2-3 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է, որի ճյուղերը սկզբում դարչնագույն են, սպիտակավուն ոսպնյակներով ծածկված, այնուհետև կեղևը ստանում է մոխրագորշավուն գունավորում։ Բնափայտի միջուկը բաց գորշավուն է։ 8-15 սմ երկարությամբ, 2-6,5 սմ լայնությամբ տերևները բարդ են, կենտ փետրաձև, կազմված 5-7 տերևիկներից, ձվաձև-երկարավուն են, խոշոր անհավասար ատամնաեզր, վերևի կողմից՝ փայլուն, կանաչ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, մերկ։ Ծաղկաբույլերը երկարավուն-ձվաձև են, նոսր, 5-7 սմ երկարությամբ։ Ծաղիկները դեղնականաչավուն են, 5-7,5 սմ տրամագծով։ 0,5-0,6 սմ լայնությամբ պտուղները մարջանակարմիր են։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հուլիսին։ Չորադիմացկուն է, լուսասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, միանգամայն ցրտադիմացկուն է։ Որպես հազվագյուտ տեսակ գրանցված է Հայաստանի«Կարմիր գրքում»։ Պահպանման ու տարածման խիստ կարիք կա[1]։
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Վերջերս նաև հայտնաբերվել է 1 պոպուլյացիաՎրաստանում։ Հայաստանում հայտնի է հինգ ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Տեսակի գոյությանը վտանգ չի սպառնում։ Բնակության շրջանը կարող է կրճատվել, քանի որ այն աճում է գյուղատնտեսական հանդակների և բնակավայրերի ընդարձակման ինտենսիվ յուրացման տարածքներում։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։