Բույսերի սաղմնաբանություն
Բույսերի սաղմնաբանություն (բույսերի էմբրիոլոգիա), բուսաբանության բաժին, ուսումնասիրում է բուսական նոր օրգանիզմների առաջացման (սաղմնավորման) և ձևավորման հարցերը։ Ավելի լայն առումով, բույսերի սաղմնաբանությունը ուսումնասիրում է ինչպես բույսերի սաղմնային զարգացումը, այնպես էլ բազմացման ոլորտի ձևավորման շրջանը, սեռական բջիջների առաջացման և բեղմնավորման երևույթները։
Տարբերում են ընդհանուր բույսերի սաղմնաբանություն, որը բացահայտում է բազմացման և սաղմնային զարգացման հիմնական օրինաչափությունները (սպորոգենեզ, գամետոգենեզ, զիգոտոգենեզ, էնդոսպերմոգենեզ և այլն), համեմատական բույսերի սաղմնաբանություն, որն ուսումնասիրում է տարբեր բույսերի սաղմնային պրոցեսները՝ կարգաբանության և ֆիլոգենիայի հարցերի պարզաբանման նպատակով, մասնավոր բույսերի սաղմնաբանություն, որն ուսումնասիրում է այդ պրոցեսներն առանձին կարգաբանական խմբերի բույսերում և փորձառական բույսերի սաղմնաբանություն, որը փորձնական ճանապարհով պարզաբանում է բույսերի սաղմնային պրոցեսների գենետիկական, կենսաքիմիական և ֆունկցիոնալ բնույթը։
Որպես ինքնուրույն գիտություն բույսերի սաղմնաբանություն ձևավորվել է դեռևս XIX դարում, երբ արդեն ստեղծվել էին բջջային տեսությունը և էվոլյուցիոն ուսմունքը։ Բույսերի սաղմնաբանության զարգացմանը նպաստել է մանրադիտակային տեխնիկայի կատարելագործումը։ Այդ ժամանակաշրջանում մի շարք բուսաբաններ (իտալ.՝ Զ․ Ամիչի), (գերմ.՝ Ֆ․ Մայն, Վ․ Հոֆմայստեր), (ռուս.՝ Ի․ Դորոժանիկին և Ն․ Ժելեզնով ու ուրիշներ) բացահայտել էին փոշեհատիկի ծլման ու փոշեխողովակի առաջացման երևույթները, պարզել սպորավոր և ծաղկավոր բույսերի օնտոգենեզի մի շարք կարևորագույն հարցեր, հաստատել սեռական և անսեռ սերունդների հաղորդականության տեսությունը։ Բույսերի սաղմնաբանության զարգացման ժամանակակից փուլը բնութագրվում է տեսության և փորձի սերտ միահյուսմամբ։
Սաղմնաբանների հիմնական ուշադրությունը ներկայումս ուղղված է այնպիսի բարդ երևույթների հետազոտությանը, ինչպիսին են միկրո- և մակրոգամետոգենեզը, կրկնակի բեղմնավորման պրոցեսը, էմբրիո- և էնդոսպերմատոգենեզը, պոլիէմբրիոնիան և ապոմիքսիսը, որոնց ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի բույսերի ֆիլոգենիայի և էվոլյուցիայի պրոբլեմների մշակման, ինչպես նաև ձևերի և տեսակների առաջացման հարցերի պարզաբանման համար։ Գենետիկական և սելեկցիոն մի շարք կարևորագույն խնդիրների լուծումը (հեռավոր հիբրիդացում, ստերիլություն, ապոմիքսիս և այլն) ևս հենվում է սաղմնաբանական ուսումնասիրությունների վրա։ Ինտենսիվորեն զարգանում են բույսերի սաղմնաբանության փորձառական և էկոլոգիական ուղղությունները։ Ֆիտոմորֆոլոգների միջազգային ասոցիացիան հրատարակում է «Ֆիտոմորֆոլոջի» («Phytomorphology», 1951-ից) հանդեսը, որտեղ լուսաբանվում են նաև բույսերի սաղմնաբանության հարցերը։ Երկու տարին մեկ անցկացվում են միջազգային սիմպոզիումներ։ ՀՍՍՀ-ում բույսերի սաղմնաբանությամբ զբաղվում են Երևանի համալսարանում, ՀՍՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում, Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 151)։ |