Էստոնական գրականություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էստոնական գրականություն (էստ․՝ eesti kirjandus), էստոներենով ստեղծված գրականություն։
XVI—XVIII դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էստոնական գրականությունը սկիզբ է առել համամատաբար ուշ։ Էստոնական տարածքների գրավումը գերմանական, ապա դանիական ֆեոդալների կողմից զգալիորեն խոչընդոոտեց գրական լեզվի ու գրականության ձևավորման գործընթացին։
1553 թվականին Լյուբեկե քաղաքում լույս է տեսնում էստոներեն առաջին գիրքը՝ «Լյութերի համառոտ վարդապետություն», որ թարգմանել էր Ֆրանց Վիտեն։ Այդ գրքերը, ինչպես նաև լեհ ճիզվիտ Վելտերի (1591 թ.) ստեղծագործությունների տպագրված օրինականերն անհետ կորել են։ Էստոներենով ստեղծված հնագույն երկերը Գեորգ Մյուլլերի 39 քարոզներն են, որ գրվել են 1600-1606 թվականներին, առաջին անգամ հրատարակվել են 1891 թվականին։
Էստոնական գրականության զարգացման առաջին փուլը շարունակվում է մինչև 17-րդ դարի վերջը։ Այդ փուլում ստեղծվում են մեծ մասամբ կրոնական երկեր։ Պատերազմներից, ճորտատիրությունից ու հիվանդություններից տառապող ժողովուրդը մխիթարություն էր փնտրում եկեղեցում ու կրոնում՝ ներելով գրքերում առկա լեզվական, ուղղագրական սխալները։ Այս շրջանի ամենահայտնի գրողը Հայնրիխ Շտալն է (մոտ. 1600-1657), ով 1632—1638 թթ. հրատարակել է «Hand-und Hauszbuch für das Fürstenthumb Ehsten» (աղոթքներ, արձակ ներբողներ, կիրակնօրյա ավետարանական ու առաքելական ընթերցանություն), իսկ 1641—1649 թթ. քարոզների ժողովածու։ 1656 թվականին նրա «Hand- und Hauszbuch…» երկը վերահրատարակվել է՝ արձակ ներբողները վերածված չափածոյի։
Այդ ժամանակի էստոնացիների հավատալիքների մասին պատկերոցում կազմելու տեսանկյունից կարևորվում են Յոհան Գուտսլաֆի «Kurzer Bericht und Unterricht von der Falsch-heilig genandten Bäche in Lieffland Wöhhanda» (1644) և Յոհան Ֆորսելոյի (Forselius) «Der einfältigen Ehsten abergl. Gebräuche» (Ռևել, 1685)։ Բառարանային հավելումներով քերականություններ են կազմել Հայնրիխ Շտալը (1637), Յոհան Գուտսլաֆը (1648) и Հայնրիխ Գեյզեկենը (Göseken, 1660)։
Երկրորդ փուլում, որ ձգվում է մինչև 18-րդ դարի վերջը, սկիզբ է առնում աշխարհիկ թեմայով գրականությունը։ Բենգտ Գոտֆրիդ Ֆորսելիուսը (շուրջ 1660—1689), չունենալով միջոցներ ու անհրաժեշտ ծանոթություններ, հիմնում է ժողովրդական բազմաթիվ դպրոցներ ու ուսուցիչների առաջին սեմինարիան (1684—1688) Էստոնիայում։ Նրա ազդեցությամբ Յոհան Հորնունգը (Johann Hornung, շուրջ 1660—1715) կազմում է առաջին լիարժեք քերականությունը (1693), հյուսիսային բարբառի է վերածում ծիսական գրքեր (1694—1695) ու հատկապես Նոր Կտակարանը (1715)` դրանց միջոցով հաստատելով նոր ուղղագրությունը, որ տիրոպետող էր մինչև 19-րդ դարի կեսերը։ Անտոն Տոր Հելլեն (Helle, մահ. է 1748 թ.) կազմել է քերականություն, թարգմանել Հին Կտակարանը։ 1739 թ. լույս է տենսնում Աստվածաշունչը, որ թարգմանել էին Հորնունգն ու Հելլեն։ 18-րդ դարում հոգևոր թեմաներով ստեղծագործել են Ի. Հենկելը, Ի. Շնելլը, Գ. Էրկսլեբեն, Ա. Լյուկեն, Օ. Էբերգարդը, Բ. Շիբալսկին, Պ. ֆոն Ֆրեյը։ Աշխարհիկ գրականությունն սկիզբ է առնում Հանս Կյասուի (Käsu Hans մահացել է 1734 թ. հետո) մի բանաստեղծությամբ, որ ժամանակին բավական սիրված էր, թեև գեղարվեստական տեսակետից այնքան էլ հաջող չէր։ Բանաստեղծությունը կոչվում էր «Ողբ Դորպատի ավերման» (1706)։ Այդ շրջանում ստեղծագործել են վիպակների ու պատմվածքների հեղինակ Ա. Հելլեն (1740), Ի. Գենը (1788), Օ. Գոլցը (1817), Գ. Ավրելին, Վ. Վիլմանը (1746—1819),Ի. ֆոն Լյուցեն (1756—1842) և այլք։
