Լարովի նարինջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարովի նարինջ
անգլ.՝ A Clockwork Orange
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրանտիուտոպիա, հոգեբանական վեպ
Ձևվեպ
ՀեղինակԷնթոնի Բյորջեսս
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱնգլիա
ՀրատարակչությունHeinemann
Հրատարակվել է1962
 A Clockwork Orange

Լարովի նարինջ (անգլ.՝ A Clockwork Orange), Էնթոնի Բյորջեսսի վեպը, որը գրվել է 1962 թվականին[1]։ Այն հիմք է հանդիսացել Սթենլի Կուբրիկի 1971 թվականի համանուն ֆիլմի համար։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյոջեսն իր վեպը գրել է այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ ուղեղի ուռուցք ախտորոշեցին և ասացին, որ նա մոտ մեկ տարի է ապրելու։ Ավելի ուշ հեղինակը Village Voice-ին տված հարցազրույցում ասել է. «Այս անիծյալ գիրքը ցավով թաթախված ստեղծագործություն է... Ես փորձում էի ազատվել իմ առաջին կնոջ հիշողություններից, ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաժանաբար ծեծի էին ենթարկել ամերիկացի չորս դասալիքներ։ Նա հղի էր, իսկ հետո կորցրեց երեխային։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, նա հիվանդացավ դեպրեսիայով և նույնիսկ փորձեց ինքնասպան լինել։ Հետագայում նա հանգիստ հարբեց ու մահացավ»։ Վեպի վերջնական ոճական որոշումը ձևավորվել է Բյորջեսի և նրա կնոջ՝ Լենինգրադում անցկացրած ամառային արձակուրդի ժամանակ։ Սանկտ Պետերբուրգի տղաների և սև շուկայագետների հետ զրուցելուց հետո Բյոջրեսը որոշեց. «Տիեզերական դարաշրջանի իմ խուլիգանների բառապաշարը կլինի ռուսերենի և պարզեցված անգլերենի խառնուրդ, և այս ամենը կխառնվի հանգավորված ժարգոնով և գնչուականով։ Ռուսերեն «надсат» վերջածանցը դառնալու է երիտասարդների բարբառի անվանումը, և այդ լեզվով կխոսեն «други» կամ «другс» կամ խմբի անդամները… Իմ սևագրության տուփի մեջ շատ բռնություն կա, իսկ ավարտված վեպում դեռ ավելին կլինի, ուստի տարօրինակ նոր ժարգոնը կարող է մի տեսակ վարագույրի դերում լինել՝ ծածկելով չափից դուրս դաժանությունը և թույլ չտալով ընթերցողի հիմնական բնազդների զարգացմանը։ Նուրբ հեգնանքն այն էր, որ քաղաքականության նկատմամբ անտարբեր երիտասարդները, ովքեր տոտալիտար դաժանությունն ինքնանպատակ էին համարում, դիմում էին ժարգոնի՝ հիմնված ժամանակի երկու հիմնական քաղաքական լեզուների վրա[2]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լարովի նարինջ» անվանումը (անգլ.՝ A Clockwork Orange) գալիս է մի արտահայտությունից, որը ժամանակին օգտագործվում էր լոնդոնյան քոքնիների՝ Իսթ-Էնդ թաղամասում ապրող բանվոր դասակարգի կողմից։ Ավագ սերնդի քոքնիների արտասովոր կամ տարօրինակ բաների մասին ասում են, որ դրանք «ծուռ են, ինչպես լարովի նարինջը», այսինքն՝ դրանք ամենատարօրինակ և անհասկանալի տեսակի բաներ են։ Էնթոնի Բյորջեսսն ապրել է Մալայզիայում յոթ տարի, իսկ մալայերենում «orang» բառը նշանակում է «մարդ», իսկ անգլերենում «orange» նշանակում է «նարինջ»[3]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է երեք մասից։ Առաջինում հեղինակը ընթերցողին ներկայացնում է երիտասարդ տղայի՝ Ալեքսի սարսափելի աշխարհը։ Երկրորդում Ալեքսը հայտնվում է Ուանդսվորթի բանտում։ Բյորջեսը ցույց է տալիս բանտով մարդուն ուղղելու անհնարինությունը։ Երկու տարի բանտում անցկացնելուց հետո Ալեքսը հանկարծ հնարավորություն է ստանում ազատ արձակվել՝ համաներում են խոստանում բոլորին, ովքեր կհամաձայնեն, որ իրենց վրա փորձարկում կատարեն։ Ալեքսը, շատ չմտածելով, թե ինչ են անելու իր հետ, համաձայնում է։ Փորձը հետևյալն է՝ Ալեքսի ուղեղը «լվանում» են, ինչը նրան անկարող է դարձնում ոչ միայն բռնության, այլև սեքսով զբաղվելու։ Բացի այդ, դասական երաժշտությունը սրանից հետո նրան տանջանք է պատճառում։

