Էշֆորդ[2] կամ Աշֆորդ (անգլ.՝ Ashford), քաղաք Անգլիայի Քենթ կոմսությունում, համանուն շրջանի (բորոյի) վարչական կենտրոնը։ Զբաղեցնում է 17,47 քառակուսի կիլոմետր տարածք։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 84.458
[3]:
Գտնվում է Լոնդոնից 98 կմ դեպի հարավ-արևելք[4], Քենթերբերիից՝ 24 կմ դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքը հայտնի է 9-րդ դարից, հիշատակված է 1086 թվականին գրված ձեռագիր մատյանում՝ Domesday գրքում ՝ Essetesford անունով։ XIII դարում այն ստացել է market town-ի՝ շուկայական քաղաքի, այսինքն՝ շուկաներ կազմակերպելու իրավունք ունեցող քաղաքի կարգավիճակ։ 1450 թվականի մայիսի 8-ին այստեղ սկսվել է ժողովրդական ապստամբություն Ջեք Քեյդի գլխավորությամբ[5], որը դարձել է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի նախերգանքը։ 19-րդ դարի կեսերին երկաթուղիների կառուցումից հետո բնակավայրն սկսել է բուռն թափով աճել։
Քաղաքը խոշոր երկաթուղային հանգույց է, որտեղով անցնում են մի շարք երկաթգծեր, ներառյալ High Speed 1-ը՝ Բարձր արագությամբ 1-ը, որով սլանում են Eurostar ճեպընթաց գնացքներ։ Կայարանի մերձակայքում է տեղակայված McArthurGlen Designer Outlet Ashford-ը՝ առևտրի կենտրոն, որտեղ հանրահայտ բրենդներով թողարկված հագուստ է վաճառվում մեծ զեղչերով։