տեսողության խնդիրներ։ Հելենի հայրը՝ կապիտան Քելլերը, կասկածում է, որ օրիորդ Սալլիվանը կկարողանա սովորեցնել խուլ և կույր երեխային։
Սալլիվանի կոշտ մեթոդները դուր չեն գալիս կապիտանին, և նա որոշում է կայացնում հեռացնել ուսուցչուհուն։ Ի պատասխան՝ վերջինս խնդրում է իրեն տալ երկու շաբաթ, որի ընթացքում Հելենը փոքրիկ տանն ամբողջությամբ կմեկուսանա աշխարհից և կլինի Սալլիվանի տրամադրության տակ։ Ծնողները դժկամությամբ համաձայնվում են։
Ուսուցչուհուն հաջողվում է հաջողության հասնել ուսուցման մեջ, բայց նա չի կարողանում հասնել գլխավորին․ Հելենը պետք է հասկանա, որ յուրաքանչյուր առարկա ունի անվանում։ Էննին տրված երկու շաբաթն ավարտվում է, և նա արդեն պատրաստվում է հեռանալ, երբ հանկարծ Հելենը հասկանում է, որ ուսուցչուհու մատների հատուկ շոշոփումը նշանակում է «ջուր»։
Օրիորդ Սալլիվանը մնում է Քելլերների տանը, որպեսզի շարունակի իր սանին ուսուցանելը։
Բեմադրություն Բրոդվեյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոդվեյում պիեսի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թվականի հոկտեմբերի 19-ին։ Տրվել է 719 ներկայացում, 1961 թվականի հուլիսի 1-ին ներկայացումը փակվել է։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Արթուր Փենը, Էննի դերը կատարել է Էնն Բենկրոֆտը, Հելենինը՝ Պատի Դյուկը, կապիտան Քելլերինը՝ Թորին Թետչերը, Քեթինը՝ Պատրիցիա Նիլը, Անանոսինը՝ Մայքլ Կոնստանտինը, Վինինը՝ Բի Ռիչարդսը։
Ներկայացումը գրեթե բացառապես դրականորեն է ընդունվել քննադատների կողմից։ «Time» ամսագրի գրախոսականում քննադատը գրում է, որ «պատմությունը, չնայած շատ հայտնի է, բեմում ձեռք է բերում ցնցող նոր իրողություն և տպավորություն»։ Հոդվածում «հոյակապ» է անվանվում գլխավոր դերակատարների խաղը և Արթուր Փենի ռեժիսուրան[1]։ Ներկայացումը դրական է գնահատել նաև «The New York Times» ամսագրի գրախոսող Բրուքս Ատկինսոնը, որն ընդգծել է պիեսի հուզական ուժը[2]։
Պիեսը Բրոդվեյում նորից բեմադրվել է 2010 թվականին, մարտի 3-ին տեղի է ունեցել պրեմիերան։ Սալլիվանի դերակատարը եղել է Պիլլ Էլիսոնը, Հելենինը՝ Էբիգեյլ Բրեսլինը։ Չնայած քննադատների բարձր գնահատականներին՝ բեմադրությունը ձախողվել է և նույն թվականի ապրիլի 4-ին փակվել[3]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Թվական | Կատեգորիա | Առաջադրված | Արդյունք |
Թոնի | 1960 | Լավագույն պիես | Ուիլյամ Գիբսոն | Հաղթանակ |
Կանացի լավագույն դեր պիեսում | Էնն Բենկրոֆտ | Հաղթանակ | ||
Theatre World Award | Պատի Դյուկ | Հաղթանակ | ||
Պիեսի լավագույն ռեժիսուրա | Արթուր Փեն | Հաղթանակ | ||
Լավագույն տեխնիկ | Ջոն Ուոլթերս | Հաղթանակ | ||
Բեմի լավագույն ձևավորում | Ջորջ Ջենքինս | Առաջադրված |
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Գիբսոնը հրապարակել է պիեսի շարունակությունը՝ «Երկուշաբթի հրաշքից հետո»։ Սիքվելում ներկայացվում է Հելենի և նրա ուսուցչի հետագա ճակատագիրը։ Օրիորդ Սալլիվանն ամուսնանում է համալսարանի դասախոս Ջոն Մեյսի հետ, բայց վերջինիս սիրահարվում է նաև Հելենը։ Մեյսը չի կարողանում ընտրություն կատարել երկու կանանց միջև և, վերջ ի վերջ, երկուսին էլ լքում է[4]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին թողարկվել է Բրոդվեյի «Հրաշք գործողը» ներկայացման ռեժիսոր Արթուր Փենի համանուն էկրանավորումը։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են այն նույն դերասանները, որոնք խաղացել էին ներկայացման մեջ[5]։
1979 թվականին թողարկվել է ֆիլմի ռեմեյքը, որի ռեժիսորը Պոլ Աարոնն է։ Մելլիսա Գիլբերտը կատարել է Հելենի դերը, իսկ Պատի Դյուկը, որն առաջին էկրանավորման մեջ խաղացել էր Հելենի դերը, ներկայացել է Սալլիվանի դերով[6]։
Պեննի ֆիլմի երկրորդ ռեմեյքը, որը նույնպես կոչվում է «Հրաշք գործողը», թողարկվել է 2000 թվականին, դրա ռեժիսորը Նադյա Թեսն է։ Սալլիվանը դերակատարը Էլիսոն Էլլիոտն է, Հելենինը՝ Հալլի Քեյթ Այզենբերգը[7]։
Զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեսը ծաղրանմանեցվել է «Հարավային այգի» մուլտսերիալում։ «Հելեն Քելլեր։ Մյուզիքլ» էպիզոդում չորրորդ դասարանցիները Գոհաբանության օրը պետք է բեմադրեն «Հրաշք գործողը» պիեսը, ընդ որում՝ Հելենի դերը տրվել էր մտավոր հետամնաց աշակերտ Թիմմիին։ Սակայն ներկայացումը երեխաներին թվում է ոչ այնքան թատերական, և նրանք փորձում են իրենց բեմադրությունը դարձնել ոչ սովորական․ ավելացնում են պարեր և երգեր, իսկ համարների միջև պատրաստվում են ներկայացնել հնդկահավին, որը հասարակությանը պետք է զվարճացներ կրկեսային ներկայացումներով[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «New Plays on Broadway». Time (անգլերեն). 02.11.1959. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Atkinson B. (20.10.1959). «Giver of Light» (PDF) (անգլերեն). The New York Times. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2002 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Gans A., Jones K. (28.03.2010). «The Miracle Worker Will Go Dark; Final Broadway Performance Is April 4» (անգլերեն). Playbill. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Simon J. Running out of steam(անգլ.) // New York Magazine. — N. Y.: New York Media, 1982. — Т. 16. — С. 91. — ISSN 0028-7369.
- ↑ Crowther B. (14.04.1962). «'The Miracle Worker' Opens William Gibson Drama at Two Theatres» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Berg S., Archibald G., McKay L., Stirling D. Character Education Connections: For School, Home and Community. — 3rd Rev edition. — Natl Professional Resources, 2000. — P. 40. — 312 p. — ISBN 978-1887943284
- ↑ Robertson J. Encyclopedia of Television Film Directors. — Scarecrow Press, 2009. — P. 584. — 862 p. — ISBN 0810861380
- ↑ Parker T. — Сценарий серии «Хелен Келлер! Мюзикл»«Episode 414 - Helen Keller, The Musical» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
|