Գուրգեն Հակոբյան (մանկավարժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1918 |
Ծննդավայր | Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | Մանկավարժական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Գուրգեն Վաղինակի Հակոբյան (1918, Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրգեն Հակոբյանը ծնվել է 1918 թվականին, Վրացական ԽՍՀ Շահումյան քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Թբիլիսիի մանկավարժական ուսումնարանը։ Որպես ուսուցիչ նախ աշխատել է Լագոդեխում, ապա՝ Ղափանի շրջանում։ 1938 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, սակայն պատերազմի պատճառով կիսատ է թողել ուսումը[1]։
Սովորել է ռազմական ուսումնարանում, որն ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով, ծառայության է նշանակվել 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, մասնակցել է Թամանյան թերակղզու ազատագրման հերոսական կռիվներին։ 89-րդ դիվիզիայում էլ 1943 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ 1944 թվականին խորհրդային զորքերը հարձակում են սկսել Ղրիմի ազատագրման համար։ Հակոբյանը մասնակցել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի շարքերում հերոս քաղաք Կերչի ազատագրման մարտերին, կռիվներից մեկում վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից[1]։
1945 թվականին Հակոբյանը նշանակվել է Երևանի թատերական ինստիտուտի ռազմական ամբիոնի դասախոս։ 1947 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթի ֆակուլտետը։ Երևանի միջնակարգ դպրոցներում մի քանի տարի դասավանդել է մաթեմատիկա։ 1961 թվականին Հակոբյանն աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի սեկտորի վարիչ[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրոնտալ լաբորատոր աշխատանքները ֆիզիկայից միջնակարգ դպրոցում։ Լուսավորության մինիստրություն, ՀԽՍՀ, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, «Լույս», 1967[2]։
- Սովորողների հետազոտական ունակությունների զարգացումը ֆիզիկայի դասավանդման ընթացքում։ Երևան, «Լույս», 1977 (համահեղինակ)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ Հակոբյան, Գուրգեն Վաղինակի (1967). Ֆրոնտալ լաբորատոր աշխատանքները ֆիզիկայից միջնակարգ դպրոցում. Լուսավորության մինիստրություն ՀՍՍՀ, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ. Երևան: Լույս.
- ↑ Հակոբյան, Գուրգեն Վաղինակի (1977). Քացախյան, Բ Հ (ed.). Սովորողների հետազոտական ունակությունների զարգացումը ֆիզիկայի դասավանդման ընթացքում. Երևան: Լույս.