Jump to content

Երկաթե և թղթե շերեփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկաթե շերեփ (այլ կիրառումներ)

Երկաթե և թղթե շերեփ, Հայաստանի և այլ երկրների պետական շահերը խորհրդանշող հայտնի փոխաբերություն, որը դարձել է թևավոր խոսք։

Երկաթե շերեփ

1878 հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) Բեռլինում տեղի է ունեցել միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։

Կոնգրեսի մասնակիցներից մեկն էր ՀԱԵ 125-րդ կաթողիկոս, հասարակական, քաղաքական գործիչ, գրող Մկրտիչ Խրիմյանը՝ որպես Օսմանյան կայսրությունում հայերի ներկայացուցիչ։ Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի կոնգրեսի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։

Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից[1]։ Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Օսմանյան կայսրությանը։

Այդպիսով, ձեռնունայն վերադառնալով Բեռլինի կոնգրեսից և հասկանալով եվրոպական խոշոր տերությունների երկդիմի քաղաքականությունը, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, Մկրտիչ Խրիմյանը դառնացած արձանագրեց, որ անտեղի, իգուր էին հայերի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քաղաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը։ Ուրիշ ժողովուրդներ, նկատեց նա, «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր[2]։

Այլ ոլորտներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԶԼՄ-ներում լայն լուսաբանում է ստացել 2017 թվականի հունվարի 21-ին «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանի ելույթը, ով ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփը ձեռքին։ Կոնջորյանի խոսքով, դա խորհրդանշում էր 19-րդ դարավերջին Խրիմյան Հայրիկի հայտնի համեմատությունը։ Կոնջորյանի ելույթի գլխավոր մասը հետևյալն էր.
1878 թվականին, երբ Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից, ահա այսպես նա ներկայացրեց իր տպավորությունները։ Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը։ Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լղճվեց մնաց հարիսայի մեջ, ես մնացի ձեռնունայն։ Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ երկաթից չէ։ Իսկ, որը պետք է լինի այդ երկաթե շերեփը՝ բանա՞կը… ոչ միայն։ Երկաթե շերեփը միայն հզոր տնտեսությունն ու կառավարման համակարգը չէ։ Հայրենիքը առանց պետության նման է թղթե շերեփի[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]