Կոստինի ձիթագործարան
Տեսակ | տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Կոստինի ձիթագործարան (ռուս.՝ Маслобойный завод Костина), ձեռնարկություն, որը XIX դարի վերջում - XX դարի սկզբում գտնվել է Դոնի Ռոստովի Սուվորովի, 25 հասցեում։ Գործարանը եղել է վաճառական Եֆիմ Յակովլևիչ Կոստինի սեփականությունը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջում - XX դարի սկզբում Դոնի Ռոստովի Սուվորովի, 25-ի շենքն ունեցել է այլ հասցե՝ Մալայա Սադովայա, 33։ Նրա առաջին հայտնի սեփականատերը եղել է վաճառական Պախոմովը։ 1880-ական թվականներին այդ տարածքը վարձակալել է վաճառական Կոստինը և 1887 թվականին այնտեղ հիմնել հրուշակեղենի գործարան։ 1895 թվականին նա դիմել է քաղաքային դումա՝ խնդրելով թույլտվություն իր վարձակալած տարածքում ձիթագործարան հիմնելու համար։
1897 թվականի նոյեմբերին նրա խնդրանքը բավարարվեց այն պայմանով, որ ձեռնարկության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա լինի նվազագույն։ 1912 թվականի դեկտեմբերին գործարանի աշխատանքի մասին տեղեկություն հայտնվեց «Պրիազովսկի կրայ» թերթի էջերում։ Այնտեղ ծանուցվում էր, որ ձիթագործարանի աշխատանքը, այնուամենայնիվ, բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա։ Դա հատուկ հանձնաժողովի հետաքննության համար առիթ հանդիսացավ։ Հանձնաժողովը հանգեց այն եզրակացության, որ գործարանի օգտագործած տեխնոլոգիաներն ու միջոցները, այնուամենայնիվ, աղտոտում են քաղաքը։
Թեև սեփականատերը Կոստինն էր, բայց տունը պատկանում էր Պախոմովների ժառանգներին, որոնք հետագայում այն վաճառեցին Կոստին ամուսիններին։ Վաճառական Կոստինի կինը Դոմնա Իվանովնան էր, նա էլ արևածաղկի ձեթ արտադրող ձեռնարկության համասեփականատերն էր։ Գործարանում աշխատում էր 23 մարդ։ Ղեկավարն էր Ստեպան Եֆիմովիչ Կոստինը՝ վաճառականի որդին։ Ձեռնարկության արտադրանքը մեծ պահանջարկ էր վայելում քաղաքում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կոստինի գործարանը ձեթը վաճառում էր ավելի էժան, քան այլ արտադրողներ։ Որոշակի հանգամանքներում այն դարձել էր ժամանակավոր մենաշնորհատեր և մտցրել էր վաճառքի պայմաններ՝ 800 գրամ ձեթից ոչ ավելի՝ Ռոստովի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում[1]։ Բացի ձեռնարկատիրական գործունեությունից, Եֆիմ Կոստինը եղել է քաղաքային դումայի իրավասու, այդ պաշտոնում նրան վերընտրել են[2]։ Վաճառական Կոստինի սեփականությունն էին նաև մի կրպակ Հին շուկայում, որտեղ վաճառվում էին կարամել և օղաբլիթներ[3], և եկամտաբեր տունը, որը պահպանվել է մինչև մեր օրերը։
1917 թվականից հետո գործարանը դարձավ Սվիրսկիների սեփականությունը, այնուհետև ձեռնարկությունն ազգայնացվեց և դարձավ ձեթի № 8 գործարան։ Այն վարձակալեց Դոնի «Դոնսնաբտորգ» բաժնետիրական ընկերությունը։ Գործարանը գոյություն է ունեցել մինչև XX դարի երկրորդ կեսը։ XXI դարում այդ շենքում հյուրանոց է[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի սկզբնական ճակատը չի պահպանվել։ Մնացել են միայն որոշ տարրեր, մասնավորապես՝ 2-րդ հարկի պատուհանների բացվածքներում[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Маслобойный завод суеверного купца//Хроники Ростова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону: Герович-Коцебу. Дополнения, с.48
- ↑ «Дом суеверного купца». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.