Բելգիան Երկրորդ համաշխարհային պատերազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանական հեծելազորային շքերթը Բրյուսելում` 1940 թվականի մայիսին տեղի ունեցած Բելգիայի օկուպացիայից հետո։

Բելգիան Երկրորդ համաշխարհային պատերազմում, Բելգիայի մասնակցությունը 1939-1945 թվականներին տեղի ունեցած Երկրորդ աշխարհամարտի ռազմական գործողություններին։ Չնայած նախապատերազմական փուլում թագավորության ընդունած չեզոք դիրքին (1936 թվականից ի վեր այս պետությունը հռչակել էր ցանկացած պատերազմում նեյտրալ լինելու մասին) , Բելգիան և իր գաղութները 1940 թվականի մայիսի 10-ին սեփական կամքից անկախ ներքաշվում են պատերազմական գործողությունների մեջ՝ ի հետևանք գերմանական ուժերի ռազմախուժման։ 18-օրյա մարտերից հետո բելգիական զորքերը չկարողանալով դիմագրավել գերմանական ագրեսիային, դուրս են մղվում երկրի հյուսիս-արևելք և անձնատուր լինում։ Արդյունքում Բելգիայում հաստատվում է նացիստների օկուպացիոն վարչակարգը, որը պահպանվում է մինչև 1944 թվականը։ Մայիսի 28-ին կառավարող միապետ Լեոպոլդ III-ը, առանց կառավարության անդամների հետ խորհրդակցության, հանձնում է իշխանությունը․ այս հանգամանքը պատերազմի ավարտից և Բելգիայի ազատագրումից հետո դառնում է քաղաքական ճգնաժամի շարժառիթ։ Չնայած կառավարության կապիտուլյացիային, բազմաթիվ բելգիացիներ կարողանում են փախչել Միացյալ Թագավորություն և միանալով դաշնակիցներին՝ պայքարել ընդդեմ Հիտլերյան Գերմանիայի իմպերիալիստական կեցվածքի։

Բրյուսելի նվաճումից հետո անգամ Բելգիական Կոնգոն հավատարիմ է մնում Լոնդոնում ձևավորված Բելգիայի վտարանդի կառավարությանը՝ զգալի նյութական ու մարդկային ռեսուրսներ տրամադրելով դաշնակիցներին։ Ի պատասխան գերմանական ռազմական բռնազավթման՝ բելգիացիները կազմավորում են դիմադրության շարժումներ, չնայած շատ բելգիացիներ օկուպացիոն վարչակարգի հաստատումից հետո անցնում են նվաճողների կողմը։ Նացիստների հաստատած ռեժիմի օրոք գերմանական «ՍՍ»-ի «Մեռած գլուխ» ստորաբաժանումները հաշվեհարդար են տեսնում Բելգիայում բնակվող շուրջ 25 հազար հրեաների նկատմամբ։

1944 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում դաշնակիցների զորաբանակներն ազատագրում են Բելգիայի տարածքի մեծ մասը։ Բելգիան վերջնականապես ազատագրվում է միայն 1945 թվականի սկզբին և ոչնչացվում է երկրում տեղակայված վերջին հենակետը։ Ընդհանուր հաշվով հակամարտության ընթացքում զոհվում է շուրջ 88 հազար բելգիացի (կազմում է ողջ Բելգիայի նախապատերազմական բնակչության 1.05%-ը)[1]։ Կրճատվում է նաև թագավորության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 8 տոկոսը[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին Բելգիայի տնտեսությունը փորձում էր վերականգնվել Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով առաջ եկած սոցիալ-տնտեսական քաոսից։ Մեծ ճգնաժամի հետևանքով աննախադեպ ծավալների է հասնում գործազրկությունը։ 1932 թվականին այդ ցուցանիշը կազմում է 23,5%, մինչդեռ Ֆրանկլին Ռուզվելտի վարչակարգի տնտեսական քաղաքականության «Նոր կուրս»-ի ներդրման արդյունքում այդ թիվը 1937 թվականին նվազում է մինչև 15%։

Այս իրադրության ֆոնին միևնույն ժամանակահատվածում Վալոնիայում և Ֆլանդրիայում նկատվում է որոշ ամբողջատիրական հակումներ ունեցող, ֆաշիստական կուսակցությունների ժողովրդականության նկատելի աճ։ Արդյունքում, 1936 թվականի ընտրությունների ժամանակ այդ կուսակցություններից մեկը՝ ֆրանսախոս, ծայրահեղական աջակողմյան Ռեքսիստական կուսակցությունը հավաքում է քվեների 11,6%-ը։ Այնուամենայնիվ, 3 տարվա ընթացքում ռեքսիստները կորցնում են իրենց մանդատները և 1939 թվականի ընտրությունների արդյունքում դուրս մղվում Բելգիայի քաղաքական ասպարեզից։

Չեզոքություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում կրած ծանր և անդառնալի կորուստները, Բելգիայի իշխանությունները հակամարտության կողմ դառնալու շահագրգռվածություններ բացառապես չունեին։ 1936 թվականի հոկտեմբերին Լեոպոլդ III-ը հայտարարում է, որ Եվրոպայում նոր պատերազմի սանձազերծման դեպքում Բելգիան հաստատակամորեն կմնա չեզոք՝ որպես իր, այսպես կոչված, «անկախ քաղաքականության» գործնական ապացույց։ Փորձելով հավատարիմ մնալ չեզոքության նախապայմանին, Բելգիան մերժում է դաշինքներ կազմելու կամ ռազմաքաղաքական ճամբարներում միավորվելու բոլոր առաջարկությունները․ մասնավորապես՝ թագավորությունը հեռանում է իրավարարության վերաբերյալ Լոկառնոյի պայմանագրերից, չեղյալ ճանաչում 1920 թվականին Ֆրանսիայի հետ կնքված պաշտպանության մասին պայմանագիրը և 1937 թվականին չեզոքության (անվտանգության) երաշխիքներ ստանում Երրորդ Ռայխից։

Գերմանիայի կառավարությունը գտնում է, որ Բելգիայի տարածքայինանձեռնմխելիությունն ու ամբողջականության պաշտպանությունը բխում է արևմտյան տերությունների ընդհանուր շահերից։ Այսպիսով, Գերմանիան հաստատում է իր վճռականությունը որևէ պարագայում չխանգարելու այդ անձեռնմխելիության և ամբողջականության պաշտպանությանը՝ ի հարգանս Բելգիայի։
- Բելգիայի չեզոքության վերաբերյալ Հիտլերյան կառավարության չեզոքության երաշխիքից մի հատված, հոկտեմբերի 13, 1937

1937 թվականից ի վեր Բելգիայի զորքերը սկսում են վերակազմակերպվել որպես պաշտպանական ուժեր։ Կառավարությունը սկսում է արդիականացնել երկրի կառուցապատումը, մասնավորապես՝ գերմանական սահմանի շրջակաքոււմ գտնվող Լիեժի երկրամասը։

1939 թվականի սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան պատերազմ են հայտարարում միմյանց։ Բելգիայի կառավարությունը սկսում է ուժեղացնել իրավիճակային հսկողությունը՝ ստեղծելով պաշտպանական թիկունք։

Տասնութօրյա արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի սեպտեմբերի 1-ին գերմանական ուժերը ռազմախուժում են Լեհաստան։ Չնայած չեզոքության վերաբերյալ նախնակա հայտարարությանը, Բելգիայի կառավարությունը սկսում է զորահավաք անցկացնել ողջ երկրում։ 1940 թվականի տվյալներով Բելգիական բանակի թվաքանակը տատանվում էր 600-650 հազարի միջակայքում, որը հավասար էր Բելգիայի տարածքում բնակվող տղամարդկանց շուրջ 20 տոկոսին։ Քանակական ցուցանիշով Բելգիայի զինված ուժերը մոտավորապես չորս անգամ գերազանցում էր Մեծ Բրիտանիայի էքսպեդիցիոն զորքերն և ավելի քան երկու անգամ՝ Նիդերլանդների թագավորական բանակին։

Նացիստական Գերմանիայի զորքերը Բելգիա ներխուժում են 1940 թվականի մայիսի 10-ին՝ Էրիխ ֆոն Մանշթայնի մշակած «Դեղին պլան»-ի («Պլան Գելբ») համաձայն։ Միևնույն ժամանակահատվածում նացիստական բանակը ռազմախուժման է ենթարկում նաև Ֆրանսիան, մյուս «ցածրադիր երկրներ»-ը՝ Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը։ Պատերազմական գործողությունների այս պարբերափուլը պատմությանը հայտնի է Տարօրինակ պատերազմ անվանումով, քանի որ արևմտյան ճակատում դաշնակիցները ձեռնպահ են մնում լայնամասշտաբ պաշտպանվողական գործողություններ իրականացնելուց։

Եվրոպայի ամենաարդիական պաշտպանական ցանցերից մեկը՝ Ալբերտի ջրանցքի ամրությունները, բացարձակապես անօգուտ են լինում գերմանացիների դեմ պայքարում։ Էբեն Էմալի շրջակայքում կենտրոնացած 1200 հոգանոց բելգիական կայազորի դեմ դուրս է բերվում Գերմանական Լյուֆտվաֆեի «Ֆալլշիրմյեգեր» ռազմաօդային ստորաբաժանումը․ այսպիսով, գերմանացիների համար հակամարտությունը սկսում է ընթանալ կայծակնային պատերազմի («բլիցկրիգ») տրամաբանությամբ։ Մայիսի 10-ին Լյուֆտվաֆեի կողմից ոչնչացվում են Շաֆֆենի ռազմական բազայում կենտրոնացած, Բելգիայի ռազմաօդային ուժերին պատկանող գրեթե բոլոր «Hawker Hurricane» գերժամանակակակից բրիտանական կործանիչները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Frumkin, Grzegorz (1951). Population Changes in Europe Since 1939. Geneva: A.M. Kelley.
  2. «Belgium after World War II». Encyclopædia Britannica.