Հրաշք գործողը (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաշք գործողը (այլ կիրառումներ)
Հրաշք գործողը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպիես
ՀեղինակՈւիլյամ Գիբսոն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1959
Առաջին ներկայացումհոկտեմբերի 19, 1959
ՏեսարանՏասկամբիա

«Հրաշք գործողը» (անգլ.՝ The Miracle Worker), Ուիլյամ Գիբսոնի՝ երեք գործողությունից կազմված պիեսը, որը հիմնված է ամերիկացի կույր և խուլ Հելեն Քելլերի ինքնակենսագրության վրա։ Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1959 թվականին և դարձել «Թոնի» մրցանակի դափնեկիր հինգ անվանակարգերում։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հելեն Քելլեր (անգլ.՝ Helen Keller) – կույր ու խուլ աղջիկ՝ կապիտան Քելլերի և նրա կին Քեթիի դուստրը, Միլդրեդի և Ջեյմսի քույրը,
  • Էնն Սալլիվան (անգլ.՝ Anne Sullivan) – Հելլենի ուսուցչուհին, Փերկինսի կույրերի դպրոցի շրջանավարտ, Էնն Ջիմմի եղբայրը մահացել է մանկատանը,
  • Կապիտան Քելլեր (անգլ.՝ Captain Keller) – Հելենի, Ջեյմսի և Միլդրեդի հայրը, Քեթիի ամուսինը,
  • Քեթի Քելլեր (անգլ.՝ Kate Keller) – կապիտան Քելլերի կինը, Միլդրեդի և Հելենի մայրը, Ջեյմսի խորթ մայրը,
  • Ջեյմս Քելլեր (անգլ.՝ James Keller) – կապիտան Քելլերի որդին առաջին ամուսնությունից, Հելենի և Միլդրեդի եղբայրը հոր կողմից,
  • Հորաքույր Իվ (անգլ.՝ Aunt Ev) – Միլդրեդի, Ջեյմսի և Հելենի հորաքույրը,
  • Միլդրեդ (անգլ.՝ Mildred) – մանկահասակ երեխա, Քեթիի և կապիտան Քելլերի դուստրը, Հելենի և Ջեյմսի քույրը,
  • Անանոս (անգլ.՝ Anagnos) – Փերկինսի կույրերի դպրոցի տնօրեն,
  • Պերսի (անգլ.՝ Percy), Մարտա (անգլ.՝ Martha) և Վինի (անգլ.՝ Viney) – Քելլերի տան սպասավորներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելլերների ընտանիքում ծնվում է աղջիկ՝ Հելլենը։ Տասնինն ամսականում նա հիվանդանում է «ուղեղի բորբոքում» հիվանդությամբ։ Նրան հաջողվում է բուժվել, սակայն կորցնում է լսելու և տեսնելու ունակությունները։ Աղջկա ծնողները չգիտեն, թե ինչպես դաստիարակեն այդպիսի երեխային և ամբողջ ժամանակ ներողամտությամբ են վերաբերվում նրան, ինչի հետևանքով Հելենը մեծանում է անհնազանդ և քմահաճ։

Քելլերները որոշում են տուն ուսուցիչ հրավիրել։ Փերկինսի կույրերի դպրոցից ուղարկում են Էնն Սալլիվանին, որը երիտասարդ էր և ուներ տեսողության խնդիրներ։ Հելենի հայրը՝ կապիտան Քելլերը, կասկածում է, որ օրիորդ Սալլիվանը կկարողանա սովորեցնել խուլ և կույր երեխային։

Սալլիվանի կոշտ մեթոդները դուր չեն գալիս կապիտանին, և նա որոշում է կայացնում հեռացնել ուսուցչուհուն։ Ի պատասխան՝ վերջինս խնդրում է իրեն տալ երկու շաբաթ, որի ընթացքում Հելենը փոքրիկ տանն ամբողջությամբ կմեկուսանա աշխարհից և կլինի Սալլիվանի տրամադրության տակ։ Ծնողները դժկամությամբ համաձայնվում են։

Ուսուցչուհուն հաջողվում է հաջողության հասնել ուսուցման մեջ, բայց նա չի կարողանում հասնել գլխավորին․ Հելենը պետք է հասկանա, որ յուրաքանչյուր առարկա ունի անվանում։ Էննին տրված երկու շաբաթն ավարտվում է, և նա արդեն պատրաստվում է հեռանալ, երբ հանկարծ Հելենը հասկանում է, որ ուսուցչուհու մատների հատուկ շոշոփումը նշանակում է «ջուր»։

Օրիորդ Սալլիվանը մնում է Քելլերների տանը, որպեսզի շարունակի իր սանին ուսուցանելը։

Բեմադրություն Բրոդվեյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոդվեյում պիեսի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թվականի հոկտեմբերի 19-ին։ Տրվել է 719 ներկայացում, 1961 թվականի հուլիսի 1-ին ներկայացումը փակվել է։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Արթուր Փենը, Էննի դերը կատարել է Էնն Բենկրոֆտը, Հելենինը՝ Պատի Դյուկը, կապիտան Քելլերինը՝ Թորին Թետչերը, Քեթինը՝ Պատրիցիա Նիլը, Անանոսինը՝ Մայքլ Կոնստանտինը, Վինինը՝ Բի Ռիչարդսը։

