Jump to content

Խոխանաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոխանաբերդ
Հասան Ջալալ Դոլայի դղյակ կամ Խոխանաբերդ
Նկարագրություն
Տեսակամրոց
ՏեղագրությունԱրցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։
Վարչական միավորՄարտակերտի շրջան և Թարթառի շրջան
ԵրկիրԱրցախ
Կառուցված13-րդ դար
ԿառուցողՋալալ Ա
ՇինանյութQ55704274?
Քարտեզ
Քարտեզ
 Khanabert Fortress Վիքիպահեստում

Խոխանաբերդ, Խավախան, Խոյախան, բերդ Մեծ Հայքի Արցախ նահանգի Ներքին Խաչեն գավառում, Խաչենագետի աջ ափին, ժայռաբլրի վրա, ներկայումս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։ Նրա ուղիղ դիմացը Գանձասարն է,իսկ հարավում բարձրանում է անտառապատ Թարխանասարը, որի գագաթը, 13-րդ դարում, Հասան-Ջալալը կառուցապատել և վերածել է անմատչելի բերդի։

Հիշատակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ. Ջալալյանցը[1] Մ. Բարխուտարյանցը[2] ամրոցն անվանում են Թարխանաբերդ՝ կապված ամրոցի հարավում գտնվող Թարխանասար լեռան անվան հետ։

Ամենավաղ տեղեկությանը հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու «Պատմություն Հայոցի» մեջ, որտեղ հեղինակը ամրոցին անդրադառնում է մոնղոլների արշավանքների, ինչպես նաև Գանձասարի վանքի կառուցման կապակցությամբ[3]։

Կեչառիս վանքի վերակառուցման առթիվ Հասան-Ջալալը իրեն անվանել է «տէր Խայախանաբերդոյ»։ Չնայած նրան, որ Խոխանաբերդի տերերն ունեին շատ ու շատ այլ նշանավոր ամրոցներ, բայց, այնուամենայնիվ, Խոխանաբերդն էր իշխանանիստը և Խաչենի պայազատները իրենց տիրապետությունը շեշտում էին այս բերդի անունով՝ «տէր Խայախանաբերդոյ»։

Գրիգոր Տեր Հովհաննիսյանցը Խոխանաբերդի կառուցումը վերագրում է Սահլ իշխանին[4], ամրոցից հյուսիս, Խաչենագետի ափին գտնվող մի հարթ և բավական ընդարձակ տարածքի ղեկավարի անվանը։ Այս տարածքը կրում է նրա անունը՝ Սահլատափ (Սահլի հող)։ Այս վայրում է գործել Սահլ Սմբատյան Առանշահիկ իշխանը։ Նա Շիկաքարի տերն էր, որի մատույցներում 837 թվականին բռնեց «մարդախողխող, աշխարհավեր, արյունարբու գազան[5]» Բաբեկին և հանձնեց արաբների ձեռքը։

Ամրոցի վերաբերյալ 10-րդ դարից հիշատակություններ հայտնի չեն։ 11-րդ դարի երկրորդ կեսին Խաչենում իրենց տիրապետությունը հաստատեցին սելջուկ-թուրքերը, այնուհետև սելջուկ-թուրքերից իրենց անկախ հռչակած ամիրաները (12-րդ դարի երկրորդ կես)։ Խոխանաբերդը Ներքին Խաչենի վարչական կենտրոնն էր։ Ամրոցում իշխում էին սկզբում՝ Գրիգոր[6], իսկ հետո՝ Վախթանգ[7] իշխանները։

1220-ական թվականներին սկսվեցին Ջալալ-էդ-Դինի ասպատակությունները։ Արաբական աղբյուրները (Իբն Խալդուն) հաղորդում են, որ 1227 թվականին Ջալալ-էդ-Դինի վեզիր Շարաֆ ալ-Մուլքը, հարկահավաքություն կատարելով, մոտեցավ Խաչեն-Կաչաղակաբերդին[8]։ Այստեղ գտնվող Զալալ իշխանը ստիպված էր 20000 դինար փրկագին վճարել և ազատել շուրջ 700 գերիների։

Խոխանաբերդը Ներքին Խաչենի տեր Հասան Ջալալյանների գլխավոր ամրոցն էր։ Ներքին Խաչենի իշխանությունը հաճախ նրա անվամբ կոչվել է «Խոխանաբերդի Վախտանգյանների» իշխանություն, ի տարբերություն Հաթերքի վախտանգյանների իշխանության։ Գոյություն է ունեցել վաղ միջնադարից։ Սելջուկ-թուրքերի ասպատակությունների ժամանակ (XII դար) Խաչենի իշխաններն այստեղ էին ամրանում և դիմադրում օտար նվաճողներին։ XII դարի 1-ին կեսին երկու անգամ ավերվել է։

