Jump to content

Երիտասարդ Հայաստան (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երիտասարդ Հայաստան (այլ կիրառումներ)
Երիտասարդ Հայաստան
Տեսակպարբերական
Լեզուհայերեն

«Երիտասարդ Հայաստան», թերթ, հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանային վարչության պաշտոնաթերթ (1903-2003)։ Հիմնադիր՝ Ստեփանոս Սափան-Գյուլյան։ Խմբագիրներ՝ Սափան-Գյուլյան, Մեղիկյան, Տեր-Վարդանյան, Վարազդատ, Խան-Գելոֆյան, Սիրվարդ, Սաֆո, Մարտիրոսյան, Պոնտացի, Սիմոնյան, Շամլյան, Շահեն։ Հրատարակվել է 1903-73-ին իբրև շաբաթաթերթ, 1975 թվականից իբրև ամսաթերթ՝ Բոստոնում, Նյու Յորքում, Փրովիդենսում, Չիկագոյում, իսկ 1998-2003 թ. Փարամուսում (Նյու Ջերսի նահանգ

Իր հիմնական խնդիրն է համարել «ընկերվարական սկզբունքների քարոզչությունը»։ «Երիտասարդ Հայաստանը» հավաքել և Սափան-Գյուլյանի վերլուծական հոդվածներով հրապարակել է հայերի ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ փաստեր։

Հնչակյան կուսակցության դիրքերից պայքարել է արևմտահայության տնտեսական և քաղաքական վիճակի բարելավման և Հայ դատի արդարացի լուծման համար, քննադատել թուրք, իշխանությունների քաղաքականությունը Հայկական հարցում, նրա պան-իսլամական ու պան-թյուրքական ձգտումներն Արևելքում։ Ներկայացրել է գավառներում (Մուշ, Տիգրանակերտ, Տարոն) հնչակյան շարժման ընթացքը, դրվագներ հայդուկային խմբերի գործունեությունից։ Կոչ է արել հավատ չընծայել «ժողովրդավարության և առաջադիմության դարաշրջանի» հաստատման մասին երիտթուրքերի հայտարարություններին, անհապաղ լծվել ինքնապաշտպանության գործին, կանխատեսել է ցեղասպանության հնարավորությունը։ Դրական է վերաբերվել Հոկտեմբերյան հեղափոխությանը, 11-րդ կարմիր բանակի ներխուժմանը Հայաստանի Հանրապետություն և երկրի խորհրդայնացմանը։ Պրոպագանդել է ՀՕԿ-ի գործուննեությունը, հայրենակցական միությունների վերաշինական աշխատանքները Խորհրդային Հայաստանում, նպաստել է հայրենիքի հետ գաղութահայության կապերի ամրապնդմանը։

Հետագա շրջանում հանդես է եկել Սառը պատերազմի դեմ։ Վերջին տարիներին լայն տեղ է հատկացրել արտաքին խաղաղասիրական քաղաքականության, Սովետական Հայաստանի տնտեսության ու մշակույթի հարցերին, տպագրել սովետական պետական գործիչների, արվեստի ու գրականության ներկայացուցիչների հոդվածները, արտատպել ՀԽՍՀ մամուլի նյութերից։ Տպագրել է նյութեր սփյուռքի հայրենակցական կազմակերպությունների և հնչակյան կուսակցության մասնաճյուղերի աշխատանքների մասին։ Թերթի էջերում պարբերաբար տեղ են գտել հայ և օտար հեղինակների գրական-գեղարվեստական գործերը, ներկայացվել նաև արվեստն ու նրա գործիչները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 589