Գյուղը (վիպակ, 1910)
Գյուղը ռուս.՝ Деревня | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Իվան Բունին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հաջորդ | Dry Valley? |
«Գյուղը» (ռուս.՝ «Деревня»), Իվան Ալեքսեևիչ Բունինի վիպակը, որը գրվել է 1909-1910 թվականներին և առաջին անգամ հրատարակվել է 1910 թվականին։ 1915 թվականին իր երկերի ժողովածուում հրապարակելուց հետո հեղինակն զգալիորեն վերամշակել է վիպակը նախ «Պետրոպոլիս» հրատարակչության համար, այնուհետև երկերի ժողովածուի նոր հրատարակության համար[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները տեղի են ունենում 1900-ականների կեսերին՝ Պետական դումայի գումարման, ագրարային բարեփոխումների և ահաբեկչական ակտիվության բարձրացման ֆոնին։ Պատմության գլխավոր հերոսներն են Կրասով եղբայրները՝ Տիխոն Իլյիչը և Կուզմա Իլյիչը։ Վիպակը բաժանված է երեք գլուխների։
Կրասովները Վորգոլ կայարանից ոչ հեռու գտնվող Դուրնովկա գյուղի գյուղացիների սերունդներից են, երիտասարդ տարիքում զբաղվել են առևտրով, բայց հետո վիճում են իրար հետ։ Տիխոնը շարունակել է առևտուրը, բացել պանդոկ և խանութ, այնուհետև գնել Դուրնովկան աղքատ սեփականատիրոջից։ Կուզման միշտ երազել է սովորել և գրել կյանքի մասին, աշխատել է որպես գրասենյակային ծառայող, հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, այնուհետև փոխել է բազմաթիվ աշխատանքներ և աղքատացել։ Տիխոնը գտել է նրան և հրավիրել աշխատելու որպես կառավարիչ Դուրնովկայում։ Վիպակի երկրորդական հերոսների թվում են երիտասարդ գյուղացի Ավդոտյան՝ Երիտասարդ մականունով, որի ամուսինը դաժանորեն ծեծում է նրան, բայց անսպասելիորեն մահանում է, Դուրնովկայի ամենաաղքատ գյուղացին Գորշ մականունով, ում տունը միակն է, որտեղ ձմռան երեկոները լույս չի վառվում, և երեխաները նստում են մթության մեջ, ինչպես նաև նրա չափահաս որդին՝ Դենիսը։
Նկարագրված իրադարձությունների ընթացքում Տիխոն Իլյիչը հիսուն տարեկան է։ Նա լիովին զբաղված է տնտեսությամբ, թեև մեծ հարստություն չի վաստակել։ Նա ոչ ոքի չի վստահում և աշխատանքի մեծ մասն ինքն է անում։ Նա կին ունի, բայց տառապում է երեխաներ չունենալու պատճառով։ Նա չի սիրում գյուղացիներին՝ տեսնելով, որ նրանք խղճուկ գոյություն են քաշում, չեն ձգտում ավելի լավ կյանքի, իսկ ինքն էլ երազում է ազատվել Դուրնովկայից և տեղափոխվել քաղաք։ Կուզման սիրում է շփվել մարդկանց հետ, բայց չի կարող է օգնել նրանց։ Ծեր թափառաշրջիկի հուղարկավորությունից հետո ուժեղ սառնամանիքի ժամանակ Կուզման հիվանդանում է, և ապաքինվելուց հետո իմանում է, որ Տիխոնը որոշել է կազմակերպել Ավդոտյայի և Դենիսի հարսանիքը։ Կուզման իր հոգու խորքում դեմ է այս հարսանիքին՝ հավատալով, որ Ավդոտյային սարսափելի ճակատագիր է սպասվում, բայց նա ստիպված է որպես կառավարչի օրհնել հարսին ու փեսային։ Վիպակն ավարտվում է եկեղեցում պսակադրության տեսարանով, որտեղ «ցուրտ է և մռայլ», և ուժեղ ձնաբքի միջով սահնակով գյուղ վերադառնալով։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բունինն սկսել է աշխատել վիպակի վրա 1909 թվականին, դրանից հատվածներ կարդացել գրական շրջանակներում, և ստեղծագործության մասին սկսել են խոսել ձեռագիրը տպագրության հանձնելուց շատ առաջ։ «Биржевые ведомости» թերթը (1909, № 11348) գրել է, որ Բունինի նոր ստեղծագործությունը, հավանաբար, «խոսակցությունների և բանավեճի տեղիք կտա»[2]։ «Գյուղը» վիպակի առաջին մասը լույս է տեսել «Современный мир» պարբերականում 1910 թվականի մարտին, իսկ առաջին գրախոսականը հայտնվել է նույնիսկ համարի լույս տեսնելուց առաջ․ «Утро России» թերթի