Թավշաոտ ճուռակ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Buteo lagopus Pontoppidan, 1763
|
Հատուկ պահպանություն |
|
Արեալ |
|
Տարածքներ, որտեղ բնադրում են Ձմեռելու վայրեր
|
|
Թավշաոտ ճուռակ (լատին․՝ Buteo lagopus), ճուռակների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, հազվագյուտ։
Մարմնի երկարությունը 50-60 սմ է, թևերի բացվածքը՝ 120-150 սմ։ Թևերը լայն են, դաստակաբիծը՝ խոշոր, սևավուն, պոչը՝ երկար։ Հասունի մարմինը վերևից մուգ է, ներքևից՝ ավելի բաց գույնի, փորը՝ մուգ, պոչը՝ սպիտակ՝ լայն, մուգ նախածայրաշերտով։ Երիտասարդի փետրածածկը ավելի բաց գույնի է, մեջքը՝ սպիտակ խայտերով, պոչի շերտը՝ թույլ արտահայտված։ Որս անելիս հաճախ կանգ է առնում օդում։ Բնակվում է լեռնատափաստաններում, դաշտերում։
Սնվում է մանր կաթնասուններով, թռչուններով։
Վերջին գրանցումները վերաբերում են 1994-95-ին, որոնք վկայում են թվաքանակի աճի և տարածման շրջանների ընդլայնման միտում։ Ձմռանը որոշակի դեր ունի մկնանման կրծողների ոչնչացման գործում։
Ճուռակները կազմում են բազեանմանների կարգի գիշատիչ թռչունների ընտանիքը։ Հայտնի է 122 տեսակ՝ տարածված ամենուրեք, բացի Անտարկտիդայից և Արկտիկայից։ Հայաստանում բնադրում են 27 տեսակ՝ անգղեր, արծիվներ, մկնաճուռակներ, ցիներ, լորաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ, թավշաոտ ճուռակ, մեծ ճուռակ, կրետակեր, տափաստանային ճուռակ, ցախաքլորաորս, թուրքմենական ճնճղաճուռակ և այլն։ Մարմնի երկարությունը 28–115 սմ է, կենդանի զանգվածը՝ 100 գ – 6,5 կգ։ Թևերը լայն են, կլորացած, փետրածածկը՝ հիմնականում մուգ կամ բաց շագանակագույնից շիկակարմիր, մուգ մոխրագույն, կուրծքը կամ մեջքը՝ մուգ շերտերով, ոտքերը՝ հիմնականում՝ դեղին, կտուցը՝ սրածայր, կեռ, մագիլները՝ սուր։ Վերնակտուցի եզրը չունի ատամնավոր ելուստ։ Զոհին որսում է գետնին կամ թռիչքի ընթացքում։ Ճուռակների մեծ մասը չվող է։ Բնադրում են ծառերի, ժայռերի վրա, գետնին։ Թխսակալում է էգը կամ արուն։ Սնվում են մանր ողնաշարավորներով, լեշերով, փափկամարմիններով, միջատներով։ Ճուռակների 11 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|