Գեղարվեստական ցուցահանդեսներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գեղարվեստական ցուցահանդեսներ են կոչվում արվեստի ստեղծագործությունների հանրային, մեծ մասամբ ժամանակավոր, ցուցադրումները։ Գեղարվեստական ցուցահանդես դիտողին հաստոցային արվեստին (ժամանակակից և անցյալի) ծանոթացնելու հիմնական ձևն են։ Տարբերակում են միջազգային, ազգային, տեղական (ՍՍՀՄ–ում՝ համամիութենական, հանրապետական, մարզային), ստացիոնար և շրջիկ, անհատական, խմբական և կոլեկտիվ գեղարվեստական ցուցահանդեսներ։ Դրանք կարող են լինել պարբերական (ամենամյա, երկու տարին մեկ՝ «բիենալե»)։ Գեղարվեստական ցուցահանդեսներ հաճախ կազմակերպվում են որևէ հատկանիշով, ըստ մասնակիցների կազմի (գեղարվեստի ակադեմիայի անդամներ, ինքնուսներ) և գեղարվեստական խմբավորումների նրանց պատկանելության, ըստ արվեստի տեսակների ու ժանրերի (գեղանկարչություն, քանդակ, փորագրություն, դիմանկար, բնանկար), ինչպես և ըստ թեմաների (այսպես կոչված, թեմատիկ ցուցահանդեսներ) և կերպարվեստի ուղղությունների։ Մեծ նշանակություն ունեն թանգարանային գեղարվեստական ցուցահանդեսները։ Առաջին գեղարվեստական ցուցահանդեսները արվեստի գործերի հանրային ցուցադրումներն էին Հին Հունաստանում (մ․ թ․ ա․ VI դարից), Իտալիայում (XIV–XVI դդ․), Հոլանդիայում և Ֆլանդրիայում (XVII դ․)։ Ֆրանսիայում Փարիզի գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիան, 1653-ից ցուցադրելով իր անդամների աշխատանքները, 1699-ից սկսել է ցուցահանդեսներ կազմակերպել Լուվրում։ XVIII դ․ կանոնավոր ցուցահանդեսներ են կազմակերպել նաև մյուս պետությունների գեղարվեստի ակադեմիաները (1760-ական թվականներից Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան)։ XIX դարից գեղարվեստական ցուցահանդեսները դարձել են հասարակական կյանքին արվեստի մասնակցության հիմնական ձևը, գաղափարա – գեղարվեստական ուղղությունների պայքարի ասպարեզ։ Միաժամանակ կազմակերպվել են ոչ պաշտոնական ցուցահան դեսներ (Գ, Կուրբեի նկարների՝ «Ռեալիզմ» ցուցահանդեսը, 1855, «Մերժվածների սալոնը», 1863, երկուսն էլ՝ Ֆրանսիայում) և ցուցահանդեսային միավորումներ (Գեղեցիկ արվեստների ազգ․ ընկերությունը, 1890, Ֆրանսիայում, Սեցեսիոնները, 1892-ից՝ Գերմանիայում և Ավստրիայում)։ Դրանցից մի քանիսը սալոնային – ակադեմիական արվեստին հակադրել են ռեալիստական ծրագիր, գեղարվեստական արտահայտչականության նոր միջոցների որոնումներ։ Հայկական առաջին գեղարվեստական ցուցահանդեսը կազմակերպել է Դպրոցասեր տիկնանց ընկերությունը, Կ․ Պոլսում, 1882-ին, Հ․ Այվազովսկու մասնակցությամբ։ ՍՍՀՄ–ում և մյուս սոցիալիստ, երկրներում լայն տարածում գտած գեղարվեստական ցուցահանդեսները նախատեսված են ժողովրդական զանգվածների գեղագիտական դաստիարակության համար։ Կապիտալիստական երկրներում դասական և ժամանակակից առաջադիմական արվեստի ցուցահանդեսների հետ միաժամանակ կազմակերպվում են ռեկլամային, առևտրական նպատակներով բազմաթիվ գեղարվեստական ցուցահանդեսներ։ ժողովուրդների մշակութային մերձեցման, նրանց մշակույթի փոխհարստացման, խաղաղության և առաջադիմության համար մղվող պայքարին նպաստում են ազգային գեղարվեստական ցուցահանդեսների փոխանակումը («Մեքսիկայի արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», 1960, Մոսկվայում, «Ռուսական արվեստը սկյութներից մինչև մեր օրերը։ Ռուսական թանգարանների գանձերը», 1967–68, Փարիզում, «Հայկական արվեստը ուրարտուից մինչև մեր օրերը», 1970, Փարիզում), միջազգային գեղարվեստական ցուցահանդեսները («Արվեստը և Դիմադրությունը», 1965, Բեռլինում), համաշխարհային ցուցահանդեսներում ազգային և միջազգային ցուցադրանքները («Մարդ-արարիչի հանճարը» ցուցահանդեսը Մոնրեալի 1967-ի համաշխարհային ցուցահանդեսի ինտերնացիոնալ տաղավարում)։