Հասան-Ջալալ Ա (XIII դարի 1-ին կես) այն նորոգել է, կառուցել նոր պարիսպներ, կացարաններ ու մթերանոցներ։ Մոնղոլների արշավանքների և ասպատակությունների ժամանակ գավառի բնակչության մեծ մասը այնտեղ էր ապաստանում և պաշտպանվում։ Վերջնականապես ավերվել է XV - XVI դդ. ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքերի արշավանքների ժամանակ։ Պահպանվում են պարիսպների ու շինությունների մնացորդները։

Տեղանքի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի կենտրոնական մասն ընդգրկում է Խոխանա ժայռագագաթը՝ իր շրջակայքով։ Այստեղ, ժայռազանդվածի հարավային կողմում (նրա թիկունքին), մի կիսահարթ լանջ-սարավանդակի վրա, որի հարավային հատվածներն է կազմում լեռնազանգվածի շարունակությունը, տեղադրված է Խոխանաբերդ պատմական ամրոց-բնակավայրը՝ շրջապատված լեռնադագաթներով ու ժայռապատնեշներով, ինչպես նաև՝ դարավոր անտառով։ Սարավանդակը հարավից և մասամբ արևելքից ավարտվում է անդնդախոր ձորերով, որոնք էլ ավելի անառիկ են դարձնում անգամ ամրոցամերձ տարածքը։ Տեղանքի ընտրությունը պատահական չէր. հայ իշխանները, ավելորդ արյունահեղություններից խուսափելու նպատակով, ստիպված էին ժողովրդին պատսպարել անմատչելի, դժվարագնաց լեռներում, որպեսզի կարողանային հաջողությամբ պայքարել զավթիչների, դեմ և դրանով իսկ ազատ պահել երկրամասը։

Ամրոցի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ բնակատեղիից պահպանվում են տների մնացորդները՝ ծածկված հողի շերտերով։ Կացարանների թիվն անցնում է հիսունից։ Քանի որ բնակատեղին հարավից և մասամբ արևելյան կողմից հարում է ժայռազանգվածի կտրվածքին, պաշտպանական նկատառումներով (վայր չընկնելու նպատակով) եզրագծով պատ է կառուցվել, որը չի պահպանվեր։ Առանձին սենյակներ առաջապահ, պաշտպանական նշանակություն ունեին։ Բնակատեղիի արևելյան կողմում տեղադրված բնակարանը, որն ունի քառակուսի հատակագիծ (չափերը՝ 6 մետր x 6 մետր), նպատակ ուներ պաշտպանելու ամրոցամերձ արևելյան դժվարամատչելի մուտքը։ Տուն-կացարանները ներսի բնակարանների համեմատությամբ կառուցված են բավական մեծ քարերով և ունեն 1.20 մետր հաստություն։

Բնակատեղին, որն ընդգրկում է շուրջ 0.5 հեկտար և տարածվում է ամրոցի երկու ժայռագագաթների ստորոտով, հարավ-արևելք-արևմուտք ուղղությամբ, անի մի այնպիսի, դիրք, որը հնարավորություն է տալիս պահպանության տակ առնելու դեպի գլխավոր ամրոց՝ Խոխանա քար տանող մուտքը։

Խոխանաբերդի արևմտյան և հարավ-արևմտյան հատվածներում տարածվում են վարուցանքի համար հատկացված ոչ մեծ տափարակները (ժայռազանգվածի ստորոտում մնացել են ընդեղենի և ցորենի մի քանի հորեր), դրանցից արևմուտք՝ գերեզմանոցը և աղբյուրը, որը կրում է Ռուզանի (Հասան Ջալալի աղջկա) անունը։

Խոխանաբերդ ամրոցի գլխավոր ժայռագագաթը Խոխանա քարն է՝ միջնաբերդը, որը տեղադրված է լեռան արևմտյան եզրին։ Ամրոցակալ ժայռի բարրձությունը շուրջ 100 մետր է։ Միակ մուտքը արևելյան կողմից է։

«Սաստիկ զառիվեր, խիստ վտանգավոր և միշտ ահարկու կածան ժեռ քարի վրայով արևելյան կողմից դեպի հարավ-արևմուտք բարձրանում է մանվածո ձևով։ Ահա այսպիսի դժվարատար և միանգամայն սոսկալի է նեղ կածանն, քանզի, Տերն մի արասցե, եթե սահեցավ բարձրացողի ոտքն կամ փոքր ինչ ծռվեցավ նորա մարմնո հավասարակշռության դիրքն, իսպառ կորսված է, վասն զի ընկնելուց հետո սեպացյալ ժայռերին զարկվելով պիտի գլորվի անդունդն։»
- Մ. Բարխուտարյանց, Արցախ, Բաքու, 1893 թվական, էջ 199

