Զինաիդա Սամսոնովա
Զինաիդա Սամսոնովա ռուս.՝ Зинаида Самсонова | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1924 |
Ծննդավայր | Բոբկովո, Եգորևսկի շրջան, Մոսկվայի մարզ |
Մահացել է | հունվարի 27, 1944 (19 տարեկան) |
Մահվան վայր | Գոմելի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Օզարիչի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | սպա |
Զբաղեցրած պաշտոններ | ավագ սերժանտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Zinaida Samsonova Վիքիպահեստում |
Զինաիդա Ալեքսանդրովնա Սամսոնովա (ռուս.՝ Зинаида Александровна Самсонова, հոկտեմբերի 14, 1924, Բոբկովո, Եգորևսկի շրջան, Մոսկվայի մարզ - հունվարի 27, 1944, Գոմելի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1944)[1], բժշկական ծառայության ավագ սերժանտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինաիդա Ալեքսանդրովնա Սամսոնովան ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 14-ին ՌԽՖՍՀ Մոսկվայի նահանգի Եգորևսկի շրջանի Բոբկովո գյուղում (ներկայում՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Եգորևսկի շրջանի գյուղ), գյուղական դարբնի ընտանիքում։ 1930-ական թվականների սկզբին Սամսոնովների ընտանիքը տեղափոխվել է հարևան Կոլիչյովո գյուղ, որտեղ Զինաիդա Սամսոնովան 1939 թվականին ավարտել է յոթնամյա դպրոցը։ Աշխատել է Հաշմանդամների տանը որպես բուժքույր։ 1941 թվականի ամռանը մոբիլիզացվել է Մոսկվայի մատույցներում պաշտպանական ամրություններ կառուցելու համար։ Աշխատել է Բաբուշկինոյում և Նարո-Ֆոմինսկում։ 1942 թվականի փետրվարին ընդունվել է Եգորևսկի բժշկական դպրոցի բուժքույրական դասընթացներ, որն ավարտել է 1942 թվականի օգոստոսին։
Զինաիդա Սամսոնովան 1942 թվականի հոկտեմբերին Եգորևսկի շրջշրջզինկոմատի կողմից զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի շարքերը։ Կռվել է Ստալինգրադի և Վորոնեժի ռազմաճակատներում, մասնակցել Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին։ Հատկապես աչքի է ընկել Դնեպրի ճակատամարտում՝ Բուկրինսկի ռազմահենադաշտում։ 1943 թվականի սեպտեմբերին Վորոնեժի ռազմաճակատի 47-րդ բանակի առաջապահ ստորաբաժանումները հասել են Դնեպր գետին Ուկրաինական ԽՍՀ Չերկասիի մարզի Կանև քաղաքի շրջանում։ 1943 թվականի սեպտեմբերի 24-ին առաջին դեսանտային ջոկատի հետ 218-րդ հրաձգային դիվիզիայի 667-րդ հրաձգային գնդի սանհրահանգիչ ավագ սերժանտ Զինաիդա Սամսոնովան անցել է գետը Պեկարի գյուղի հարավային կողմից (Ուկրաինայի Չերկասիի մարզի Կանևի շրջան)։ Ռազմահենադաշտի գրավման ժամանակ Սամսոնովան ոչնչացրել է երեք գերմանացի զինվորների։ 1943 թվականի սեպտեմբերի 26-27-ը, գտնվելով պաշտպանության առաջին գծում հակառակորդի բազմաթիվ հակագրոհների ժամանակ, հակառակորդի կրակի տակ սանհրահանգիչ Սամսոնովան մարտի դաշտից դուրս է բերել 30 վիրավոր և տարհանել նրանց գետի ձախ ափ։ 1943 թվականի սեպտեմբերի 27-ի երեկոյան Պեկարի գյուղի համար մղվող մարտում մասնակցել է թշնամու հակագրոհի հետմղմանը՝ հմտորեն կռվելով ինքնաձիգով և ռազմավարային նռնակներով։
Հետագայում ավագ սերժանտ Զինաիդա Սամսոնովան մասնակցել է Կիևի հարձակողական, Կիևի պաշտպանական և Ժիտոմիր-Բերդիչևյան գործողություններին, Ժիտոմիր քաղաքի ազատագրմանը։ 1943 թվականի նոյեմբերի վերջին դիվիզիան, որում ծառայում էր սանհրահանգիչ Սամսոնովան, տեղափոխվել է Բելառուսական ճակատ։ 1944 թվականի հունվարի 27-ին Կալինկովիչ-Մոզիր հարձակողական գործողության ընթացքում բելառուսական Հոլմա գյուղի (Գոմելի մարզ) համար մղվող մարտում ավագ սերժանտ Զինաիդա Սամսոնովան զոհվել է գերմանացի դիպուկահարի գնդակից, երբ փորձում էր վիրավոր զինվորին դուրս բերել չեզոք գոտուց։ Թաղված է Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի Կալինկովիչսկի շրջանի Օզարիչի գյուղում գտնվող եղբայրական գերեզմանում։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվականի հունիսի 3-ի հրամանագրով ավագ սերժանտ Զինաիդա Սամսոնովային շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովային է նվիրված իր զինակից, բանաստեղծուհի Յուլյա Դրունինայի «Զինկա» բանաստեղծությունը.