Ալեքսի փորձությունները բանտից ազատվելուց հետո կազմում են վեպի երրորդ մասը։ Ալեքսը ճանապարհին հերթով հանդիպում է իր բոլոր նախկին զոհերին, ովքեր դաժանորեն վրեժխնդիր են լինում նրա անցյալի համար։ Անպաշտպանին ծաղրելը չարաշահելու հնարավորությունը բաց չեն թողնում անգամ նրան առաջին անգամ տեսնողները։ Ինքնասպանության անհաջող փորձից հետո Ալեքսը բազմաթիվ վնասվածքներ է ստանում, իսկ նրա մեջ ներկա բոլոր ռեֆլեքսները անհետանում են․ Ալեքսը հեռանում է հիվանդանոցից «բուժված»։

Առաջին մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը՝ 15-ամյա Ալեքսը (վեպը պատմվում է նրա անունից) և նրա հանցակիցներ Թոմը, Ջորջիկը և Փիթը «Կով» բարում կաթ են խմում և մտածում, թե ինչպես անցկացնել երեկոն։ Նրանք սկսում են իրենց արկածները ծեծելով «Բյուրեղագիտության սիրահարին», որից հետո նրա վրա են նետում թղթի կտորներ՝ պոկված նրա գրքերից, որոնք «բյուրեղագիտության սիրահարը» վերցրել էր գրադարանից, փորոտումթալանում են նրա գրպանները, ծաղրում հայտնաբերված սիրային նամակները և ջարդում նրա անձրևանոցը։ Հետո բանդան գնում է «Դյուք-օֆ-Նյու-Յորք» գարեջրատունը և իբր բարի նպատակներից դրդված՝ հյուրասիրություն է պատվիրում մի քանի տարեց տիկնանց համար։ Վերջիններս անմիջապես հասկանում են, որ դա արվում է խոստման դիմաց, որ եթե ոստիկանները գան, իրենք պետք է ասեն, որ ամբողջ գիշերվա ընթացքում Ալեքսն ու նրա ընկերները գարեջրատանն են եղել։ «Պայմանավորվածությունից» հետո հանցախումբը դուրս է գալիս փողոց, որտեղ թալանում է հարևան փողոցի խանութը և 10 րոպեում ավարտելով վերադառնում են բար ու շարունակում հանգստանալ մինչև ոստիկանների գալը։ Երախտապարտ (ավելի ճիշտ՝ վախեցած) տիկնայք ծածկում են Ալեքսին և ավազակախմբին՝ հաստատելով, որ նրանք չեն լքել բարը։

Ավազակախումբը դուրս է գալիս բարից և հանդիպելով մի ծեր հարբածի՝ ծեծում նրան։ Ծերը վախեցած գոռում է, որ ավելի լավ է սպանեն իրեն, քանի որ նա չի ուզում ապրել մի աշխարհում, որտեղ երիտասարդները չեն հարգում ծերերին, որտեղ հնարավոր է նավեր ուղարկել տիեզերք, բայց դժվար է հարգել օրենքը։ Դրանից հետո Ալեքսի բանդան բախվում է Բիլիբոյի ավազակախմբին, ովքեր զվարճանում են տասը տարեկան աղջկա հետ, և երկուսի միջև կռիվ է սկսվում, որում հաղթում է Ալեքսի բանդան։ Աղջիկը, ում կռվի թեժ պահին հաջողվել է փախչել, ոստիկանություն է կանչում։ Ալեքսն ու խումբը շտապ հեռանում են ծեծկռտուքի վայրից։ Հետո մեքենա են գողանում, հասնում գյուղ ու գնում «Տուն» կոչվող քոթեջ։ Խումբը կեղծ պատրվակներով մտնում է քոթեջ, այն ավերում, ծեծում ու այլանդակում է գրող Ֆ. Ալեքսանդրին, բռնաբարում նրա կնոջը։ Դրանից հետո Ալեքսը, Թոմը, Ջորջիկն ու Փիթը խեղդում են մեքենան ջրափոսում և, օգտվելով գնացքից, վերադառնում են «Կով» գարեջրատունը։ Նրանք գնացքն էլ չեն խնայում․ փորոտում են նստատեղերն ու շղթայով կոտրում պատուհանները։

