Միջնադարյան Լոռե բերդաքաղաքի նշանավոր հուշարձաններից է Ուռուտ գետի վրա կառուցված կամուրջը, որը Հայաստանի միջնադարյան կամրջաշինության լավագույն օրինակներից է։ XI—XII-րդ դդ. կառուցված միաթռիչք կամուրջը մինչ օրս կանգուն է։ Կառուցված է գետի ափերի վրա գտնվող, իրարից 9 մետր հեռավորությամբ մեծ ժայռազանգվածների վրա։ Կամրջի թռիչքը կազմում է 8,5 մ, կամարի բացվածքը՝ 3,8 մ, լայնությունը՝ 2,8 մ։ Կամուրջը կառուցված է բազալտե հղկված քարերով։ 1918 թվականի ջրհեղեղի պատճառով վնասվել էր կամրջի աջ կողմի հենասյան մի մասը, որը հետագայում բնակիչները նորոգել էին կոպտատաշ քարերով։ Լոռե բերդաքաղաքի միջնադարյան կամուրջը վերանորոգվել է և ստացել իր նախնական տեսքը[2]։