Ներկայացումը գրեթե բացառապես դրականորեն է ընդունվել քննադատների կողմից։ «Time» ամսագրի գրախոսականում քննադատը գրում է, որ «պատմությունը, չնայած շատ հայտնի է, բեմում ձեռք է բերում ցնցող նոր իրողություն և տպավորություն»։ Հոդվածում «հոյակապ» է անվանվում գլխավոր դերակատարների խաղը և Արթուր Փենի ռեժիսուրան[1]։ Ներկայացումը դրական է գնահատել նաև «The New York Times» ամսագրի գրախոսող Բրուքս Ատկինսոնը, որն ընդգծել է պիեսի հուզական ուժը[2]։

Պիեսը Բրոդվեյում նորից բեմադրվել է 2010 թվականին, մարտի 3-ին տեղի է ունեցել պրեմիերան։ Սալլիվանի դերակատարը եղել է Պիլլ Էլիսոնը, Հելենինը՝ Էբիգեյլ Բրեսլինը։ Չնայած քննադատների բարձր գնահատականներին՝ բեմադրությունը ձախողվել է և նույն թվականի ապրիլի 4-ին փակվել[3]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Թվական Կատեգորիա Առաջադրված Արդյունք
Թոնի 1960 Լավագույն պիես Ուիլյամ Գիբսոն Հաղթանակ
Կանացի լավագույն դեր պիեսում Էնն Բենկրոֆտ Հաղթանակ
Theatre World Award Պատի Դյուկ Հաղթանակ
Պիեսի լավագույն ռեժիսուրա Արթուր Փեն Հաղթանակ
Լավագույն տեխնիկ Ջոն Ուոլթերս Հաղթանակ
Բեմի լավագույն ձևավորում Ջորջ Ջենքինս Առաջադրված

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Գիբսոնը հրապարակել է պիեսի շարունակությունը՝ «Երկուշաբթի հրաշքից հետո»։ Սիքվելում ներկայացվում է Հելենի և նրա ուսուցչի հետագա ճակատագիրը։ Օրիորդ Սալլիվանն ամուսնանում է համալսարանի դասախոս Ջոն Մեյսի հետ, բայց վերջինիս սիրահարվում է նաև Հելենը։ Մեյսը չի կարողանում ընտրություն կատարել երկու կանանց միջև և, վերջ ի վերջ, երկուսին էլ լքում է[4]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին թողարկվել է Բրոդվեյի «Հրաշք գործողը» ներկայացման ռեժիսոր Արթուր Փենի համանուն էկրանավորումը։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են այն նույն դերասանները, որոնք խաղացել էին ներկայացման մեջ[5]։

1979 թվականին թողարկվել է ֆիլմի ռեմեյքը, որի ռեժիսորը Պոլ Աարոնն է։ Մելլիսա Գիլբերտը կատարել է Հելենի դերը, իսկ Պատի Դյուկը, որն առաջին էկրանավորման մեջ խաղացել էր Հելենի դերը, ներկայացել է Սալլիվանի դերով[6]։

Պեննի ֆիլմի երկրորդ ռեմեյքը, որը նույնպես կոչվում է «Հրաշք գործողը», թողարկվել է 2000 թվականին, դրա ռեժիսորը Նադյա Թեսն է։ Սալլիվանը դերակատարը Էլիսոն Էլլիոտն է, Հելենինը՝ Հալլի Քեյթ Այզենբերգը[7]։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսը ծաղրանմանեցվել է «Հարավային այգի» մուլտսերիալում։ «Հելեն Քելլեր։ Մյուզիքլ» էպիզոդում չորրորդ դասարանցիները Գոհաբանության օրը պետք է բեմադրեն «Հրաշք գործողը» պիեսը, ընդ որում՝ Հելենի դերը տրվել էր մտավոր հետամնաց աշակերտ Թիմմիին։ Սակայն ներկայացումը երեխաներին թվում է ոչ այնքան թատերական, և նրանք փորձում են իրենց բեմադրությունը դարձնել ոչ սովորական․ ավելացնում են պարեր և երգեր, իսկ համարների միջև պատրաստվում են ներկայացնել հնդկահավին, որը հասարակությանը պետք է զվարճացներ կրկեսային ներկայացումներով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New Plays on Broadway». Time (անգլերեն). 02.11.1959. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  2. Atkinson B. (20.10.1959). «Giver of Light» (PDF) (անգլերեն). The New York Times. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2002 թ․ հունիսի 27-ին.
  3. Gans A., Jones K. (28.03.2010). «The Miracle Worker Will Go Dark; Final Broadway Performance Is April 4» (անգլերեն). Playbill. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. Simon J. Running out of steam(անգլ.) // New York Magazine. — N. Y.: New York Media, 1982. — Т. 16. — С. 91. — ISSN 0028-7369.
  5. Crowther B. (14.04.1962). «'The Miracle Worker' Opens William Gibson Drama at Two Theatres» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  6. Berg S., Archibald G., McKay L., Stirling D. Character Education Connections: For School, Home and Community. — 3rd Rev edition. — Natl Professional Resources, 2000. — P. 40. — 312 p. — ISBN 978-1887943284
  7. Robertson J. Encyclopedia of Television Film Directors. — Scarecrow Press, 2009. — P. 584. — 862 p. — ISBN 0810861380
  8. Parker T. — Сценарий серии «Хелен Келлер! Мюзикл»«Episode 414 - Helen Keller, The Musical» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.