Բորիս Շախլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Շախլին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Борис Шахлин
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝մարմնամարզիկ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝1932 հունվարի 27
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իշիմ, Տյումենի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝մայիսի 30, 2008(2008-05-30) (տարիքը 76)
Մահվան վայր՝Ուկրաինա Կիև, Ուկրաինա
Ակումբ՝«Բուրեվեստնիկ» (Լվով)
Մարզիչ(ներ)՝Ա. Միշակով
171 սմ
Քաշ՝71 կգ

Բորիս Անֆիյանովիչ Շախլին (ռուս.՝ Борис Анфиянович Шахлин, 27 հունվարի, 1932, Իշիմ, Տյումենի մարզ, ԽՍՀՄ - 30 մայիսի, 2008, Կիև, Ուկրաինա), խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1955)։ Օլիմպիական խաղերի յոթակի չեմպիոն (1956 - վարժություններ ձիագերանի վրա, թիմային առաջնություն, 1960 - բացարձակ առաջնություն, վարժություններ ձիագերանի վրա, վարժություններ զուգափայտերի վրա, հենացատկ, 1964 - վարժություններ մարզաձողի վրա)։ Աշխարհի (1958), Եվրոպայի (1955), ԽՍՀՄ (1954, 1957-1960, 1963) բացարձակ չեմպիոն։ Աշխարհի (1954, 1958), Եվրոպայի (1955, 1963), ԽՍՀՄ (1957-1964) չեմպիոն բազմամարտի տարբեր ձևերում։ ԽՍՀՄ գավաթակիր (1955-1962

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Շախլինը ծնվել է 1932 թվականի հունվարի 27-ին Տյումենի մարզի Իշիմ քաղաքում։ Տասներկու տարեկանում լրիվ որբացել է, ինչից հետո եղբոր հետ ապրել է տատի մոտ։ 1944 թվականին սկսել է հաճախել մարմնամարզական խմբակ։ Բորիս Շախլինի առաջին մարզիչը եղել է Վ. Պորֆիրևը, ով նրա մոտ դաստիարակել է պատասխանատվության զգացում ու ոչ մի դեպքում չհանձնվելու ու մինչև վերջ պայքարելու ունակություն։ Պորֆիրևն էլ Շախլինին խորհուրդ է տվել գնալ սովորելու Կիևի ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ 1955 թվականին Բորիս Շախլինն ավարտել է Կիևի ֆիզկուլտուրայի ինստիտուտը։

Պարապելով փորձառու մարզիչ Ա. Միշակովի գլխավորությամբ (նրա սաների թվում է եղել նաև լեգենդար մարմնամարզուհի Լարիսա Լատինինան)՝ Բորիս Շախլինը 22 տարեկան հասակում ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Հռոմում անցկացված աշխարհի առաջնությանը և հաղթել թիմային առաջնությունում։ Նույն թվականին նա առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն։ 1956 թվականին Բորիս Շախլինը դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Նա մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի (1956-1964)՝ ընդհանուր առմամբ արժանանալով 7 ոսկե մեդալների։ Բորիս Շախլինն աչքի է ընկել հանգստությամբ ու սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ։ 1955 թվականի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակից հետո լրագրողները նրան կոչել են «ռուս արջ», որ դուրս է եկել տախտակամած ու ճխլել բոլորին։

35 տարեկան հասակում Բորիս Շախլինը սրտամկանի ինֆարկտի պատճառով ստիպված է եղել ավարտել իր մարզական կարիերան։

1968 թվականին նա դարձել է միջազգային կարգի մրցավար։ 1970-ական թվականների սկզբին Շախլինն ընտրվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի փոխնախագահ։ Կոմիտեում նա աշխատել է մինչև 1992 թվականը։ 1990-ական և 2000-ական թվականներին նա դասավանդել է Կիևի ֆիզկուլտուրայի ինստիտուտում[1]։

Բորիս Շախլինն ապրել է Կիևում։ Նա արժանացել է Իշիմի՝ իր ծննդավայրի, ու Կիևի պատվավոր քաղաքացու կոչման[2]։ 2002 թվականին նա ընդգրկվել է Մարմնամարզության միջազգային փառքի սրահում[1][3]։

Բորիս Շախլինը մահացել է 2008 թվականի մայիսի 30-ին[4] Կիևում։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը։

Բորիս Շախլինը Ռուսաստանի՝ 2014 թվականին թողարկված արծաթե հուշադրամի վրա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի մարտի 25-ին Մոնղոլիայի փոստը թողարկել է փոստային նամականիշների շարք (№ 520-527 + փոստային բլոկ № 120)։ № 525 նամականիշի վրա պատկերված է Բորիս Շախլինը ձիագերանի վրա վարժություն կատարելիս։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1956)
  • Լենինի շքանշան (1960)
  • «Պատվո նշան» շքանշան (1964)
  • «Ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (19 հունվարի, 2002)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Моя гимнастика. — М., 1973.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Շախլին» հոդվածին։