Գարեջրատանը Թոմի և Ալեքսի միջև կռիվ է տեղի ունենում, քանի որ Թոմը ծաղրում է հեռուստատեսությամբ ելույթ ունեցող աղջկա երգը։ Ալեքսն ասում է Թոմին, որ նա պետք է իմանա իր տեղը։ Ջորջիկը պաշտպանում է Թոմին և կասկածի տակ դնում Ալեքսի հեղինակությունը որպես ավազակախմբի ղեկավար։ Սակայն Փիթի միջամտության շնորհիվ հանցակիցները հաշտվում են։ Թոմը դրանից հետո ոխ է պահում Ալեքսի վրա և այլևս նրան իր ընկերը չի համարում։

Գիշերը Ալեքսը գնում է տուն, իր սենյակում դասական երաժշտություն է միացնում, այդ թվում նաև Մոցարտի «Յուպիտերը» և Բախի «Բրանդենբուրգյան կոնցերտը»։ Նա գիտի, որ ծնողները խորը քնած են իրենց սենյակում, որ երաժշտությունը խանգարում է նրանց, բայց նրանք չեն կարողանում համոզել Ալեքսին լռություն պահել։ Դասական երաժշտության և ագրեսիվ վարքի հանդեպ սիրո համադրությունը հանդիսանում է Ալեքսի բնորոշ հատկանիշը, որը կզարմացնի այն մարդկանց, ովքեր հետագայում գործ կունենան Ալեքսի հետ։

Հաջորդ առավոտ Ալեքսը հրաժարվում է դպրոց գնալ գլխացավի պատճառով։ Նրա ծնողները մեկնում են աշխատանքի, և Ալեքսը երազում տեսնում է, թե Ջորջիկը, ով սկսել է իր հանդեպ ավելի վատ վերաբերվել, նվաստացնում է իրեն։ Հետո գալիս է Ալեքսի վերակացու Պ. Ռ. Դելտոիդը։ Նա գիտի երեկ երեկոյան Ալեքսի չարաճճիությունների մասին, բայց ապացույց չունի։ Ալեքսն արդեն խնդիրներ է ունեցել Օրենքի հետ, և վերակացուն տեղեկացնում է նրան, որ եթե նա որևէ այլ բան անի, նրան կուղարկեն ավելի լուրջ գաղութ, քան նախկինում եղել է։ Ալեքսն անկեղծորեն ծաղրում է ուսուցչի փորձերը՝ դիմելու իր խղճին և առաջնորդելու նրան ճշմարիտ ճանապարհով։ Դելտոիդի հեռանալուց հետո նա մտածում է իր ագրեսիայի ծագման վերաբերյալ և այն հիմնավորում է նրանով, որ դա բնությամբ բնորոշ է յուրաքանչյուր մարդու, պարզապես ոմանք սովորել են թաքցնել այն և բարի ձևանալ, բայց իրականում բարեսիրտ մարդիկ իրենից լավը չեն։

Կեսօրին Ալեքսը այցելում է «Մեղեդի» երաժշտական խանութ և վերցնում վերջերս վաճառքի հանած «Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան»։ Այնտեղ նա հանդիպում է երկու աղջիկների և նրանց տանում իր տուն՝ լավ սարքավորումով երաժշտություն լսելու պատրվակով։ Երաժշտություն լսելն ավարտվում է բռնաբարությամբ։

Երեկոյան ընկերները գալիս են Ալեքսի մոտ, և Թոմը սկսում է ծիծաղել նրա վրա, պատճառով, որ Ալեքսը գլխացավ ունի և առաջարկում է նրան մի քիչ էլ քնել։ Ջորջիկն ու Փիթն ասում են, որ Ալեքսն այլևս ավազակախմբի ղեկավարը չէ։ Ալեքսը կուլ է տալիս վրդովմունքը, իսկ Ջորջիկն ասում է, որ ավազակախմբի բոլոր անդամները ցանկանում են մեծանալ և ավելի մեծ հանցագործություններ կատարել։ Պատմում է, որ մի շատ հարուստ կին է ապրում առանձնատանը։ Խումբը գնում է այնտեղ, և ճանապարհին Ալեքսը մտածում է այն մասին, որ Թոմն ու Ջորջիկը սկսել են նրան ասել, թե ինչ անել։ Եվ պատահաբար, ոգեշնչման համար, հարևան տան մի պատուհանից հնչում է Բեթհովենի իններորդ սիմֆոնիան։ Ալեքսը ծեծում է ընկերներին և վիրավորում Թոմի ձեռքը։ Դրանից հետո բանդան նորից սկսում է ենթարկվել իր «առաջնորդին»։ Երբ նրանք հասնում են այնտեղ, խումբը փորձում է հին հնարք, որը թույլ էր տվել ներխուժել գրողի տուն, բայց դա նրանց չի օգնում։ Հետո Ալեքսը գաղտագողի մտնում է առանձնատուն և ցանկանալով ամեն ինչ ինքնուրույն անել՝ պատահաբար սպանում է կնոջը, իսկ երբ դուրս է գալիս, Թոմը շղթայի հարվածով կուրացնում է նրան, որից հետո Ալեքսին բերման են ենթարկում ոստիկանությունը։ Բաժնում նրան մեղադրում են սպանության մեջ և ազատազրկում 14 տարի ժամկետով։

Երկրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսին բանտ նստեցնելուց անցել է երկու տարի, հիմա նա ոչ թե Ալեքսն է, այլ համար 6655321 բանտարկյալը։ Բանտում նա ընթերցողին ասում է, որ այս հաստատությունը լի է այլասերվածներով, ովքեր պատրաստ են անարգել երիտասարդներին։ Սրանցից մեկը որոշել է գիշերը շոյել նրան։ 6655321-ը խցակիցների հետ որոշում է պատժել նրան, սակայն ուժերը չի հաշվարկում ու սպանում։

Մինչ այս 6655321-ին հաջողվել էր բանտի քահանայի հետ լավ հարաբերությունների մեջ լինեն և լսել բռնությունից մարդուն բուժելու փորձերի մասին։ Պադրեսը և բանտի ողջ ղեկավարությունը դեմ են նման անմարդկային փորձերին, բայց միջադեպը և ներքին գործերի նոր նախարարը («նոր ավել») նրանց հակում են այն կարծիքին, որ 6655321-ն անուղղելի է, և պետք է բուժում իրականացվի։ Նրան «վիտամինների» անվան տակ որոշակի դեղամիջոց են ներարկում և ստիպում դասական երաժշտության ներքո դիտել ֆիլմեր, որտեղ ցուցադրվում են բռնաբարություններ, կռիվներ և սպանություններ։ Ալեքսը «բուժվում է»։ Հենց որ նա սկսում է մտածել բռնաբարության մասին կամ փորձում է ինչ-որ մեկին ծեծել կամ լսել իններորդ սիմֆոնիան, նրա մոտ սրտխառնոց է սկսվում։ Սակայն նա չի կարողանում դիմակայել իր նկատմամբ կիրառվող բռնությանը, և նա ստիպված է նվաստանալ, որպեսզի պայմանական ռեֆլեքսից առաջացած ցավն անցնի։ Նա կարծում է, որ բժիշկներն իրեն վերածել են «լարովի նարնջի»․ այդպես էր կոչվում Ալեքսի կողմից ոչնչացված գրող Ֆ. Ալեքսանդրի նոր գրքի ձեռագիրը։ Չգիտես ինչու, Ալեքսը հիշել է դրա անունը և կիրառել այն իր վրա, և պարզվել է, որ պատահական չէր. այս գրքով գրողը բողոքել է այն բուժման մեթոդի դեմ, որին ենթարկվել է Ալեքսը։

Երրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժված Ալեքսը գնում է տուն, բայց պարզում է, որ ծնողները հրաժարվել են իրենից, իսկ նրա սենյակում Ջո անունով մի վարձառու է ապրում։ Ալեքսի ողջ ունեցվածքը ոստիկանությունը առգրավվել է՝ փոխհատուցելու ծեր կնոջ կատուների պահպանման ծախսերը, ում նա սպանել էր։ Ալեքսը գնալու տեղ չունի, նա ցանկանում է ինքնասպան լինել և գնում է գրադարանում՝ պարզելու, թե որն է դա անելու լավագույն միջոցը, որտեղ իրեն ճանաչում է «Բյուրեղագիտության սիրահարը»։ Նմանատիպ այլ ծերերի հետ նա ծեծում է Ալեքսին։ Նրան փրկում են ոստիկանները, սակայն պարզվել է, որ այդ երկու ոստիկանները Թոմն ու Բիլիբոյն են։

Նրանք Ալեքսին տանում են անտառ ու դաժան ծեծի ենթարկում։ Ալեքսը թափառելով գնում է դեպի գյուղ և մոտենում «Տուն» կոչվող քոթեջին։ «Տան» տերը, որ, պարզվում է, գրող Ֆ. Ալեքսանդրն է, տղային հրավիրում է տուն՝ չկասկածելով, որ սա իր կնոջը բռնաբարողն է։ Մի քանի օր անց նա Ալեքսին պատմում է դեպքի մասին, և որ կինը ինքնասպան է եղել դրա պատճառով։ Սակայն գրողը չի ճանաչում Ալեքսին, թեև նրան տանջում են ենթադրությունները, բայց Ալեքսի ավազակային էությունը բացահայտվում է նադսաթական խոսքերից։

