Jump to content

Կողբի մշակույթի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կողբի մշակույթի կենտրոն
ՏիպՄշակութային հաստատություն
Հիմնադրված1945 թվական[1]
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, Տավուշի մարզի Կողբ[1][2]
գործունեության որլորտՊատմության ներկայացում, մշակույթի տարածքում, ժամանցային միջոցառումներ[1]
Աշխատակիցների թիվ17[2]
ՍեփականատերՏավուշի մարզպետարան[2]

Կողբի մշակույթի կենտրոն (նախկինում Կողբի մշակույթի տուն), պատմամշակութային, ժամանցային կենտրոն Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղում[1][2]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթի կենտրոնը գտնվում է Կողբ գյուղի կենտրոնական մասում՝ գյուղով անցնող Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհին կից։

Կողբի մշակույթի տունը սկսել է գործել 1945 թվականից Կողբ գյուղի գյուղխորհրդի կազմում։ 1976 թվականին շահագործման է հանձնվել մշակույթի տան տիպային նորակառույց շենքը։ 2002 թվականից մշակույթի տունը վերանվանվել է Կողբի մշակույթի կենտրոնի[1]։

Գործունեություն և կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակույթի կենտրոնի շենքի դիմաց տեղադրված քանդակ, 2019 թվական

Մշակույթի կենտրոնում կազմակերպվում են պոեզիային և գրականությանը վերաբերող ցերեկույթներ, հիշատակի, տոնական և համերգային միջոցառումներ, մեծարման երեկոներ ու այլ մշակութային ծրագրեր[1][3]։

Մշակույթի կենտրոնում է գործում Կողբի պատմության թանգարանը, ինչպես նաև իր կազմի մեջ է գտնվում 2 գրադարան[1]։

2020 թվականի դրությամբ Մշակույթի կենտրոնն ունի 17 աշխատակից։ Կենտրոնի տնօրենը Արման Տեր-Արսենյանն է[2]։

Կողբի մշակույթի կենտրոնն ունի իր թատերախումբը, որը ստեղծվել է 2005 թվականին։ Թատերախմբի կողմից բեմադրվել է Մ.Քոչարյանի «Կինն ուսադիրներով» դրաման, Ա.Բարսեղյանի «Պոկված կրունկներ» դրամատիկակն նովելը, Ժ.Անանյանի «Լույս քեզ տեսնողին» պիեսը, Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» վեպի համանուն պիեսը և այլն[3]։

Մշակույթի կենտրոնի տիկնիկային թատրոնը ստեղծվել է 2006 թվականին։ Թատերախումբը բեմադրել է «Լավություն արա, ջուրը գցի» ժողովրդական հեքիաթը, Ա.Խնկոյանի «Մուկ փեսացուն», «Մկների ժողովը», Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», «Չարի վերջը», «Բարեկենդանը», «Սուտլիկ որսկանը», «Անխելք մարդը», «Անբան հուռին», ինչպես նաև «Երեք խոզուկներ» և «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթները և այլն։ Թատերախումբը ելույթներով հանդես է եկել Տավուշի մարզի մի քանի տասնյակ բնակավայրերում, Լոռու մարզում, Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, տիկնիկային թատրոնում։

Կողբի պատմության թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողբի պատմության թանգարանը տեղակայված է գյուղի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկում և, որպես գյուղական թանգարան, իր ձևաչափով եզակի է ամբողջ Տավուշի մարզում[4][4][5]։ Այն հիմնադրվել է 1970 թվականին Սուրեն Աբովյանի կողմից[4][5][6]։

Թանգարանում հնարավորինս ներկայացված է Կողբի և հարակից տարածքների պատմությունը, կենցաղը, կյանքը[5]։ Այն ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ[5]։ Ընդհանուր առմամբ թանգարանն ունի շուրջ 1700 ցուցանմուշ[4][6], որոնք հայտնաբերվել են պեղումների, պատահական շինարարական աշխատանքների, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում[5]։ Թանգարանի հավաքածուի մաս են կազմում 3000-ից 3700 տարվա կավե ամաններ ու բրոնզյա իրեր[5][6], պատմական մետաղադրամներ[5][6], կենցաղում օգտագործված իրեր[5][6], ազգագրական այլ ցուցանմուշներ[5], տարբեր ժամանակների և թեմատիկայի լուսանկարներ[4][5][6]։ Թանգարանի ամենահին ցուցանմուշը Կողբում գտնվող և մ.թ.ա. 9-րդ դարով թվագրվող դամբարանից հայտնաբերված մետաղյա թուրն է[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]