սյունակագիր Վ. Բատուրինսկին կարողացել է խմբագրությունում ծանոթանալ սրբագրական տարբերակին և, առաջ անցնելով գործընկերներից, գրախոսություն է պատրաստել, որում վիպակն անվանել է «ընթացիկ սեզոնի նշանավոր ստեղծագործություն»[3]։ «Գյուղի» վերաբերյալ բանավեճում ընդգրկվել են և՛ քննադատները, և՛ գրողները. հեղինակին պահանջներ են ներկայացվել «գեղարվեստական ճշմարտանման զգացողության կորստի» համար (Գ. Պոլոնսկի)[4], նրա համար, որ նա «վախեցրել է սեփական էտյուդներից ու էսքիզներից» (Ալեքսանդր Ամֆիտեատրով)[5], պատմվածքի մասին գրել են որպես «աղաղակող, ծայրեծայր սուտ գրքի» (Ա. Յաբլոնովսկի)[6]։ Բունինին աջակցողների թվում է եղել Զինաիդա Գիպիուսը, որը «Русская мысль» ամսագրում (1911, № 6) նշել է, թե «Գյուղը» վիպակը խիստ է, պարզ և ներդաշնակ. «...նրան պարզապես հավատում ես»[7]։
Հրատարակելով վիպակի առաջին մասը ամսագրի մարտ ամսվա գրքում՝ Բունինը նախատեսել էր հաջորդ մասերը հանձնել ապրիլին և մայիսին, բայց ապրիլյան համարում խմբագրությունը ընթերցողներին գրել է. «Հեղինակի ցանկությամբ Ի. Ա. Բունինի «Գյուղը» վիպակի տպագրությունը տեղափոխվում է աշուն»։ Երկրորդ և երրորդ մասերը հրատարակվել են նույն թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համարներում[8]։
Բունինը պատմվածքի վրա աշխատելու մասին տեղեկացրել է այդ ժամանակ իր մտերիմ ընկերոջը՝ Մաքսիմ Գորկուն ուղղված նամակում․ «...ես գրում էի օրական տասնհինգ ժամ՝ վախենալով նույնիսկ մեկ րոպե շեղվելուց, վախենալով, որ էլեկտրական լամպը հանկարծ կմարի իմ մեջ և անմիջապես ինձ վրա տիրապետող կդառնա կարոտը, որին ես դիմադրում էի միայն աշխատանքով»։ Վիպակի հրատարակումից հետո Գորկին բարձր է գնահատել այն․ «Թանկ է ինձ համար այս համեստորեն թաքնված, խեղդված հառաչանքը հայրենի հողի մասին, թանկ է ազնիվ վիշտը, դրա համար ցավոտ վախը․ և այս ամենը նոր է։ Այդպես դեռ չեն գրել»։ Բունինն իր հերթին դիմել է Գորկուն երախտագիտության խոսքերով՝ ասելով․ «Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան արժեքավոր են ձեր խոսքերը ինձ համար, ինչ անմահական ջուր եք ցողել ինձ վրա»[9]։
Ավելի ուշ Բունինը «Весной, в Иудее» (1953) գրքի նախաբանում իր հայտնի դառնալը կապել է վիպակի հրապարակման հետ[10]․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Примечания (Вячеславов), 1956, էջ 405
- ↑ Комментарии (Бабореко), 1987, էջ 610
- ↑ Мельников, 2010, էջ 113
- ↑ Мельников, 2010, էջ 116
- ↑ Мельников, 2010, էջ 118
- ↑ Мельников, 2010, էջ 119
- ↑ Мельников, 2010, էջ 120
- ↑ Примечания (Жуков), 2006, էջ 544
- ↑ Примечания (Жуков), 2006, էջ 545
- ↑ Примечания (Вячеславов), 1956, էջ 403
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бабореко А. К. Комментарии // И. А. Бунин. Собрание сочинений в шести томах. — М.: Художественная литература, 1987. — Т. 3. — 671 с.
- Вячеславов П. Л. Примечания // И. А. Бунин. Собрание сочинений в пяти томах. — М.: Правда, 1956. — Т. 2. — С. 402—419. — 424 с.
- Жуков И. И. Примечания // И. А. Бунин. Полное собрание сочинений в 13 томах. — М.: Воскресенье, 2006. — Т. 2. Стихотворения (1912—1952); Повести, рассказы (1902—1910). — С. 520—548. — 592 с.
- Классик без ретуши: Литературный мир о творчестве И. А. Бунина / Н. Г. Мельников. — М.: Книжница, 2010. — 928 с. — ISBN 978-5-903081-12-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Текст повести на сайте, посвященном творчеству И. А. Бунина
- The Village Գուտենբերգ նախագծի կայքում (английский перевод)
|