Հյուդասպի ճակատամարտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թվական | 326 մ. թ. ա., ամառ |
---|---|
Մասն է | Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ |
Վայր | Հյուդասպ գետ, Փենջաբ, Ինդոս գետի վտակ (ժամ. Ջելամ գետ) |
Արդյունք | Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակ |
Հակառակորդներ | |
Հին Մակեդոնիա, Կորնթոսյան միություն | Պաուրավների թագավորություն, Փենջաբ, Հնդկաստան |
Հրամանատարներ | |
Ալեքսանդր Մակեդոնացի | Պորոս ռաջա |
Կողմերի ուժեր | |
5 հազար հեծելազոր, 15 հազար հետևակազոր | 40 հազար հեծելազոր, 30 հազար հետևակազոր, 300 ռազմակառք, 200 փիղ (Արիանոս) 3 հազար հեծելազոր, 50 հազար հետևակազոր, 1000 ռազմակառք, 130 փիղ (Դիոդորոս Սիկիլիացի) 30 հազար հետևակային, 300 մարտակառք և 85 փիղ (Քվինտուս Կուրցիուս Ռուֆուս) |
Ռազմական կորուստներ | |
230 հեծելազոր, 80 հետևակ (Արիանոս) 280 հեծելազոր, 700 հետևակ (Դիոդորոս) | 3 հազար հեծելազոր, 20 հազար հետևակազոր, Պորոսի երկու որդիները, թոռը (Արիանոս) 12 հազար զոհված, 9 հազար գերեվարված (Դիոդորոս) |
Ընդհանուր կորուստներ |
Հյուդասպի ճակատամարտը տեղի է ունեցել մ. թ. ա. 326 թ. հունիսին, Փենջաբում, Հյուդասպ գետի (այժմ՝ Ջելամ, Ինդոս գետի հինգ վտակներից մեկի) ափին։ Այն համարվում է Ալեքսանդր Մակեդոնացու Արևելյան արշավանքի ընթացքում ունեցած չորրորդ ու վերջին մեծ ճակատամարտը, որն ավարտվեց Պարսկաստանի տերության ամենաարևելյան տիրույթի՝ Հինդու կուսակալության նվաճումով։
Ալեքսանդրի հակառակորդն էր տեղական Պաուրավների թագավորության թագավոր ռաջա Պորոսը։ Եռանդուն ու արի Պորոսը հանդգնություն ունեցավ մերժել դաշինք հաստատելու Ալեքսանդրի առաջարկը և պատերազմի դուրս եկավ պարտություն չիմացող իր հակառակորդի դեմ։ Հյուդասպի լայնությունը մուսոնային վարարումների ժամանակ հասնում էր հազար քայլի և նրա անցումը բարդ ռազմա-տեխնիկակն խնդիր էր։ Հյուդասպի գետանցումը կազմակերպելու նպատակով այնտեղ ցամաքով տեղափոխվեց Ինդոս գետի վրա տեղակայված մակեդոնական նավատորմը։ Մարտի նախապատրաստման շրջանում բազմաթիվ մակեդոնացի զինվորներ զոհվեցին անսովոր կլիմայի հետևանքով։
Ճակատամարտը երկու փուլով ընթացավ։ Նախ, ծանր հետևակը Ալեքսանդրի զորավար Կրատերոսի ղեկավարությամբ ձևացրեց գետանցման պատրաստություններ, շեղելով մյուս ափին ճամբարված հնդիկ զորքի ուշադրությունը։ Միևնույն ժամանակ Ալեքսանդրի ղեկավարած հիմնական բռունցքը շարժվեց գետի հոսանքն ի վեր, որտեղ 26 կիլոմետր հեռավորության վրա գտնվում էին լողացող միջոցները։ Չնայած նրան, որ գիշերը սաստիկ ամպրոպ դղրդաց, հաջողվեց կատարյալ մթության մեջ, ուժգին քամու ու հորդառատ անձրևի տակ բեռնավորել նավերն ու լաստերը։ Լուսաբացին ամբողջ զորքը գետով վար շարժվեց դեպի Պորոսի ճամբարը։ Մակեդոնացու այդպիսի գործողությունները դարձան կատարյալ անակնկալ հնդիկների համար։
Ռաջա Պորոսը անձամբ էր գլխավորում իր զորքը, որի կազմում ընդկրկված էին ռազմակառքեր ու հատուկ վարժեցրած փղեր։ Փղերին Պորոսը շարել էր ճակատային գծում, պաշտպանելով նրանց կողքերից հեծելազորով ու ռազմակառքերով։ Ալեքսանդրը, խուսափելով կենդանիների հետ անմիջական առճակատումից, որոշեց գրոհը սկսել ձախ կողմից, թևային հեծելազորի ուժերով։ Նա պատրաստվում էր գցել փղերի դեմ իր ծանրազեն հետևակը միայն այն պահին, երբ կռվի դաշտը քաոսի վերածվեր։
Ալեքսանդրի մտահղացումը հաջողությամբ պսակվեց, բայց ծանր կորուստների գնով։ Հնդիկ զինվորները ցուցադրեցին անսպասելի տոկունություն. նրանց հեծելազորը հակահարվածի անցավ, փղերը գրոհեցին մակեդոնացիներին։ Ճգնաժամային վիճակը լուծեցին մակեդոնացիների մարտական արվեստը, զորքերի փոխգործողությունն ու արագ կատարվող վերադասավորումները։ Ալեքսանդրի նետաձիգները հեռվից վիրավորում էին կենդանիներին, մոլեգնացած աժդահաները մխրճում էին հնդիկ զինվորների շարքերը, իսկ ավարտում էր գործը մակեդոնական փաղանգի գրոհը։ Այդ պահին օգնության հասած Կրատերոսը ապահովեց կատարյալ հաղթանակը։
Հյուդասպի ճակատամարտը համարվում է մարդկության պատմության ամենափայլուն ճակատամարտերից մեկը։ Միևնույն ժամանակ, դա ամենաարյունահեղ ջարդն էր Ալեքսանդրի պայքարի պատմության մեջ։ Պորոսի բոլոր զորավարները, երկու որդիներն ու թոռը զոհվեցին, իսկ ինքը, վիրավորված, մակեդոնացիներին գերի ընկավ։ Պորոսի առնական տեսքը և զորավարի կեցվածքը տպավորեցրին Ալեքսանդրին։ Երբ նա հարցրեց Պորոսին, թե ինչպե՞ս նա կցանկանար, որ իրեն պատժեին, վերջինս պատասխանեց՝ «Արքային վայել ձևով»։ Ալեքսանդրը ցուցադրեց իր կանխամտածած մեծահոգությունը. նա ոչ միայն չպատժեց Պորոսին, այլ վերադարձրեց նրա կալվածքներն ու դրանով հուսալի հակակշիռ ստեղծեծ մյուս զավթված հնդկական թագավորությանը՝ Տաքսիլին։
Հյուդասպ գետի հաղթանակով ավարտվեց Փենջաբի նվաճումը։
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
- Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
- Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003