Зинка нас повела в атаку,
Мы пробились по черной ржи,
По воронкам и буеракам,
Через смертные рубежи.
Мы не ждали посмертной славы,
Мы хотели со славой жить.
…Почему же в бинтах кровавых
Светлокосый солдат лежит?
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե աստղ» մեդալ (03 հունիսի, 1944)
- Լենինի շքանշան (03 հունիսի, 1944)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովայի կիսանդրին տեղադրվել է Մոսկվայի տարածաշրջանային № 3 բժշկական քոլեջի Եգորևսկի մասնաճյուղում (Մոսկվայի մարզ, քաղաք Եգորևսկ)։
- Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովային նվիրված հուշատախտակ է տեղադրվել Մոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում գտնվող Մոսկվայի տարածաշրջանային թիվ 3 բժշկական քոլեջի Եգորևսկի մասնաճյուղի շենքի ճակատին։
- Զինաիդա Սամսոնովայի անունն է կրում Մոսկվայի № 3 տարածաշրջանային բժշկական քոլեջը, որի մասնաճյուղերը գտնվում են Մոսկվայի մարզի Օրեխովո-Զուևո, Նոգինսկ, Եգորևսկ, Շատուրա քաղաքներում։
- Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովայի անունը կրում է Մոսկվայի մարզի Եգորևսկի շրջանի Կոլիչյովո գյուղում գտնվող մարտական փառքի թանգարանը։
- Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովայի անվան դպրոցական թանգարան է ստեղծվել Մոսկվայի մարզի Եգորևսկի շրջանի Միխալյովսկայա միջնակարգ դպրոցում։
- Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովայի անունով փողոցներ են կոչվել Բելառուսի Հանրապետության Օզարիչի և Մոսկվայի մարզի Եգորևսկի շրջանի Կոլիչյովո գյուղում[2]։
- 1974 թվականից Եգորևսկ քաղաքում անցկացվում է Զինաիդա Սամսոնովայի հիշատակին նվիրված վազքարշավ։
- Զինաիդա ամսոնովայի դիմանկարը պատկերվել է Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած կին բժիշկներին նվիրված խորհրդային փոստային բացիկների շարքի բացիկներից մեկի վրա[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sakaida, Henry (2012 թ․ ապրիլի 20). Heroines of the Soviet Union 1941–45 (անգլերեն). Bloomsbury Publishing. ISBN 9781780966922.
- ↑ «Самсонова Зинаида Александровна». www.warheroes.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Кировский Медицинский Колледж. «Медицинские сёстры в годы Великой отечественной войны». kbmk.kirov.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Самсонова Зинаида Александровна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — С. 414. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2
- Друнина Ю. Светлокосый солдат // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — Вып. 2. — М.: Политиздат, 1969. — 463 с.
- Кузьмин М. К. Медики — Герои Советского Союза. 2-е изд., испр. и доп. — М, 1970.
- Сатрапинский Ф. В. Женщины-медики - отважные патриотки. — М: Медгиз, 1956.
- Юлия Друнина Из цикла «По войне»: Зинка. Памяти Героя Сов. Союза 3. Самсоновой. Стихи // Журнал «Знамя», № 8, 1945. — стр. 110—112
Փաստաթղթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Общедоступный электронный банк документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- «Представление к званию Героя Советского Союза и указ ПВС СССР о присвоении звания». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- «Обобщенный банк данных «Мемориал»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- ЦАМО, ф. 58, оп. 18002, д. 159 в электронном банке документов ОБД «Мемориал[
- ЦАМО, ф. 58, оп. 977525, д. 334 в электронном банке документов ОБД «Мемориал»
- ВК Московской области, Егорьевский район, д 18 в электронном банке документов ОБД «Мемориал»
- «Учётная карточка захоронения З375-325. Калинковичский район, пгт Озаричи, ул. Самсоновой».
- «Схема захоронения З375-325».
- «Информация из списка захороненных в братской могиле по улице Самсоновой».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ГОУ СПО МО «Егорьевское медицинское училище имени Героя Советского Союза З. Самсоновой»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- «Биография Самсоновой Зинаиды Александровны в собрании биографий». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինաիդա Սամսոնովա» հոդվածին։ |
|