Բորիս Շախլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Շախլին
De Russische Boris Chaklin in aktie aan de ringen, Bestanddeelnr 919-5889.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ` արական
Բնօրինակ անուն` Борис Шахлин
Ազգություն` ռուս
Մասնագիտացում` մարմնամարզիկ
Երկիր` Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ` 1932 հունվարի 27
Ծննդավայր` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իշիմ, Տյումենի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ` մայիսի 30, 2008(2008-05-30) (տարիքը 76)
Մահվան վայր` Ուկրաինա Կիև, Ուկրաինա
Մարզիչ(ներ)` Ա. Միշակով
Հասակ` 171 սմ
Քաշ` 71 կգ

Բորիս Անֆիյանովիչ Շախլին (ռուս.՝ Борис Анфиянович Шахлин, 27 հունվարի, 1932, Իշիմ, Տյումենի մարզ, ԽՍՀՄ - 30 մայիսի, 2008, Կիև, Ուկրաինա), խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1955)։ Օլիմպիական խաղերի յոթակի չեմպիոն (1956 - վարժություններ ձիագերանի վրա, թիմային առաջնություն, 1960 - բացարձակ առաջնություն, վարժություններ ձիագերանի վրա, վարժություններ զուգափայտերի վրա, հենացատկ, 1964 - վարժություններ մարզաձողի վրա)։ Աշխարհի (1958), Եվրոպայի (1955), ԽՍՀՄ (1954, 1957-1960, 1963) բացարձակ չեմպիոն։ Աշխարհի (1954, 1958), Եվրոպայի (1955, 1963), ԽՍՀՄ (1957-1964) չեմպիոն բազմամարտի տարբեր ձևերում։ ԽՍՀՄ գավաթակիր (1955-1962

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Շախլինը ծնվել է 1932 թվականի հունվարի 27-ին Տյումենի մարզի Իշիմ քաղաքում։ Տասներկու տարեկանում լրիվ որբացել է, ինչից հետո եղբոր հետ ապրել է տատի մոտ։ 1944 թվականին սկսել է հաճախել մարմնամարզական խմբակ։ Բորիս Շախլինի առաջին մարզիչը եղել է Վ. Պորֆիրևը, ով նրա մոտ դաստիարակել է պատասխանատվության զգացում ու ոչ մի դեպքում չհանձնվելու ու մինչև վերջ պայքարելու ունակություն։ Պորֆիրևն էլ Շախլինին խորհուրդ է տվել գնալ սովորելու Կիևի ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ 1955 թվականին Բորիս Շախլինն ավարտել է Կիևի ֆիզկուլտուրայի ինստիտուտը։

Պարապելով փորձառու մարզիչ Ա. Միշակովի գլխավորությամբ (նրա սաների թվում է եղել նաև լեգենդար մարմնամարզուհի Լարիսա Լատինինան)՝ Բորիս Շախլինը 22 տարեկան հասակում ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Հռոմում անցկացված աշխարհի առաջնությանը և հաղթել թիմային առաջնությունում։ Նույն թվականին նա առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն։ 1956 թվականին Բորիս Շախլինը դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Նա մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի (1956-1964)՝ ընդհանուր առմամբ արժանանալով 7 ոսկե մեդալների։ Բորիս Շախլինն աչքի է ընկել հանգստությամբ ու սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ։ 1955 թվականի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակից հետո լրագրողները նրան կոչել են «ռուս արջ», որ դուրս է եկել տախտակամած ու ճխլել բոլորին։

35 տարեկան հասակում Բորիս Շախլինը սրտամկանի ինֆարկտի պատճառով ստիպված է եղել ավարտել իր մարզական կարիերան։

1968 թվականին նա դարձել է միջազգային կարգի մրցավար։ 1970-ական թվականների սկզբին Շախլինն ընտրվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի փոխնախագահ։ Կոմիտեում նա աշխատել է մինչև 1992 թվականը։ 1990-ական և 2000-ական թվականներին նա դասավանդել է Կիևի ֆիզկուլտուրայի ինստիտուտում[1]:

Բորիս Շախլինն ապրել է Կիևում։ Նա արժանացել է Իշիմի՝ իր ծննդավայրի, ու Կիևի պատվավոր քաղաքացու կոչման[2]: 2002 թվականին նա ընդգրկվել է Մարմնամարզության միջազգային փառքի սրահում[1][3]:

Բորիս Շախլինը մահացել է 2008 թվականի մայիսի 30-ին[4] Կիևում։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը։

Բորիս Շախլինը Ռուսաստանի՝ 2014 թվականին թողարկված արծաթե հուշադրամի վրա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի մարտի 25-ին Մոնղոլիայի փոստը թողարկել է փոստային նամականիշների շարք (№ 520-527 + փոստային բլոկ № 120)։ № 525 նամականիշի վրա պատկերված է Բորիս Շախլինը ձիագերանի վրա վարժություն կատարելիս։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1956)
  • Լենինի շքանշան (1960)
  • «Պատվո նշան» շքանշան (1964)
  • «Ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (19 հունվարի, 2002)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Моя гимнастика. — М., 1973.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "Boris Shakhlin, 1932-2008" Amanda Turner International Gymnast, May 30, 2008
  2. Borys Shakhlin. sports-reference.com
  3. International Gymnastics Hall of Fame
  4. Boris Shakhlin

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]