Jump to content

Կիլիկյան Հայաստանի նավահանգիստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիլիկյան Հայաստանի նավահանգիստներ, որոնք եղել են Միջերկրական ծովի ափին։ Լինելով Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկյան Հայաստանում կային մի շարք նավահանգիստներ, որոցից մի քանիսը խոշոր նշանակություն ունեին միջազգային առևտրում։ 14-րդ դարի սկզբի Իտալացի հեղինակ Մարին Սանուտոն իր «Խաչակիրների գաղտնի գիրքը»[1] աշխատության մեջ մանրամասն թվարկում և նկարագրում է Կիլիկյան Հայաստանի նավահանգիստները։ Նա թվարկում է 25 նավահանգիստների անուններ, որոշում նրանց դիրքը միմյանց նկատմամբ, մատնանշում նավերի լողարկման հարմարություններն ու անհարմարությունները մի նավահանգստից մյուսն անցնելիս՝ առավել մանրամասն նկարագրելով ստրատեգիական և առևտրական նշանակություն ունեցող ունեցող նավահանգիստները։ Այժմ այդ նավահանգիստների մեծ մասը գտնվում ե ավերակ վիճակում կամ ամբողջությամբ հիմնավեր են, բայց այդ ժամանակի քարտեզների վրա պահպանվել են նրանց դիրքերը։

Կիլիկիայի հայկական թագավորության գլխավոր նավահանգիստը նրա ծաղկման շրջանում եղել է Այասը (Լայացցո)։ Այասը գտնվում է Ալեքսանդրետի (Հայկական) ծոցի ափին, որը խոր մխրճվում է մայր ցամաքի մեջ և շրջապատված է լեռներով։ Այասի նավահանգստից քարավանային ուղիներ էին գնում, որոնք Փոքր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի միջով հասնում էին մինչև Սև Ծովի ափերը, մինչև Իրան և Պարսից ծոց՝ Կիլիկյան կապելով Սիրիայի, Միջագետքի և այլ երկրների հետ։ Այդ նավահանգստային քաղաքը ամրացված էր ցամաքից, իսկ ծովից պաշտպանում էր բերդը, որը ափից ոչ հեռու գտնվող կղզու վրա էր[2]։ Այասում էր գտնվում պետության՝ իր եկամուտներով առաջին տեղը բռնող մաքսատունը։ Այասը եղել է Եգիպտոսի սուլթանության զորքերի հարձակման օբյեկտ 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարի առաջին կեսին։ Սիրիայի սահմանից սկսած՝ Այասը հանդիսանում էր երրորդ նավահանգիստը։

Ռազմավարական և առևտրային նշանակությամբ Կիլիկյան Հայաստանի երկրորդ նավահանգիստը Կոռիկոսն էր, որն այս երկրի նավահանգիստներից ամենամոտն էր Կիպրոսին, գտնվել է Տարսոնից 70 կմ, իսկ Սելևկիայից՝ 20 կմ հեռավորության վրա[3]։ Կոռիկոսի մոտերքում կար մի կղզի՝ ծովային ամրոցով։ Ծովափնյա Կոռիկոս քաղաքը ամրացված էր պարիսպներով և աշտարակներով։ Այդ մասին, որպես Կիլիկիայի հայկական պետության նավահանգստի, հիշատակում է Բենիամին Տուդելացին՝ 13-րդ դարի կեսերին այցելելով այդտեղ[4]։ 13-րդ դարի վերջին Կոռիկոսը պատկանում էր Հեթումյանների դիմիաստիայի ազգականներից մեկին՝ Հեթում պատմիչին, որն ամրացրել է քաղաքը և ծովային ամրոց կառուցել նավահանգստի մոտ գտնվող նույնանուն կղզում։ 13-րդ դարում Կոռիկոսի միջոցով նշանակալի առևտուր էր կատարվում Եվրոպայի հետ։ 1337 թվականին, Այասի անկումից հետո, Կոռիկոսը դարձավ առավել կարևոր նավահանգիստ՝ և՛ առևտրական, և՛ ռազմավարական առումով։

Կիլիկիայի հայկական թագավորության նշանակությամբ երրորդ նավահանգիսը եղել է Պալլորումը։ Այն գտնվում էր Այասից 15 կմ հեռավորության վրա, նույնքան հեռավորություն ուներ նաև Պիռամոսի գետաբերանից։ Ուներ ռազմավարական նշանակություն, որպես ռազմանավերի կայանատեղի՝ Եգիպտոսի սուլթանության դեմ կռվող խաչակիրների համար[5]։ 13-րդ դարի խաչակրաց արշավանքի ծրագրից մեկում Պայասի մասին ասված է.


 Աշխարհի լավագույն նավահանգիստներից մեկն է,
ուր ժամանում են զանազան երկրների նավեր[6]։

Կիլիկյան Հայաստանի նավահանգիստներից մեկը, որն այն ժամանակ մատչելի է եղել ծովային նավերի համար, Մամեստիա քաղաքն էր՝ Պիռամոս գետի ափին, որը նավարկելի էր մինչև այդ կետը։

Ծովային առևտրի համար իր նշանակությամբ կարևոր նավահանգիստ էր Կյուդնոս (այժմ՝ Տարսուս-չայ) գետի ափին գտնվող Տարսոն քաղաքը։ 13-14-րդ դարերում սա մատչելի էր ծովից ոչ մեծ նավերի ընդունման համար։

Սելևկիա քաղաքը (ըստ Սանուտոյի՝ Սալեֆֆո), որը գտնվում է Կալիկադնոսի ափին, գետաբերանից 20 կմ վերև, ծովային փոքր նավեր էր ընդունում։ Սելևկիայից մինչև նավահանգիստն ընկած առափնյա շերտը, որը Սանուտոն անվանում է Կանդելորուս (ըստ հայկական աղբյուրների՝ Կալոնորոս - հունական ծագմամբ անուն), եղել է սենիոր Ադամի ավատը։ Սելջուկյան սուլթան Քեյ-Կուբադ Ալա Ադ Դինը Կալոնորոսը այն խլեց նրա ժառանգորդներից[7], որից հետո նավահանգիստն ստացավ նոր անվանում՝ Ալայա։ Այսպիսով, Հեթում I-ի կառավարման օրոք Կիլիկյան Հայաստանի առափնյա գիծը կրճատվեց և տարածվում էր Ալեքսանդրետի ծոցից մինչև Սելևկիան ներառյալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. M. Sanuto, Liber secretorum fidelium crucis, Hanoviae, 1611
  2. M. Sanuto, Liber secretorum fidelium crucis, Hanoviae, 1611, p 88
  3. M. Sanuto, Liber secretorum fidelium crucis, Hanoviae, 1611, p 90
  4. Три еврейских путешественника IX-XIII вв., стр. 34
  5. M. Sanuto, Liber secretorum fidelium crucis, Hanoviae, 1611, p 91
  6. Archives de l'Orient latin, Paris, 1884, h. II, p. 349
  7. Սմբատայ Սպարապետի Պատմութիւն, Մոսկվա, 1856, էջ 109