Կածանը, որ վիմափոր է և 2-ից 3 մետր լայնություն ունի, տանում է ամրոցի վերնամասը, որի մակերևույթը բավականին հարթ է և ընդգրկում է ոչ մեծ տարածություն՝ մոտ 250 մ2։

Զուրը Խոխանաբերդի և ընդհանրապես ամրոցների համար ունեցել է առաջնահերթ նշանակություն։ Պաշարման ժամանակ թշնամին չկարողանա խափանել ջրամատակարարման գործը ամրոցի վրա, ժայռագագաթի արևմտյան կողմում, իրար կից փորված են երկու վիմափոր ջրամբար։ Առաջինի երկարությունը 3.85 մետր է, լայնությունը՝ 2.95 մետր, խորությունը անցնում է 2.5 մետրից (հողածածկ է)։ Երկրորդի չափերն են՝ 3 մետր երկարություն, 3.3 մետր լայնություն և 2 մետր խորություն։

Ջրամբարները ներքուստ սվաղված էին անջրաթափանց կրաշաղախի ամուր շերտով, որի մնացորդները տեղ-տեղ պահպանվում են։ Ջրամբարից արևելք հավանաբար իշխանական տան մնացորղներն են։ Նշված բոլոր ջրամբարները կառուցվել են անձրևաջրերի հավաքման համար և կարևոր նշանակություն ունեին հատկապես պատերազմների ժամանակ, երկարատև պաշարման պայմաններում։

Խոխանաբերդ ամրոցի գլխավոր ժայռագագաթը երկրամասի ռազմապաշտպանական համակարգում կարևոր դեր ունեցող ազդանշանային կենտրոնական դիտակետ է։ Ամրոցի հարավ-արևմտյան կողմում, մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվում է Կաչաղակաբերդը, նրանից այն կողմ՝ Քիրսի լեռնաշղթան՝ Շուշին իր շրջակայքով, Թարկառ գետը հովիտը, արևելքից՝ Խաչենագետի ստորին հովտում՝ Ուրախաչի Սուրբ Գևորգի սարը, իսկ սրանից արևելք՝ Շիկաքար ամրոցի արևմտյան և հյուսիսային հատվածները, ընդհուպ մինչև Տիգրանակերտ։ Հյուսիսային կողմում Մռավի լեռնազանգվածն է, որից հարավ և հարավ-արևմուտք՝ Հաթերք, Ականա, Հավքախաղաց և այլ ամրոցները։ Արևմտյան կողմում, Խաչենագետի վերին հոսանքի ուղղությամբ պատմական Ծոր սահմանամերձ գավառի արևելյան տարածքներն են, ինչպես նաև՝ Բերդաձոր գավառի հյուսիսային հատվածները։ Ամրոցի արևելյան և հյուսիսային կողմերում, մոտ 400-500 մետր հեռավորության վրա գտնվում են ազդանշանային համակարգի մյուս կարևոր կետերը, որոնք պետք է հսկողության տակ պահեին Խաչենագետի ձորահովիտը՝ արևելք արևմուտք ուղղությամբ։

Ավանդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մի ավանդության՝ Ջալալ Դոլուն լուր են բերում, թե «կնեկդ խոխան բերալ ա»։ Իշխանն ի պատիվ երեխայի՝ բերդն անվանում է Խոխանաբերդ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ջալալյանց, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփխիս, 1842 թվական, էջ 192
  2. Մ. Բարխուտարյանց, Արցախ, Բաքու, 1893 թվական, էջ 198-199
  3. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Երևան, 1961թվական, 269, 270, 313
  4. Գրիգոր Տեր Հովհաննիսյանց, Բաղղասար Մետրոպոլիտ Հասան Ջալալյանցի համաոոտ կենսագրությունը (Փորձ, 1880 թվական, համար 5, էջ 133
  5. Մ. Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից, Եբևան, 1909, էջ 259
  6. Ղևոնդ Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901 թվական, էջ 387
  7. Բ. Ուլուբաբյան , Խաչենի իշխանությունը X—XVI դդ., Երևան, 1975, էջ 168
  8. Ղևոնդ Ալիշան, Արցախ, Բազմավեպ, 1988, X 1—4, Էջ 268
  9. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 68