Գրողը որոշում է օգտագործել Ալեքսին նոր ռեժիմը բացահայտելու համար։ Նա հրավիրում է ընկերներին, ծանոթացնում Ալեքսի հետ, և նրանք միասին որոշում են նրան հյուրանոցի սենյակում տեղավորել։ Ալեքսը հասկանում է, որ չի կարող փախչել իր նոր ընկերական միջավայրից, նա պարզապես մի խաղաքար էր նրանց խաղում։ Գրողի ընկերները Ալեքսին հարցնում են, թե արդյոք նա է ղեկավարել Ֆ. Ալեքսանդրի կնոջ բռնաբարությունը, և նա խոստովանում է։ Խռովարարները Ալեքսին փակում են սենյակում, և կամ պատահաբար, կամ էլ դիտմամբ կողքի սենյակում հնչում է դասական երաժշտություն, այն էլ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի իններորդ սիմֆոնիան։ Ալեքսին նետվում է պատուհանից, բայց չի մահանում։ Նա կոտրում է ոտքն ու ձեռքը, վնասում մեջքը և ուղեղի ցնցում ստանում։ Նրան արյան փոխներարկում են անում։ Ալեքսը հասկանում է, որ տեղի ունեցածը կազմակերպված էր իր նոր ընկերների կողմից, որպեսզի ցույց տան, թե ինչպես է կառավարությունը այլանդակել՝ իրենց փորձերով իրեն բուժելիս։ Հիվանդանոցում Ալեքսի ծնողները ներողություն են խնդրում և ասում, որ Ջոն գնացել է, և Ալեքսը կարող է վերադառնալ տուն։ Ալեքսին այցելում են նախարարն ու թերթի աշխատակիցները։ Նրանք հայտնում են, որ գրողը հիվանդանոց է տեղափոխվել հոգեկան խանգարում ախտորոշմամբ։ Նրան հայտնում են նաև, որ բուժել են նախկին «բուժումից»։ Ալեքսը հասկանում է, որ բուժման արդյունքն անհետացել է, և նա կրկրին կարող է կռվել, դասական երաժշտություն լսել, և դրանից փսխման նոպաներ չեն լինում։ Նախարարը Ալեքսին նոր ստերեո համակարգ է նվիրում, ինչպես նաև պաշտոն ձայնագրման ազգային արխիվում, և Ալեքսը հաճույքով լսում է Բեթհովենի իններորդ սիմֆոնիան։

Չորրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի անց Ալեքսը նոր բանդա է ունենում, նրանք նստում են «Կով» գարեջրատանը, բայց Ալեքսի մոտ կորչում է ոչնչացնելու ցանկությունը, նա այլևս դրա իմաստը չի տեսնում։ Ալեքսը թողնում է ավազակախումբը և գնում զբոսնելու։ Անսպասելիորեն նա հանդիպում է իր ընկեր Փիթին, ով հայտնում է, որ ամուսնացել է և աշխատանք գտել։ Այս խոսակցությունից հետո Ալեքսը սկսում է մտածել իր կյանքի մասին։ Ալեքսը որոշում է հետևել Փիթի օրինակին։ Նա կարծում է, որ լավ կլինի զգուշացնել իր ապագա որդուն, որպեսզի նա չկրկնի իր սխալները, բայց նա գալիս է այն եզրակացության, որ դա անօգուտ է, և որ երիտասարդությունը շարունակելու է ըմբոստանալ՝ նորից ու նորից կանգնելով նույն ճանապարհին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքս՝ կենտրոնական հակահերոսն է, երիտասարդ տղան, ագրեսիայի և ապստամբության մարմնավորումը։ Ալեքսը երիտասարդական հանցախմբի ղեկավարն է, որը իր նմանների հետ գիշերները թափառում է փողոցներով, կռվում այլ խմբերի հետ, հարձակվում անպաշտպան անցորդների վրա, խեղում մարդկանց և թալանում խանութները։ Ալեքսը մեծ հաճույք է ստանում ծեծից ու բռնաբարությունից։ Նա իր ագրեսիվությունը խթանում է թմրանյութերով և Բեթհովենի երաժշտությունը լսելով։ Ալեքսն անուղղելի է, նրան զվարճալի են թվում ուրիշների ու պետության փորձերը՝ իրեն օրինապաշտ ու կառավարելի դարձնելու։
  • Թոմ (Է. Սինելշչիկովայի թարգամնությունում՝ Քիր)՝ Ալեքսի հանցակիցն է և, հավանաբար, նրա հակապոդը։ «... Եվ իսկապես տղան մութ է» - այստեղից էլ մականունը։ Բնագրում նրա անունը Դիմ է (անգլերեն dim)։ Նա աչքի չի ընկնում խելքով ու կրթությամբ, թեև ֆիզիկապես զարգացած է. «...Նա, ով իր բոլոր հիմարությամբ հանդերձ, մենակ բարկությամբ արժեր երեքին և տիրապետում էր կռվի բոլոր ստոր հնարքներին»։ Ալեքսը նրան բնութագրում է ակնհայտ զզվանքով։ Թոմի սիրելի զենքը շղթան է, որով նա հարվածում է հակառակորդի աչքերին։ Արդյունքում նա հեռանում է խմբից և դառնում ոստիկան, բայց ոչ թե կարգուկանոնը պահպանելու համար, այլ այն պատճառով, որ նրանք իրենց կողմն ունեն ուժ և ազդեցությունը։
  • Ջորջիկ (Է. Սինելշչիկովայի թարգամնությունում՝ Ջոշ)՝ Ալեքսի ընկերը, նախանձում էր նրա գլխավոր դերին ավազակախմբի մեջ, ինչը նրանց միջև կոնֆլիկտի պատճառ դարձավ։ Հետագայում այս կոնֆլիկտը դարձավ Ալեքսի չափից դուրս քաջության պատճառը, և նա, գերագնահատելով իր կարողությունները, սպանեց ծեր կնոջը և հայտնվեց բանտում։ Ջորջիկը սպանվել է «կապիտալիստի» տունը թալանելու փորձի ժամանակ։
  • Փիթ՝ Ալեքսի խմբավորման ամենահանգիստ և ընկերասեր մարդն է։ Նա հետագայում թողնում է խումբն և ամուսնանում։ Թոմի, Ջորջիկի և Փիթի ճակատագրերը ներկայացնում են երեք հնարավոր ճանապարհներ, որոնցով կարող է անցնել Ալեքսի աշխարհի երիտասարդ ավազակը։
  • Բյուրեղագիտության սիրահար՝ Ալեքսի զոհերից է։ Թուլամորթ տարեց տղամարդ, որի վրա սկզբում հարձակվել է Ալեքսի խումբը, իսկ հետո նույն ծերը հարձակվել է արդեն «բուժված» Ալեքսի վրա։ Բյորջեսը ներկայացնում է դա, որպեսզի ընդգծի «բուժված» Ալեքսի անօգնականությունը, նույնիսկ թույլ ծերունու դեմ պայքարելու նրա անկարողությունը։
  • Բժիշկ Բրանոմ՝ այն գիտնականներից է, ովքեր փորձեր են արել Ալեքսի վրա՝ ագրեսիան բուժելու համար։ Ընդհանրապես, գիտնականները վեպում սուբյեկտի նկատմամբ ներկայացվում են անխիղճ ու անողոք (Ալեքսին անվանում են «մեր օբյեկտ»)։ Ինչ վերաբերում է բժիշկ Բրանոմին, նա Ալեքսին կաշառում է ցուցադրական ընկերասիրությամբ, ժպիտով. «այնպիսի ժպիտով, որ ես մի տեսակ անմիջապես հավատացի նրան»։ Բրանոմը փորձում է վստահություն ձեռք բերել Ալեքսի նկատմամբ, իրեն ընկեր է անվանում։ Հնարավոր է, որ Բրանոմի նախատիպը եղել է Յոզեֆ Մենգելեն, ով իր փորձարարների մեջ վստահություն է ձեռք բերել՝ նրանց հետ աշխատանքը հեշտացնելու համար։
  • Դոկտոր Բրոդսկի՝ «Լյուդովիկ» նախագծի ղեկավար։
  • Ջո՝ Ալեքսի ծնողների վարձակալուն է, քանի դեռ նա չի ազատվել բանտից։ Նա Ալեքսի ծնողների համար պարզապես վարձակալ չէր. «... նրանք ինձ համար ընտանիքի պես են, և ես նրանց համար ավելի շատ որդի եմ, քան պարզապես վարձակալ»։ Գրքի վերջում Ջոն գնում է տուն՝ բուժվելու, քանի որ նրան ծեծել էին ոստիկանները (հնարավոր է Թոմն ու Բիլիբոյը)։
  • Պ. Ռ. Դելտոիդ (Է. Սինելշչիկովայի թարգամնությունում՝ Դելտուվա)՝ ոստիկան, ում հանձնարարված է Ալեքսին հանդարտեցնել։
  • Ֆ. Ալեքսանդր՝ գրող, ում Ալեքսը մեծ տրավմա է պատճառել․ իր ներկայությամբ ընկերների հետ բռնաբարել է կնոջը (մահացել է ստացած տրավմայից)։ Ֆ. Ալեքսանդրը ստեղծագործության սյուժեի հիման վրա գրված «Լարովի նարինջ» գրքի հեղինակն է։ Նա հենց Բյորջեսի ալտեր էգոն է (իրական կյանքում չորս ամերիկացի դասալիքներ ծեծել և բռնաբարել են Բյորջեսի կնոջը, իսկ ավելի ուշ նա «հանգիստ ահարբել է ու մահացել»)։

