Ծխաբույս վայլանտիի (լատին․՝ Fumaria Vaillantii), ծխաբույսազգիների ընտանիքի միամյա մոլախոտ։ Ծլում է հիմնականում գարնանը, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Հարավային կիսագնդում կարող է հանդես գալ նաև ձմեռող ձևերով։ Ունի ուժեղ ճյուղավորված առանցքային արմատ, որը թափանցում է մինչև 30 սմ խորությամբ։ Տերևները կապտականաչավուն են, եռակի փետրաձև, որոնք բաժանվում են մատնաձև բարակ տերևիկների։ Ունի կապտամանուշակագույն ծաղկաբույլ, որի գույնը տերևների գույնի հետ ստեղծում է ծխի տպավորություն, որից և առաջացել է անվանումը։ Ունի մանր, կանաչավուն պտուղներ։ Մեկ բույսը տալիս է 300-1600 սերմ, բազմանում է միայն սերմերով։ Տարածված է գրեթե ողջ Եվրոպայում։