Երջանիկ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երջանիկ Ավետիսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային հրաձիգ
Երկիր՝{{{2}}} ԽՍՀՄ
{{{2}}} Հայաստան
 Ռուսաստան
{{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 7, 1969(1969-12-07) (54 տարեկան)
Ծննդավայր՝Այգեզարդ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
162 սանտիմետր

Երջանիկ Ժորայի Ավետիսյան (դեկտեմբերի 7, 1969(1969-12-07), Այգեզարդ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ և ռուսաստանցի հրաձիգ, ստենդային հրաձգության Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2000)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երջանիկ Ավետիսյանը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 7-ին ՀԽՍՀ Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղում[1]։ Ստենդային հրաձգությամբ նա սկսել է զբաղվել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Գոռ Բարսեղյանի ղեկավարությամբ։ Որպես մասնագիտացում ընտրել է կլոր ստենդը (սկիտ)[2]։

Միջազգային մակարդակով առաջին մեծ հաջողությունը Երջանիկ Ավետիսյանն արձանագրել է 1992 թվականին։ Ստամբուլում կայացած ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է ոսկե մեդալներ ինչպես անհատական պայքարում, այնպես էլ ԱՊՀ Միավորված թիմի կազմում։ 1993-1994 թվականներին նա հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո։ 1994 թվականին Ավետիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն և աշխարհի չեմպիոն անհատական պայքարում[2]։

1995 թվականից Երջանիկ Ավետիսյանը միջազգային մրցումներում ներկայացրել է Ռուսաստանը։ 1999 թվականին Տամպերեում կայացած ստենդային հրաձգության աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալներ է նվաճել ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցումներում։ 2000 թվականին, երբ կանանց կլոր ստենդի մրցումներն առաջին անգամ մտան օլիմպիական խաղերի ծրագիր, նա մասնակցեց Սիդնեյի Օլիմպիական խաղերին՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։ 2006 թվականին, երրորդ երեխայի ծնվելու հետ կապված որոշակի դադարից հետո վերսկսելով մարզական կարիերան, Երջանիկն անհատական պայքարում երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն[2]։ Նույն թվականին նրան հաջողվեց սահմանել Ռուսաստանի ռեկորդ և կրկնել համաշխարհային ռեկորդը։

Չնայած այս նվաճումներին, Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը Երջանիկ Ավետիսյանին չընդգրկեց Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակիցների կազմում, և նա որոշեց վերադառնալ հայրենիք և կրկին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Չստանալով Ռուսաստանի հրաձգային միության Հայաստանը ներկայացնելու համաձայնությունը, նա ստիպված էր երկու տարի բաց թողնել որպես «կարանտին»։ Մրցակցային պրակտիկայի բացակայության պատճառով նա չկարողացավ հաջող հանդես գալ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մնացած վարկանիշային մրցաշարերում և նվաճել այդ մրցաշարի ուղեգիր։ Այնուամենայնիվ, արդեն 2012 թվականին նա կրկին հասավ բարձր արդյունքների և անհատական հաշվարկում նվաճեց Լառնակայում անցկացած ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է իր առաջին մարզչի` ԽՍՀՄ, Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր մարզիչ Գոռ Բարսեղյանի հետ։ Նրանք ունեն երեք երեխա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այժմ՝ Հայաստանի Արարատի մարզում
  2. 2,0 2,1 2,2 2,3 «АВЕТИСЯН Ерджаник Жораевна». infosport.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: Text "Российские спортсмены и специалисты" ignored (օգնություն); Text "Спортивная Россия" ignored (օգնություն)
  3. «Стендовая стрельба. Трехкратная чемпионка мира Ерджаник Аветисян: В моей коллекции не хватает олимпийской медали». Советский спорт (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]