Վեպի քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Սթենլի Կուբրիկի հայտնի էկրանավորման՝ գիրքը համեմատաբար քիչ արձագանքներ ունեցավ բրիտանական մամուլում, այդ թվում դրանցից ոչ բոլորն էին գովասանքներ։ Եթե «Հանդիսատես» գրական ամսագրի գրախոս Ջուլիան Միտչելը նշում էր Բյորջեսի «հրաշալի ֆորմալ հմտությունը» և հարուստ ստեղծագործական երևակայությունը «անկրկնելի կերպով միախառնելով սարսափը խեղկատակի հետ[4], ապա «Սանձի Թայմսի» գրախոսը վեպը նկարագրեց որպես «չափազանց միալար, դաժան և հոգեբանորեն անհամապատասխան պատմություն»[5]։ Վեպի ամերիկյան հրատարակությունն ավելի բարենպաստ արձագանքների է արժանացել։ Գրենվիլ Հիքսի խոսքերով, «Լարովի նարինջ» վեպում մեզ առաջարկվում է ապագայի տեսլական՝ վախեցնող համոզչությամբ... Վեպի առաջին մասում Բյորջեսը ցույց է տալիս չարի ուժը այնպես, ինչպես գրողներից քչերն են կարողանում... Բայց Բյորջեսը չի բավարարվում չարը պատկերելով. նա ավելի հեռուն է գնում՝ ցույց տալու այն վտանգը, որով լի է դա վերացնելու փորձը[6]։ Քննադատ և գրականագետ Սթենլի Էդգար Հայմանը «Լարովի նարինջ» վեպը անվանել է «Է. Բյորջեսի գրեթե ամենաօրիգինալ աշխատանքը թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ»։ Հարգանք մատուցելով հեղինակի լեզվական փորձերին, ով հերոս-պատմողի խոսքում ավելացրել է խորհրդային տղաների և բրիտանացի երիտասարդների ժարգոնը, Հայմանը բարձր գնահատեց վեպի երգիծական ուժը. «Ինչպես ցանկացած մեծ երգիծաբան, Էնթոնի Բյորջեսը էքստրապոլյացիա է անում հիպերտրոֆիկ, չափազանցված, ֆանտազմագորիկ ապագայի համար, որպեսզի խարանի այն նողկալի միտումները, որոնք նա ատում է ներկայում։ Իսկ ինքը տանել չի կարողանում ո՛չ անիմաստ բռնությունը, ո՛չ «մեխանիկական վերադաստիարակումը», մի խոսքով, անձի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում և գիտակցությունը մոդիֆիկացնելու փորձեր»[7]։

Համանուն ֆիլմի սկանդալային հաջողությունից հետո վեպը մեծ ուշադրություն է գրավել թե՛ ընթերցողների, թե՛ գրականագետների կողմից, որոնք բազում հետազոտություններ են նվիրել դրան։

2005 թվականին «Լարովի նարինջ» վեպը ճանաչվել է 1923 թվականից ի վեր «Թայմ» ամսագրի կողմից հրատարակված 100 լավագույն անգլալեզու վեպերից մեկը[8]։

Էնթոնի Բյորջեսը վեպի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«... Ինձ զայրացնում է, որ նույն գրքի երկու տարբերակներ կան։ Ամերիկյան հրատարակության մեջ մեկ հերոս բացակայում է, և, հետևաբար, թվաբանական պլանը խախտված է։ Ի լրումն, ամերիկյան հրատարակության մեջ բացակայում է դեռահասների նկատմամբ բռնության թաքնված տեսակետը որպես փուլ, որը պետք է անցնել և հաղթահարել. հետևաբար, գիրքը վերածվում է ընդամենը առակի, թեև այն մտահղացվել է որպես վեպ… Քսանմեկերորդ գլխում Ալեքսը մեծանում է և հասկանում, որ ուլտրաբռնությունը ինչ-որ կերպ ձանձրալի է, և ժամանակն է, որ նա կին ունենա և մի չարաճճի տղա, ով նրան կանվանի «պա-պա-պա-պա»։ Դա ընկալվում էր որպես հասուն մարդու եզրակացություն, բայց Ամերիկայում ոչ ոքի դուր չէր գալիս նման ավարտի գաղափարը», - «Paris Review» ամսագրին տված հարցազրույցից (1973)[9]։

