Երևանի ճոպանուղի
Երևանի ճոպանուղի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տիպ | ճոպանուղի |
Կարգավիճակ | չգործող |
Կայարանների թիվ | 2 |
Աշխատանքային տվյալներ | |
Բացված | 1967 |
Փակված | 2004 |
Սեփականտեր | Ռոբերտ Եղիազարյան |
Տեխնիկական տվյալներ | |
Գծի երկարություն | 540 մետր |
Երևանի ճոպանուղի, 1967 թվականին Երևանում բացված ճոպանուղի։ Ճարտարապետներ՝ Հովհաննես Մարգարյան,Բաղդասար Արզումանյան, գլխավոր մեխկոնստրուկտոր՝ Մ. Վախտանգով[1]։ Երևանի ճոպանուղին գործել է 1967-2004 թվականներին։ Այն ուղիղ տրանսպորտային կապ է ապահովել Հերացու փողոցից դեպի Նորք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի ճոպանուղին կապել է Հերացու փողոցը Նորք թաղամասի հետ` օրական տեղափոխելով մոտ 500 ուղևոր։ Ճոպանուղու ուղևորները հիմնականում ուսանողներ էին, քանի որ նրա Կենտրոն թաղամասի կառամատույցը մոտ է գտնվում երևանյան ԲՈՒՀ-երին։ 1990-ական թվականներին ճոպանուղին չի աշխատել ընդամենը 6 ամիս։ Ճապանուղու ուղևորների մոտ 20-30%-ը անվճար հիմունքներով էին երթևեկում, որոնց երթևեկության համար պետությունը 1999 թվականից ի վեր չէր վճարում, ինչի հետևանքով 2003 թ. տվյալներով պետության պարտքը «Երևանի ճոպանուղի» ընկերությանը հասել էր 7,000,000 ՀՀ դրամի։
Երևանի խոշոր խորհրդային մոդեռնիստական կառույցներից է[2]։
Ներկայումս շենքը լքված և անխնամ վիճակում է, ծառայում է որպես կացարան անօթևանների համար։
Միջադեպ ճոպանուղում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի ապրիլի 2-ին, Երևանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկել է Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակ։ Վթարի հետևանքով վագոնի 11 ուղևորներից մահացել է հինգը, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ էին, մյուսները ստացել են ծանր մարմնական վնասվածքներ[3]։
Միջադեպի համար միակ մեղադրյալ ճանաչվեց «Երևանի ճոպանուղի» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Ջանյանը, ում մեղադրանք առաջադրվեց 245 հոդվածի 3-րդ մասով՝ «Տրանսպորտային միջոցներն անորակ վերանորոգելը կամ դրանք տեխնիկական անսարքություններով շահագործման բաց թողնելը»։ Ջանյանը դատապարտվեց 5 տարի 6 ամսվա ազատազրկման, սակայն խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չբացակայելու պայմանով[4]։
Ջանյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը, այն էր վթարից մեկ տարի առաջ` 2003 թվականի փետրվարին, կատարված վերանորոգումն անցկացվել էր անփութորեն, օգտագործվել էին անորակ և ստանդարտին չհամապատասխանող նյութեր[5]։
Դատաքննության ժամանակ չպարզվեց արդյոք «Երևանի ճոպանուղի» ԲԲԸ-ի սեփականատերը, աշխատակիցները, նորոգող ու սպասարկող կազմակեպություններն ու այլ անձինք մեղավորություն ունեցել են միջադեպի մեջ, թե ոչ[4]։
Վթարից հետո 2007 թ. ճոպանուղին սեփականության իրավունքով ձեռք է բերել քաղաքացի Ռոբերտ Եղիազարյանը։