Եսենիա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եսենիա
իսպ.՝ Yesenia
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրմելոդրամա
Թվական1971
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԱլֆրեդո Բ. Կրևեննա
ԴերակատարներԺակլին Անդերե, Իրմա Լոսանո, Աուգուստո Բենեդիկո, Իսաբելա Կորոնա և Խորխե Լավատ
ԵրաժշտությունՍերխիո Գեռերո
Տևողություն121 րոպե

Եսենիա (իսպաներեն՝ Yesenia), մեքսիկական ֆիլմ-մելոդրամա, որը նկարահանվել է 1971 թվականին, ռեժիսոր Ալֆրեդո Բ. Կրևեննայի կողմից։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոր մահից հետո Եսենիան մնում է ծեր տատի, գնչուհի Մախսիտայի խնամակալության ներքո։ Մի անգամ, Եսենիան գողանում է Օսվալդո անունով սպայի դրամապանակը, որն էլ առիթ է հանդիսանում նրանց միջև ռոմանտիկ հարաբերությունների համար։ Շուտով նրանք որոշում են ամուսնանալ, բայց դա այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ Եսենիան գնչուհի էր։ Այնժամ Օսվալդոն համաձայնվում է իրենց հարաբերությունները ձևակերպել գնչուական բոլոր ավանդույթներով` միայն թե լինի սիրելիի կողքին։ Հարսանիքից հետո Եսենիան լքում է հարազատ թափառախումբը և բնակություն հաստատում Օսվալդոյի տանը։ Սակայն շուտով Օսվալդոյին ձերբակալում են և որոշ ժամանակ անց, հոգնելով ամուսնուն սպասելուց, ում մասին նրան ոչինչ հայտնի չէր, Եսենիան կրկին վերադառնում է յուրայինների մոտ։

Մի անգամ Մախսիտան անկեղծանում է Եսենիայի առջև և պատմում, որ Եսենիան գնչուհի չէ և թափառախմբում չի ծնվել։ Նրա իրական ընտանիքի անդամները ունևոր մարդիկ են և ապրում են քաղաքում։ Վերջիններս ստիպված են եղել հրաժարվել Եսենիայից` հանգամանքների բերումով։

Եսենիան որոշում է այցելել նրանց, որտեղ նրան բոլորը լավ են ընդունում և պարզվում է, որ նա ունի նաև կրտսեր քույրիկ։ Որոշ ժամանակ Եսենիան ապրում է այնտեղ և շուտով նրանց տուն է այցելում Օսվալդոն, ով ինչպես պարզվում է, հանդիպում էր Եսենիայի կրտսեր քրոջ հետ։ Այդ ամբողջ ընթացքում նա եղել էր գերության մեջ և չէր կարողացել որոնել Եսենիային։ Հանդիպելով կրկին, նրանք չեն կարողանում ապրել միմյանցից հեռու։ Եսենիայի քույրը, ով ուներ սրտի լուրջ հիվանդություն, չկարողանալով համակերպվել իր սերը կորցնելու մտքի հետ, լքում է տունը և հեռանում երկրից։ Օսվալդոն և Եսենիան կրկին վերագտնում են իրենց երջանկությունը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Ժակլին Անդերե Եսենիա
Խորխե Լավատ Օսվալդո
Իրմա Լոսանո Լուիսա
Իսաբելա Կորոնա Մախսիտա
Աուգուստո Բենեդիկո Եսենիայի պապը
Ալիսիա Ռոդրիգես Մարիսելա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Ալֆրեդո Բ. Կրևեննա ռեժիսոր
Խուլիո Ալեխանդրո սցենարիստ
Խոսե Օրտիս Ռամոս օպերատոր
Սերխիո Գերերո կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ԽՍՀՄ կինովարձույթում դարձել էր կատարյալ ռեկորդակիր։ 1975 թվականին այն դիտել է 91 միլիոն հանդիսատես[1]։ Ըստ քննադատների, կինոնկարի թեման և երջանիկ ավարտը, որն ավելի շատ հիշեցնում էր Մոխրոտիկի մասին հեքիաթը, նպաստում էին ֆիլմի հաջողությանը կինովարձույթում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]