«... Ինքնավստահ և միամիտ կլիներ պնդել, որ իմ գրքում ես մտադրություն չեմ ունեցել ծաղրել ընթերցողների ամենաարգելված հակումները։ Գրքում տեղ գտավ նաև իմ բնական այլասերվածությունը, և ես ինքս կոպտել ու հաճույքով թալանել եմ իմ հերոսի միջոցով։ Միայն ինձ բնորոշ հեղինակի վախկոտությունից էր, որ ես թույլ տվեցի հորինված կերպարին այնպիսի մեղքեր գործել, որոնք ես ինքս չէի համարձակվի գործել։ Բայց դրանից բացի, գիրքը պարունակում է եզրակացություն, և բացի այդ, դա ցավալի չափ բանական է՝ բարոյական ընտրության անփոփոխ նշանակության մասին։ Այս եզրակացությունը վիրակապված մատի պես դուրս է գալիս, այդ իսկ պատճառով ես բարձր չեմ գնահատում «Լարովի նարինջ»-ը։ Վեպը չափազանց դիդակտիկ է արվեստի գործ համարվելու համար։ Գրողը չպետք է քարոզի, նա պետք է ցույց տա», - 1986 թվականի վերահրատարակության առաջաբանից[10]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական բեմականացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտին տեղի ունեցավ «Լարովի նարինջ» վեպի առաջին պրեմիերան։ Ռեժիսոր՝ Ռոման Վիկտյուկ։ 2016 թվականին Ազգերի պետական թատրոնում տեղի ունեցավ «Լարովի նարինջ» ներկայացման պրեմիերան։ Տնօրեն՝ Ֆիլիպ Գրիգորյան, գրողի դերում՝ Անդրեյ Սմոլյակով։

A Clockwork Condition(չեղարկված շարունակություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Բյորջեսի արխիվում հայտնաբերվել է 200 էջանոց ձեռագիր, որը մինչև հայտնաբերվելը համարվում էր առասպել։ Ստեղծագործությունը կոչվում էր «Լարովի կարգավիճակ» (A Clockwork Condition)։ Ստեղծագործության մեջ շոշափվում էր բնօրինակ վեպի թեման, մտորումները, ինչպես նաև ինքնակենսագրությունը և վեճերը Սթենլի Կուբրիկի հետ համանուն ֆիլմի ստեղծման ժամանակ։ Ինքը՝ Բյորջեսը, տեքստում նշել է, որ «Լարովի նարինջ» վեպի շարունակության դեպքում նա ցանկանում էր մտավախություն հայտնել մարդկության վրա ժամանակակից տեխնոլոգիաների՝ կինոյի, հեռուստատեսության և լրատվամիջոցների ազդեցության մասին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёрджесс, Энтони Արխիվացված 2010-08-18 Wayback Machine // Кругосвет
  2. Бёрджесс Э. Твое время прошло. Фрагмент автобиографии (пер. с англ. В. Бернацкой) (русский) // Иностранная литература. — 2017. — № 2. — С. 185.
  3. Предисловие автора к книге «Заводной апельсин» ISBN 5-280-02370-1
  4. Mitchell J. Horrorshow on Amis Avenue (английский) // Spectator. — 1962. — № 6986. — С. 661.
  5. Brooks J. A Bedsitter in Dublin (английский) // Sunday Times. — 1962. — С. 32.
  6. Хикс Г. Изобильный мир Энтони Бёрджесса (пер. с англ. Н.Г. Мельникова) // Иностранная литература. — 2017. — № 2. — С. 255.
  7. Hyman S.E. Anthony Burgess' Clockwork Oranges (английский) // New leader. — 1963. — Т. 46. — № 1. — С. 22-23.
  8. Grossman L., Lacayo R. All-Time 100 Novels: The Complete List (английский) // Time. — 2005.
  9. “Исследуя закоулки сознания” Интервью Энтони Бёрджесса Джону Каллинэну (Пер. с англ. С. Силаковой) (русский) // Иностранная литература. — 2017. — № 2. — С. 228. Архивировано из первоисточника 7 Սեպտեմբերի 2020.
  10. Бёрджесс Э. Выжатый Заводной апельсин (русский) // livelib.ru.
  11. «В архиве Энтони Берджесса нашли продолжение "Заводного апельсина"». BBC News Русская служба. 2019 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]