Jump to content

Բյուրեղային կառուցվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատրիումի քլորիդի բյուրեղային կառուցվածքը
Նռնաքարն ունի ռոմբաձև ու դոդեկաէդրաձև բյուրեղային կառուցվածք

Բյուրեղային կառուցվածք, ատոմների այնպիսի ամբողջություն, որում բյուրեղային ցանցի յուրաքանչյուր կետի հետ կապված է ատոմների հատուկ խումբ, որը կոչվում է տարրական բջիջ, և բոլոր այդպիսի խմբերը նույնական են ցանցի կազմի, կառուցվածքի և կողմնորոշման հետ։ Կարելի է համարել, որ կառուցվածքն առաջանում է ցանցի և տարրական բջիջի սինթեզման՝ տարրական բջիջի բազմակի տարածման արդյունքում[1]։

Ամենապարզ դեպքում տարրական բջիջը բաղկացած է մեկ ատոմից, օրինակ, պղնձի կամ երկաթի բյուրեղներում։ Նման տարրական բջիջից բխող կառուցվածքը երկրաչափորեն շատ նման է ցանցին, բայց տարբերվում է նրանով, որ այն կազմված է ատոմներից, այլ ոչ թե կետերից։ Հաճախ այդ հանգամանքը հաշվի չի առնվում, և նման բյուրեղների համար «բյուրեղային ցանց» և «բյուրեղային կառուցվածք» տերմինները օգտագործվում են որպես հոմանիշներ, ինչը ճիշտ չէ։

Այն դեպքերում, երբ տարրական բջիջը ավելի բարդ է և բաղկացած է երկու կամ ավելի ատոմներից, ցանցի և կառուցվածքի երկրաչափական նմանություն չկա, և այդ հասկացությունների շփոթումը հանգեցնում է սխալների։ Այսպիսով, օրինակ, մագնեզիումի կամ ալմաստի կառուցվածքը երկրաչափորեն չի համընկնում ցանցի հետ. այդ կառուցվածքներում տարրական բջիջները բաղկացած են երկու ատոմից։

Բյուրեղային կառուցվածքը բնութագրող հիմնական պարամետրերը, որոնցից մի քանիսը փոխկապակցված են, հետևյալն են.

  • բյուրեղացանցի տեսակը (կարգավորություն (սինգոնիա), Բրավեի ցանց
  • տարրական բջիջին բաժին ընկնող ֆորմուլային միավորների թիվը
  • տարածական խումբ
  • տարրական բջջի պարամետրերը (գծային չափերը և անկյունները)
  • բջջում ատոմների կոորդինատները
  • բոլոր ատոմների համակարգման համարները։

Կառուցվածքի տեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրեղային կառուցվածքները, որոնք ունեն նույն տարածական խումբը և բյուրեղական դիրքերում (ուղեծրերում) ատոմների նույն բաշխումը, կազմում են կառուցվածքային տեսակներ։

Առավել հայտնի են պղնձի, մագնեզիումի, α-երկաթի, ալմաստի (պարզ նյութեր), կառուցվածքային տեսակները, նատրիումի քլորիդը, սֆալերիտը, վուրցիտը, ցեզիումի քլորիդը, ֆլուորիտը (երկուական միացություններ), պերովսկիտը, շպինելը (եռակի միացություններ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««КРИСТАЛЛИЧЕСКАЯ СТРУКТУРА» в химической энциклопедии». Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ф. Ф. Греков, Г. Б. Рябенко, Ю. П. Смирнов: «Структурная кристаллография», издательство ЛГПИ, Ленинград 1988.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]