Jump to content

Արևի բուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրգ
Արևի բուրգ
անգլ.՝ Pyramid of the Sun
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրման թվական200 թվական
Քարտեզ
Քարտեզ

Արևի բուրգ (անգլ.՝ Pyramid of the Sun), Տեոտիուական քաղաքի խոշորագույն շինություն, Մեզոամերիկայի ամենախոշոր շինությունների մեկը։ Գտնվում է Լուսնի բուրգի ու Միջնաբերդի միջև՝ Սերո Գորդո լեռնազանգվածի ստվերում։ Տաճարական մեծ համալիրի մի մաս է եղել։ Բուրգը գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից 40 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 64.01 մ է (200 ֆուտ)[1]:

Արևի բուրգ անվանումը տվել են ացտեկները, որոնք 13-րդ դարում հաստատվել էին այն ժամանակ լքված Տեոտիուականում։ Նրանք ենթադրել են, որ այդ տեղում մի անգամ հավաքվել են աստվածները, որպեսզի տիեզերքը հագեցնեն նոր ուժերով։ Այստեղից էլ առաջացել է Տեոտիուական անունը, որ նշանակում է «տեղանք, որտեղ մարդիկ աստվածներ են դարձել»[2]։ Ինչպես են բուրգն անվանել տեոտիուականցիները՝ անհայտ է։

Բուրգի շինություն և կողմնորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգը բաղկացած է երկու մակարդակից։ Առաջինը կառուցվել է մոտավորապես մ. թ. 100 թվականին։ Նրա երկարությունը միայն 3 %-ով է զիջում Գիզայում գտնվող Քեոփսի բուրգին[3]։ Բուրգի հիմքի մակերեսը 64 մ է, ինչի շնորհիվ բուրգը մեծությամբ երրորդն է աշխարհում Չոլուլայի Մեծ բուրգից (77 մ) և Քեոփսի բուրգից (146 մ) հետո[4]։ Երկրորդ մակարդակում գոյություն է ունեցել մեր օրեր չհասած խորանը, որը կառուցվել է 3-րդ դարի սկզբին՝ մոտավորապես այն նույն ժամանակ, երբ կառուցվել են Միջնաբերդն ու Շոչիկալկոյի Կետցալկոատլը։ Մինչև հնագիտական պեղումների սկսվելը տաճարի վերին հատվածի ավերումը՝ բնական կամ մարդկային գործոնով պայմանավորված, թույլ չի տվել որոշել, թե այն որ աստվածության պաշտամունքին է նվիրված եղել։ Բուրգի մակերևույթը տեոտիուականցիները ներկել են ոչ հեռվում գտնվող կրաքարի լուծույթով և պատել վառ որմնանկարներով։ Ժամանակի ընթացքում ծեփն ու գույնը թափվել են. պահպանվել են միայն հովազի թաթերի և գլխի, օձի որմնապատկերներից որոշակի դրվագներ։

Հավանաբար բուրգն ունեցել է մարդաբանական նշանակություն։ Այն ուղղված է հյուսիս-արևմուտք՝ դեպի արևի մայրամուտի կետը զենիթում, երբ տարվա մեջ երկու անգամ՝ օգոստոսի 12-ին և ապրիլի 29-ին, նախորոշվել է տեոտիուականցիների օրացուցային տարին։ Օգոստոսի 12-ը հատկանշական է նրանով, որ այն նշանավորում է նոր թվագրության սկիզբը և համարվում է մայաների օրացույցի մեկնարկային կետ։ Բացի այդ՝ բուրգից կատարվել են աստղագիտական դիտարկումներ, որոնք անհրաժեշտ են եղել գյուղատնտեսության պլանավորման և կրոնական ծիսակատարությունների տեսանկյունից։

Ժամանակակից հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևի բուրգ, Տեոտիուական
Բուրգի նախնական տեսքի կերպարանքի մանրակերտ

Արևի բուրգի լայնամասշտաբ ուսումնասիրություններ են կատարվել 1906 թվականին Մեքսիկայի նախագահ Պորֆիրիո Դիասի հանձնարարականով Լեոպոլդ Բատրեսի ղեկավարությամբ։ Միաժամանակ նպատակ է դրվել ընդգծելու Մեքսիկայում նախակոլումբոսյան շրջանի մշակութային հարստությունը և պատրաստվելու Մեքսիկայի անկախության 100-ամյա հոբելյանին (1910)[5]։

1971 թվականին կազմակերպվել են նոր պեղումներ և հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ Արևի բուրգի տակ կա ձեռակերտ թունել։ Այն տանում է դեպի քարանձավ, որը գտնվում է 6 մ խորության վրա՝ ուղիղ բուրգի տակ[6]։ Սկզբում կարծում էին, որ թունելը բնական ծագմում ունի և առաջացել է լավայի հոսքի արդյունքում, իսկ քարանձավը, ացտեկների դիցաբանության համաձայն, լեգենդար Չիկոմոստոկն է՝ մարդկության նախահայրենիքը։ Սակայն վերջին ժամանակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թունելն ու քարանձավը կառուցել են մարդիկ, և դրանք հավանաբար եղել են թագավորական ընդհանուր դամբարաններ[7].: Մյուոնային դետեկտորի օգնությամբ բուրգի տարածքում այլ խցիկներ բացահայտելու փորձ է արվել, սակայն մշտական թալանը թույլ չի տվել տեսախցիկներին իրենց նշանակությամբ ծառայել։

Բուրգի շրջակայքում հայտնաբերվել են որոշ արտեֆակտներ։ Օբսիդիանից ծայրակալներ և մարդկային կերպարանքով իրեր են հայտնաբերվել Արևի բուրգի հարևանությամբ գտնվող Լուսնի բուրգում և Փետրավոր օձի տաճարում, որոնք հավանաբար վկայում են կատարված զոհաբերությունների մասին։ Յուրօրնակ պատմական գտածո է հյայտնաբերվել բուրգի ստորոտի մոտ 19-րդ դարի վերջին. դա տեոտիուականյան օցելոտն է, որ ներկայումս իր հանգրվանն է գտել Բրիտանական թանգարանում[8]։ Գտածոն թվագրվում է մ. թ. ա 150 - մ. թ. 750 թվականների միջակայքում ընկած ժամանակահատվածին։ Բուրգի անկյուններում հայտնաբերվել են մանուկների թաղման վայրեր, որոնք, ինչպես համարվում է, զոհաբերվել են[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rene Millon, Bruce Drewitt Earlier Structures within the Pyramid of the Sun at Teotihuacάn(անգլ.) // American Antiquity. — 1961. — В. 26. — С. 371—380.
  2. 2,0 2,1 Hans-Joachim Löwer (05.11.2006). «Ruinenstadt Teotihuacán: Gräbersuche in der Stadt der Menschenopfer». Spiegel Online.
  3. «Unexplained Mysteries around the world» (անգլերեն). WORLD MYSTERIES. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  4. «World Mysteries — Mystic Places: Teotihuacan, history, photos, astronomical alignment». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Mexique : Teotihuacán - Pyramide du Soleil» (ֆրանսերեն). www.baudelet.net. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  6. «Teotihuacan / La Pirámide del Sol». www.uv.es. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  7. Šprajc, Ivan Astronomical Alignments at Teotihuacan, Mexico // Latin American Antiquity. — 2000. — № 11 (4). — С. 410.
  8. «British Museum Highlights».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևի բուրգ» հոդվածին։