Գործակատարների ակումբ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գործակատարների ակումբ
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն և մոդեռն
Հիմնադրված է1899
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Տեմեռնիցկայա փողոցի ճակատը
Հուշատախտակ

Գործակատարների ակումբ (ռուս.՝ Клуб приказчиков), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է 1899 թվականին[1] «Դոնի Ռոստովի գործակատարների փոխադարձ վարկի ընկերության» համար[2]։ 1918 թվականի ապրիլին այս շենքում անցկացվել է Դոնի հանրապետության Խորհուրդների առաջին համագումարը[3]։ Գործակատարների ակումբն ունի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[4]։ Ներկայում շենքը չի շահագործվում և գտնվում է վատ վիճակում։ Նախատեսվում են վերանորոգման աշխատանքներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոնի Ռոստովի գործակատարների փոխադարձ վարկի ընկերությունը» հիմնադրվել է 1871 թվականին։ 1880-ական թվականների վերջին ընկերությունը որոշել է կառուցել սեփական շենքը։ 1890-ական թվականներին սկսվել է 3-հարկանի քարե շենքի շինարարությունը Տեմեռնիցկայա և Կազանսկայա (այժմ` Սերաֆիմովիչի փողոց) փողոցների միջև գտնվող թաղամասում։ Շինարարությունն իրականացվել է քաղաքային ճարտարապետ Վլադիմիր Կարպովիչ Շկիտկոյի հսկողության ներքո։ 1899 թվականին շենքի կառուցումն ավարտվել է, և այնտեղ տեղակայվել է ընկերության վարչությունը։ Հարդարման աշխատանքները կատարվել են մինչև 1902 թվականը[2]։

20-րդ դարի սկզբին ակումբում հաճախ անցկացվում էին պարահանդեսներ, դիմակահանդեսներ, սուրբծննդյան և զատկի երեկոներ[2]։ Ակումբում հյուրախաղերով հանդես են եկել Ֆեոդոր Շալյապինը և Սերգեյ Ռախմանինովը[5]։ 1912 թվականին շենքին կցակառուցվել է նոր մասնաշենք երկլուսավոր հանդիսասրահով, որի ճակատը դուրս էր գալիս Տեմեռնիցկայա փողոց[1]։

1918 թվականի ապրիլի 9-14-ին տեղի է ունեցել Դոնի հանրապետության խորհուրդների առաջին համագումարը, որին մասնակցել է ավելի քան 800 մարդ[3]։ 1920-ական թվականներին նախկին ակումբի սենյակներում տեղակայվել է Կարմիր բանակի տունը։ 1927 թվականի նոյեմբերի 23-ին այստեղ ելույթ է ունեցել բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին[1]։ 1930-ական թվականների կեսերից շենքը զբաղեցնում էր Երաժշտական կոմեդիայի թատրոնը։ 1934-1935 թվականներին շենքը մասամբ վերանորոգվել է. վերակառուցվել է դահլիճի տանիքը և ամրացվել է հիմքը[2]։

1950-ական թվականների կեսին շենքում իրականացվել է հիմնանորոգում[2]։ 1957 թվականին կառուցվել է աղյուսե կցակառույց հիմնական շենքի ոճով[5]։ 1990-ական թվականների սկզբին շենքը գտնվել է նախավթարային վիճակում[2]։ 2000 թվականին Երաժշտական կոմեդիայի թատրոնը տեղափոխվել է նոր շենք, և այդ ժամանակից ի վեր ակումբի շենքը չէր շահագործվում։ 2014 թվականին պետք է իրականացվեին վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ, որից հետո շենքում պետք է տեղակայվեին Ռոստովի Վ. Մ. Վելիչկինայի անվան մարզային մանկական գրադարանը և Կույրերի համար Ռոստովի մարզային հատուկ գրադարանը[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործակատարների ակումբի քարե շենքն ունի երեք հարկ և նկուղ[2]։ Կառույցի հատակագիծն ունի բարդ կառուցվածք, առկա է փոքրիկ ներքին բակ։ 1899 թվականին կառուցված ճակատը դուրս է գալիս Սերաֆիմովիչի փողոց, իսկ 1912 թվականի մասնաշենքը` Տեմեռնիցկայա փողոց։ Շքամուտքը գտնվում է Սերաֆիմովիչի փողոցի կողմից[1]։

Սերաֆիմովիչի փողոցի ճակատը կառուցված է էկլեկտիզմի նեոդասականության ուղղությամբ[5]։ Անհամաչափ ճակատի հորինվածքում ընդգծվում են թիակներով երկու ելուստները։ Առաջին հարկը զարդարված է կոպտատաշվածքով։ Շենքի հարկային կառուցվածքն ընդգծվում է պատուհանների ձևով ու դեկորով։ Առաջին հարկում դրանք զարդարված են երեսկալներով և դեկորատիվ կողպեքներով։ Վերին հարկերի պատուհանները զարդարված են եռանկյունաձև զարդաքիվերով։ Ճակատն ավարտվում է եռամաս քիվով[1]։

Տեմեռնիցկայա փողոցին նայող ճակատը զարդարված է մոդեռն ոճով[1]։ Առաջին հարկը կոպտատաշված է, երկրորդ հարկի պատուհաններն ուղղանկյունաձև են, իսկ երրորդ հարկի պատուհանները կամարաղեղներով շրջանակված կամարակների ձևով են։ Ճակատի կենտրոնական հատվածն ընդգծվում է չորս երեքքառորդային սյուներով[5]։ Ճակատի վերին մասը զարդարված է վարդակներով և երկրաչափական ներդիրներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 34—35.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «8 апреля 2013 года в Министерстве строительства, архитектуры и территориального развития Ростовской области состоялось совещание по вопросам приспособления к современному использованию объекта культурного наследия, расположенного по ул.Серафимовича, 88 в». akproekt.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 Андрианов В. И., Терещенко А. Г. Здесь заседал I съезд Советов Донской республики // Памятники Дона. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1981.
  4. «г.Ростов-на-Дону. Объекты культурного наследия (памятники истории и культуры) государственного (федерального) значения». donland.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Здание Клуба приказчиков в Ростове-на-Дону». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.