Կովկասի փոխարքայություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կովկասի փոխարքայություն, ռուսական վարչա-տերիտորիալ միավոր Կովկասում։
XVIII դ. 2-րդ կեսին Եկատերինա II-ի կառավարությունը Ռուսաստանի արլ, քաղաքականության ակտիվացման կապակցությամբ, հատկապես Պարսկաստանում և Անդրկովկասում ռուս. ազդեցությունը ուժեղացնելու, ինչպես նաև Թուրքիայի ոտնձգություններին դիմակայելու նպատակով Հյուսիսային Կովկասում հիմնեց (1785) փոխարքայություն, որը կազմված էր Աստրախանի և Կովկասի նահանգներից (կենտրոնը՝ Եկատերինոգրադ, այժմ Եկատերինոգրադսկայա ստանիցա)։
1790-ին վերացվեց Կովկասի նահանգը, իսկ 1796-ին՝ փոխարքայությունը։ XIX դ.1-ին երեսնամյակին Արլ. Վրաստանի(1801), Իմերեթի (1811), ներկայիս Ադրբեջանի տարածքի (1813) և Արլ. Հայաստանի (1828)՝ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո, 1844-ին նորից ստեղծվեց Կ. փ., որի կենտրոնը Թիֆլիսն էր։
Առաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Վորոնցովը։
1846-ին ձևավորվեց կառավարման ապարատը՝ փոխարքայի խորհուրդը և գրասենյակը։ Խորհուրդը կազմված էր կայսեր նշանակած աստիճանավորներից ու նահանգապետներից և հսկում էր կառավարման ու դատական գործը, լուծում օրենքների կիրառման հետ կապված հարցերը։
Փոխարքան օժտված էր անսահմանափակ լիազորություններով. նրան էին ենթարկվում ժանդարմական և հաղորդակցության ճանապարհների օկրուգների պետերը, նա նաև Կովկասյան զորքերի հրամանատարն էր։
Կովկասի փոխարքայության մեջ մտնում էին՝
- Հյուսիսային Կովկասում Ստավրոպոլի նահանգը (կազմված՝ 1847-ին, կենտրոնը՝ Ստավրոպոլ),
- Դերբենդի նահանգը (կազմված՝ 1846-ին, որը 1860-ից վերանվանվել է Դաղստանի մարզ, կենտրոնը՝ Թեմիր խան Շուրա, այժմ՝ Բույնակսկ),
- Թերեքի և Կուբանի մարզերը (կազմված՝1861-ին) և Սևծովյան օկրուգը (Կուբանի մարզում՝ կազմված 1867-ին),
- Անդրկովկասում՝ Թիֆլիսի և Քութայիսի նահանգները (կազմված՝ 1846-ին, նախկին Վրացա-Իմերեթական մարզից),
- Երևանի նահանգը (կազմված՝ 1849-ին),
- Բաքվի նահանգը (1840-ից՝ Կասպիական մարզ,1846-ից՝ Շամախու նահանգ, 1859-ից Բաքվի նահանգ),
- Ելիզավետպոլի նահանգը (կազմված՝ 1868-ին Թիֆլիսի և Բաքվի նահանգների մասերից),
- Կարսի մարզը (1878-ից),
- Բաթումի մարզը (1878-ից,1883-ից՝ օկրուգ Քութայիսի նահանգում),
- Զաքաթալայի օկրուգը (1860-ից)։
Նահանգները գլխավորում էին զինվորական նահանգապետները։ 1850-ական թթ. 2-րդ կեսին նկատելիորեն ուժեղացվեց զինվորական և քաղաքացիական վարչական ապարատը՝ Առաջին Կովկասյան կորպուսը վերակազմվեց Կովկասյան բանակի (1856), ստեղծվեցին գլխավոր շտաբ և մի շարք վարչություններ։ 1859-ին փոխարքայի գրասենյակը վերակազմավորվեց փոխարքայի գլխավոր վարչության, որի մեջ մտնում էին ընդհանուր գործերի, դատական, ֆինանս., պետ. ունեցվածքի և հսկողության դեպարտամենտները։ Փոխարքային կից գործում էր նաև հատուկ դիվանագիտ. գրասենյակ։ 1860—70-ական թթ. բուրժ. ռեֆորմների հետևանքով աստիճանաբար նվազեցին փոխարքայի լիազորությունները՝ 1865-ին վերացվեցին Կովկասյան բանակի գլխ. շտաբը և նրա վարչությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 633)։ |