Լյուդովիկոս IV Մանուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդովիկոս IV Մանուկ
Ծնվել է՝հուլիս 893[1] կամ 893[2]
ԾննդավայրԱլտյոտինգ, Վերին Բավարիա, Բավարիա[1]
Մահացել է՝սեպտեմբերի 29, 911[1] կամ 911[2]
Վախճանի վայրՖրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն
St. Emmeram's Basilica
ՏոհմԿարոլինգներ[1]
միապետ
ՀայրԱռնուլֆ Կարինտացի
ՄայրOta?[1]

Լյուդովիկոս IV Մանուկ (գերմ.՝ Ludwig das Kind, հուլիս 893[1] կամ 893[2], Ալտյոտինգ, Վերին Բավարիա, Բավարիա[1] - սեպտեմբերի 29, 911[1] կամ 911[2], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն), Արևելյան Ֆրանկյան թագավորության արքա՝ 900 թվականի հունվարի 21-ից։

Կայսր Առնուլֆ Կարինտացու և Օդա Ֆրանկոնացու որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոսը թագավոր ընտրվեց Ֆորհայմում կայացած ժողովի ժամանակ՝ գումարված 900 թվականի հունվարին, իսկ ավելի ուշ՝ փետրվարի 4-ին թագադրվեց։ Չնայած որ արքան ընդամենը վեց տարեկան էր, նրա արքունիքը պետության կառավարման կենտրոնն էր։ Այնուհանդերձ, բացի տարիքից, նա չէր կարող ղեկավարել իր պետությունը նաև այն պատճառով, որ ֆիզիկապես շատ թույլ էր և հաճախ հիվանդանում էր։ Նրա օրոք պետությունն իրականում կառավարում էին բարձրաստիճան հոգևորականներն ու ազնվականները։ Լյուդովիկոս Մանկան ամենաազդեցիկ խորհրդականներն էին Մայնցի արքեպիսկոպոս Հատտոն I-ը, Կոնստանցայի եպիսկոպոս Սողոմոն III-ը և Աուգսբուրգի եպիսկոպոս Ադալբերոնը։ Նրանց ուղորդմամբ Ֆրանկոնիայի դքսության համար մղվող պայքարը վճռվեց հօգուտ Կոնրադյանների և ոչ թե Բաբենբերգների։ Լյուդովիկոս Մանկան իշխանության տարիներին թագավորության սահմաններին մշտապես սպառնում էին արտաքին թշնամիները, իսկ ներքին միասնականությանը՝ ազդեցիկ ֆեոդալները, որոնք ինքնագլուխ կերպով տիրույթներ էին գրավում և դքսի տիտղոսներ ընդունում։ Գերմանիայի համար այդ շրջանում առանձնահատուկ վտանգ էր ներկայացնում հունգարները, որոնք ամեն տարի կողոպտում էին երկրի այս կամ այն հատվածը։ 907 թվականին Լյուդովիկոսի ֆեոդալները նրա դեմ զորք գումարեցին, բայց այն ջախջախվեց նույն տարվա հուլիսի 4-ին՝ Պրիսբուրգի ճակատամարտում։ 910 թվականին Լյուդովիկոսը վերջապես մեծ զորք հավաքելով, ճակատամարտ տվեց հունգարների դեմ՝ Լեխ գետի ափին փռված դաշտում։ Հունգարներն առաջին հարձակվեցին գերմանացիների վրա, որից հետո սկսեցին նահանջել։ Գերմանացիները կարծեցին, թե հաղթանակն իրենց ձեռքում է և սկսեցին հալածել նրանց։ Մինչդեռ հունգարները նրանց շրջափակման մեջ առան և կտրուկ հարվածով պարտության մատնեցին։ Լյուդովիկոսը ստիպված եղավ հաշտություն խնդրել և այն ստացավ պայմանով, որ պետք է ամենամյա տուրք վճարի։ Դրանից անմիջապես հետո նա ծանր հիվանդացավ և վախճանվեց։ Նրա մահով գերմանիայում վերջնականապես հանգավ Կարոլինգների արևելաֆրանկյան ճյուղը։ Լյուդովիկոս Մանուկը թաղվեց Սուրբ Էմերամի աբբայությունում, որ գտնվում է Ռեգենսբուրգում, այնտեղ, ուր թաղված էր իր հայրը՝ Առնուլֆ Կարինտացին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рыжов К. Все монархи мира. Западная Европа. — М., 1999.
  • Алоиз Шмид (Alois Schmid) «Людовик Дитя» («Ludwig das Kind») в «Словаре Средневековья» («Lexikon des Mittelalters»). — «Артемис и Винклер» («Artemis & Winkler»), Мюнхен / Цюрих, 1991, Том 5. ISBN 3-7608-8905-0, Sp. 2175.
  • Пауль Фридолин Керр (Paul Fridolin Kehr) «Канцелярия Людовика Дитя» («Die Kanzlei Ludwigs des Kindes»). — Берлин, 1940.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիկոս IV Մանուկ» հոդվածին։