XIX դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Էստոնական գրականության զարգացման երրորդ փուլը շարունակվում է մինչև 19-րդ դարի կեսերը։ Տաղանդավոր էստոնացի Օտտո Վիլհելմ Մազինգը (1763—1832) նախաձեռնում է ճորտատիրական լծից ազատված (Էստլյանիդիայում 1804 թ., Լիֆլյանդիայում 1819 թ.) էստոնացիներին արժանի գրականության ստեղծմանը։ 1818 թվականին նա հրատարակում է «Կիրակնօրյա ընթերցանությունը»։ 1821-25 թվականներին նա հրատարակում է «Գյուղացիական շաբաթաթերթը», որ էստոնական առաջին ընդհանրական պարբերականն է՝ չհաշված քիչ հայտնի «Դորպատյան գյուղացիական շաբաթաթերթը»։ Այդ ժամանակի գրողներից աչքի են ընկել նաև Պետեր ֆոն Մանտերֆելը (1768—1842) և Քրիստիա Յաակ Պետերսոնը (1801—1822)։
Էստոնական գրականության զարգացման IV փուլը տևում է մինչև 19-րդ դարի 80-ական թվականները։ Այդ փուլում գերմանացի ծագում ունեցող գրողները գրում են միայն կրոնական երկեր՝ չստեղծելով որևէ նշանակալի գործ։ Ազատ էստոնացիները շարունակում են զարգացնել էստոնական գրականությունը. ստեղծվում են պատմվածքներ, վիպակներ, դրամաներ ու բանաստեղծություններ։ 1843 թվականին Էդուարդ Արենսը (Ahrens, 1803—1863) ստեղծում է նոր ուղղագրություն, որ հիմնված էր էստոներենի հնչյունների ու բառերի գիտական ուսումնասիրության վրա։ Դորպատի համալսարանի դասախոս Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելմանը (Fählmann, 1798—1850) 1839 թ. համալսարանում հիմնում էէստոնական գիտական միություն, որ մեծ ներդրում ունեցավ էստոնական լեզվի ու գրականության ուսումնասիրության գործում։ Այդ միության պարբերականում տպագրվում են նաև ժողովրդական ստեղծագործություններ, որոնցից 1844 թ. հրատարակված «Կոյտ և Էմիրիկ» («Արշալույս և մայրամուտ») երկը գիտնականների ուշադրությունը հրավիրեց ժողովրդական ստեղծագործությունների վրա։ Ֆելմանի անժամանակ մահը չթողեց հրատարակել Կալևիպոեգը, սակայն նրա հավաքած նյութերն անցան Ֆրիդրիխ Կրեյցվալդին (1803—1882), ով ինքն էլ բավական նյութեր էր հավաքել էպոսի վերաբերյալ։ Էստոնական գիտական միության հանձնարարությամբ Կրեյցվալդը մշակեց հավաքված նյութերը և 1862 թ. հրատարակեց «Կալևիպոեգ. էստոնական ազգային էպոս». այն կազմված էր 20 երգից։
1880 թ-ից էստոնական գրականությունն արդեն հավասարվում էր զարգացած ժողովուրդների գրականություններին։ Ձևավորվում են գրական տարբեր ուղղություններ։ Սկսում են թարգմանություններ կատարել, մասնավորապես թարգմանում են Պուշկինի, Լերմոնտովի, Տոլստոյի («Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենիան», պատմվածքներ), Չեխովի, Տուրգենևի («Հայրեր և որդիներ») և այլոց ստեղծագործություններից։ Գրականության զարգացման գործում մեծ դեր ունեցավ պարբերական մամուլի սկզբնավորումը, որն զարգացման գործում մեծ դեր է ունեցել անվանի հրատարակիչ ու գրող Կառլ Ռոբերտ Յակոբսոնն (1841—1882) իր «Սակալա» (1879—1882) թերթով։
XX դար
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբում տարեկան լույս էր տեսնում 200-250 գիրք։ 1903 թ. վերջին հրատարակվում էր 14 պարբերական, որոնցից մի քանիսն ունեին շուրջ 10000 բաժանորդ։ Ամերիկայում այդ ընթացքում էստոներենով երկու ամիսը մեկ լույս էր տեսնում «Ամերիկյան էստոնական փոստատար» թերթը։
20-րդ դարի առաջին տասնամյակում էստոնական գրականության մեջ արտահայտվում է մոդեռնիզմը, ձևավորվում է «Երիտասարդ Էստոնիա» գրական-գեղարվեստական խմբակը։
1920-ական թթ. էստոնացի բանաստեղծների ստեղծագործություններում նկատվում են վատատեսական նոտաներ, հիասթափություն շրջապատող աշխարհից։ Արձակում տիրապետող էր ռեալիզմը։ Ժամանակաշրջանի ամենահայտնի գրողներից էր Անտոն Հանսեն Տամսաարեն (1878—1940), որի «Tõde ja Õigus» («Ճշմարտություն և արդարություն», 1926—1933) հինգհատորանոց երկը էստոնական գրականության հիմնաքարային ստեղծագործություններից է։ Հայտնի էին նաև Աուգուստ Մյալկը (1900—1987) ու Կառլ Ռիստկիվին (1912—1977)։